Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդամենը պետք է օրենքում մի կետ գրվի, որ Արցախի քաղաքացիներն իրավունք ունեն ծառայել Հայաստանի բանակում, եւ Պաշտպանության բանակի 60-70 տոկոսը նորից կընդգրկվեն ծառայության»

Ապրիլ 01,2025 13:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցիներն Ազատության հրապարակում շարունակում են նստացույցը։

Նրանք վերջին հանրահավաքում պահանջագիր էին ներկայացրել ՀՀ կառավարությանը եւ սպասում են արձագանքի։

Արցախյան շարժման ակտիվիստ Գագիկ Ավանեսյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին՝ ուղղված արցախցիների բողոքի գործողությունների դեմ։

«Եթե չցանկանան հարցն ինչ-որ ձեւով լուծել, պետք է նույն ատելությունը փորձեն զարգացնել։ Բայց եթե մեր պահանջները նայեն, 4 կետից ընդամենը մեկն է սոցիալական։ Մնացած կետերը ոչ թե միայն մեզ են վերաբերում, այլ Հայաստանի ինքնիշխանության պահպանմանն ու պետության ամրապնդմանը։ Մեր հարցերն առաջ քաշելով ու դրանց լուծում տալով՝ նաեւ Հայաստանի սուբյեկտայնության հարցն ենք լուծում։ Ինձ համար զարմանալի չէ, որ փորձում են այսպիսի բաներ անել, որովհետեւ 2020 թվականի պատերազմից հետո հետևողական սեւ-սպիտակի սեւ ներկը թարմացնում են արցախցիների վրա, սեւը քսում են մեզ վրա։ Թող ասեն, թե մեր չորս կետանոց պահանջներից ո՞րն է ազդում Հայաստանի սուբյեկտայնության վրա»,- նշեց նա։

Գագիկ Ավանեսյանն ասաց, որ զարմանալի է, երբ իշխանություններն այսօր փորձում են կրճատել արցախցիների սոցիալական ծրագրերը։ Նրա խոսքով՝ միայն Եվրամիության տրամադրած 15 մլն եվրոյով հանգիստ կարելի էր լուծել արցախցիների սոցիալական խնդիրները։

«Բա դու բնակչություն ես պահում, որը քեզ համար ոչ միայն մարդկային ռեսուրս է, այլ նաեւ ռազմավարական հարց է սա, արցախցիները պատերազմով անցած մարդիկ են, միշտ էլ պատրաստ են զենք վերցնել եւ Հայաստանի Հանրապետության սահմանները պահել»,- ասաց նա։ Ընդամենը պետք է այդ հնարավորությունը տալ արցախցիներին։ Իսկ այսօրվա իշխանությունն, Ավանեսյանի խոսքով, արցախցիներին թույլ չի տալիս ծառայել ՀՀ Զինված ուժերում։ Այսինքն՝ Արցախի Պաշտպանության բանակի ներուժն այսօր չի օգտագործվում ՀՀ անվտանգության պաշտպանության հարցում։

«Ընդամենը պետք է օրենքում մի կետ գրվի, որ Արցախի քաղաքացիներն իրավունք ունեն ծառայել Հայաստանի բանակում, ու ես ձեզ հավաստիացնում եմ, որ ծառայածների 60-70 տոկոսը նորից կընդգրկվեն ծառայության։ ՊԲ ներուժն այսօր չի օգտագործվում, որովհետեւ պայման են դրել ՀՀ քաղաքացիություն ընդունել, նոր անցնել ծառայության։ Այս դեպքում անձի 18 տարին լրանում է, ավտոմատ ազատվում է ծառայությունից։ Ո՞վ կթողնի այդ բոնուսը ու կընդունի ՀՀ քաղաքացիություն։ Պետք է ընդամենը մեր անձնագրերը ճանաչել որպես Հայաստանի քաղաքացու անձնագրեր, եւ մենք պարտավորություն կունենանք, ինչպես ՀՀ քաղաքացիները»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930