«Ի՞նչ հետեւություններ պետք է անել Գյումրու ընտրությունների արդյունքներից
1.Նիկոլն ընդունակ է ամեն ինչի սեփական իշխանությունը վերարտադրելու համար ՝ նույնիսկ ՀՀ երկրորդ քաղաքում:
2.Նիկոլի մոտ դա մասամբ ստացվում է՝ կիրառելով վարչական ռեսուրս, վախի մթնոլորտ, կեղծ անցողիկ թեկնածուներ եւ այլն:
3.Ոչ մի քաղաքական ուժ, ընդդիմադիր, մենակով Նիկոլին հաղթել չի կարող, Գյումրին դա է ցույց տալիս:
Կարդացեք նաև
4.Մեր ընդդիմադիր գործընկերները տարբեր ճամբարներից իրենց հակաքարոզչության մեջ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի, մեր գործընկերների հանդեպ, պետք մի քիչ չափը պահեն, որ վաղը մյուս օր երեսատեղ ունենան միասնական պայքարի: Ընտրություններով մենակով հաղթել հնարավոր չէ»,- Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ նիստի ավարտից հետո «168 ժամի» լրագրողի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Գյումրու ընտրությունների արդյունքներին:
Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած Մարտուն Գրիգորյանից այս պահին ունեցած հանրային ու քաղաքական շրջանակների ակնկալիքներին. «Մարտունին ճանաչելով՝ վստահ եմ, որ կոնկրետ քայլեր կհետեւեն իր խոստումը կյանքի կոչելու համար»:
Արմեն Աշոտյանին հարց ուղղվեց նաեւ ԱԺ-ի կողմից ընդունված ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծի վերաբերյալ, ինչին նա այսպես արձագանքեց. «Հիշո՞ւմ եք տարածված օրինակ կա, որ եվրոպացիները մեզ ասում էին՝ ձեզ ժամադրում ենք, բայց պսակվել չենք խոստանում: Հետեւելով եվրոպական ռեակցիային՝ կասեմ՝ ոչ թե ժամադրում են ու պսակվել չեն խոստանում, կներեք բառիս համար, կենակցելու են ու չեն պսակվելու»:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կեսգիշերին մոտ անդրադարձավ համացանցում շրջանառվող ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին վերագրվող արտահայտություններին, ըստ որոնց՝ իբրեւ թե Աշոտյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանին կոչ է անում չմիանալ Վարդան Ղուկասյանին:
«Դա սուտ է, կեղծ է: Արմեն Աշոտյանը շատ փոքր հնարավորություն ունի հանրության հետ շփվելու: Այսօր այդ օրերից էր: Արմեն Աշոտյանի դատի վերջում կարճ ճեպազրույցներ են տեղի ունենում լրագրողների հետ: Այդ հարցին Աշոտյանն անդրադարձել է ու տվել տրամագծորեն տարբերվող մոտեցումներ… Իմ պաշտպանյալ Արմեն Աշոտյանին վերագրվում են իր կողմից չարտահայտված մտքեր: Նիկոլական սուտ, կեղծիք, թշնամանք, չարություն տարածող քարոզչական ապարատը փորձ է կատարում Գյումրիի ընտրություններով պայմանավորված այս լարված վիճակում կրակի վրա յուղ լցնել ու բորբոքել արդեն բորբոքված կրքերը» ,- ուղիղ եթերում ասաց Ռուբեն Մելիքյանը:
Իրավապաշտպանը նաեւ նկատեց, որ ապրիլի 1-ի առիթով, որն ընդունված անվանել ստի, խաբելու օր, քաղաքացիները կարող են շնորհավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնագիտական տոնի առիթով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ