Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։
Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցն առաջին անգամ, առանձին գլխով, ներառում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ ներկայացված առաջարկությունների կատարման արդյունքների ամփոփումը։
Նշվածի վերաբերյալ տարվա ընթացքում Պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել են թիրախային քննարկումներ՝ ներկայացված առաջարկությունների իրագործման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով, որոնց մասնակցել են իրավասու պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Զեկույցում մանրամասն ուսումնասիրվել են հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումներում ձերբակալված անձանց պահման վայրերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։
Կարդացեք նաև
Վերլուծության են ենթարկվել նաև դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, ինչպես նաև նրանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների հարմարավետությունն ու փոխադրման ընթացքում բավարար պայմանների ապահովման հարցերը, որոնց լուծման նպատակով ներկայացվել են առաջարկություններ։
Զեկույցում առանձին գլխով անդրադարձ է կատարվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի օրենսդրական արգելքի և դրա գործնական կիրառման հարցերին, նշված գործերի քննության բնագավառում առկա, ինչպես նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից արձանագրված այլ խնդիրներին։ Բացի այդ, առանձին գլխով ներկայացվել են շուրջօրյա խնամքի հաստատություններում պահվող անձանց իրավունքների ապահովման վիճակի մշտադիտարկման արդյունքները։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ իրավասու մարմինների հետ արդյունավետ և համակարգված համագործակցության կարևորությունը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ