«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Սարիկ Մինասյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխող ուժին էր վերագրել «Իմ Գյումրի» ծրագրով 5 շենքերի կառուցումը, մինչդեռ 2014-ից գործող այդ ծրագիրը ստեղծվել է ամերիկյան հիմնադրամի հետ միասին՝ Ռոբերտ Օղլախչյանի գործուն մասնակցությամբ:
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանի (լուսանկարում) հետ: «Դա սովորական ՔՊ-ական ստախոսության դրսեւորում էր, որովհետեւ այդ ծրագիրը շատ ավելի շուտ կազմված ծրագիր էր, այդ ծրագրի ֆինանսավորումը շատ ավելի շուտ էր հայթայթվել եւ կազմակերպվել: Այսինքն, ՔՊ-ն այստեղ բացարձակապես որեւէ ներդրում չուներ, ինչպես ներդրում չուներ, օրինակ, Գյումրու կենտրոնական փողոցների վերանորոգման հետ կապված:
Ասեմ ավելին, դա ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ իրականացված ծրագիր էր, որր կարծեմ 2015-ին էր հաստատվել եւ նույնիսկ ԱԺ-ում այդ ծրագրին դեմ էր քվեարկել անձամբ Նիկոլ Փաշինյանը, բայց հետագայում 7 տարի անընդմեջ փորձեցին ներկայացնել, թե տեսեք մենք ինչ լավն ենք, ինչ պուպուշ ենք, եկանք, ձեր համար ասֆալտ արեցինք եւ այլն:
Ու առհասարակ քարոզարշավի ժամանակ մենք ի՞նչ էինք տեսնում՝ հիմնականում փոքր, էժանագին ինչ-որ բաներ, ընդ որում՝ նախորդ իշխանություններից թողած լույսեր, լամպչկաներ քաշել, որի մասին գյումրեցիները հումորով ասում են՝ ոնց որ մեռելի լույս լինի: Էն, որ մեկը մահանում է, շքամուտքի մոտի էդպիսի լույս են դնում… խոշոր հաշվով ՔՊ-ն Գյումրիի համար ընդամենը մեկ բան է արել՝ ընդլայնել է Գյումրիի պանթեոնը, ինչն արել է ամբողջ Հայաստանում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ այդքան քաղաքական ուժեր ու դաշինքներ մասնակցեցին Գյումրիի ավագանու ընտրություններին, խոստումներ տվեցին, հատկապես ինչի՞ կարիք ունի Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը՝ Գյումրին, մի՞թե ասֆալտապատումն ու փողոցային լուսավորությունն են առաջնայինը, ինչպես պնդում են որոշ թեկնածուներ, Կարապետ Պողոսյանն այսպես արձագանքեց. «Ցանկացած հայ մարդ այս պահին առաջին հերթին ունի շատ լուրջ կարիք իր արժանապատվությունը վերականգնելու: Այս պարտված վիճակում նույնիսկ երեխաներիդ չես կարող դաստիարակել, որովհետեւ դու չունես օրինակ, որ այդ օրինակով դաստիարակես, սեր մտցնես նրա մեջ՝ առ հայրենիք: Եվ երկրորդ, ոչ միայն Գյումրիի, այլեւ Հայաստանի ամենամեծ խնդիրը անվտանգային խնդիրն է, ինչը նաեւ գյումրեցին է շատ լավ գիտակցում, առավել եւս, որ գյումրեցին արդեն իսկ մեկ անգամ կորցրել է իր տունը, իր ստեղծածը: Այսօր մեր արցախցի հայրենակիցներին տեսելով՝ ցանկացած գյումրեցու մոտ այդ տխուր հիշողություններն ու վախերը վերականգնվում են, իսկ խճապատման, ասֆալտի թեմայով եւ նման այլ էժանագին քարոզչությունները որեւէ մեկին հետաքրքիր չեն: Մեզ մեր արժանապատվությունը, անվտանգությունը, մեր իրական հպարտությունն է պետք վերականգնել»:
Մեր հարցին՝ էլ ի՞նչ հրամայականներ կան ծառացած Գյումրու առաջ, Կարապետ Պողոսյանն այսպես պատասխանեց. «Սոցիալական խնդիրներն են չափազանց լուրջ, որոնք օր օրի ավելի են սրվում՝ պայմանավորված երկրում կեղծ տնտեսական աճով, որն իր հերթին բերում է մանր ու միջին բիզնեսի կործանմանը, իսկ Գյումրին վերջին 30 տարիներին ապրել էր մանր ու միջին բիզնեսի շնորհիվ: Այսօր այդ դաշտում ունենք բավականին լուրջ կորուստներ, նաեւ գնաճ, որը բերում է սոցիալական վիճակի կտրուկ անկումների»:
Իսկ իր տպավորությամբ՝ ինչո՞ւ Գյումրիում ընտրություններին չգրանցվեց այնպիսի արդյունք, ինչպես Փարաքարում եղավ: Մեր զրուցակիցն այսպես մեկնաբանեց. «Գյումրիում ժողովուրդը գնաց ոչ թե կոնկրետ որեւէ մեկի օգտին քվեարկելու, այլ գնաց դեմ քվեարկելու Փաշինյանին: Սովորաբար, երբ դու ընտրություն ես կատարում ինչ-որ մեկի դեմ եւ ոչ թե հանուն, միշտ չէ, որ ստացվում է այն պատկերը, ինչ պետք է: Դրա համար էլ այսօր շատ շատերը, որոնց համար ավելի գնահատելի է պետականությունը, համոզված են եւ պնդում են այն միտքը, որ Փաշինյանի հետ չի կարելի գնալ ընտրության, որովհետեւ անկախ ամեն ինչ՝ դու այդ ընտրություններում պարտվում ես»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ