Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի մանդատը վայր դնելու հայտարարությանը՝ Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշեց. «Լավ է, որ Վիլեն Գաբրիելյանը գիտակցել է իր սխալը, հուսով եմ՝ իր որոշումը բացառապես հայտնի sms-ի հետեւանք չի եղել, ինչպես ընդունված է ՔՊ-ում:
Իսկ ընդհանրապես, առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա: ՔՊ-ական պատգամավորների փողոցային գաստրոլները, պահվածքը ամենափոքր բանն են, որ ինձ մտահոգում են: Նրանք մեր պետության համար առավել կարևոր հարթակներում ավելի վատ են իրենց դրսեւորում:
Հետևաբար, այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է երկրում, այն նորանոր աղետները, որոնք Փաշինյանի գործողությունների հետեւանքով կախված են մեր երկրի ու ժողովրդի գլխին, հենց Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացներ: Ընդ որում, նա դա պետք է աներ հենց 44-օրյա պատերազմից հետո: Ամբողջ աշխարհում պարտություն բերածը հեռանում է եւ ոչ թե սոսնձվում աթոռին ու նորանոր փորձանքներ բերում:
ՔՊ-ականներ, վիլենգաբրիելյաններ, դուխներդ հերիքո՞ւմ է, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջեք: Փաշինյանի թիմը պետք է հասկանա, որ այ այսպես Վիլեն Գաբրիելյանների, Հովիկ Աղազարյանների նման իրենք հերթով գնալու են: Իհարկե, այստեղ վիլեններն ու հովիկաղազարյանները և այլք պետք է մտածեն` ինչու են իրենք sms ստանում, իսկ, օրինակ, լկտի պահվածքով հայտնի Անդրանիկ Քոչարյանը, կամ քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանը՝ ոչ»:
Կարդացեք նաև
Իսկ Վիլեն Գաբրիելյանի գրառման մեջ եղած այն մտքի վերաբերյալ, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ունի լրջագույն առողջացման կարիք, Սաթիկ Սեյրանյանը հետեւյալը հայտնեց. «Պարույր Սեւակին ցիտող Վիլեն Գաբրիելյանն իրավացի է, ՔՊ-ն առողջացման կարիք ունի, բայց երևի մոռանում է ժողովրդական հայտնի խոսքը` «ձուկը գլխից է հոտում»: Այս պարագայում, կարծում եմ՝ հիվանդն անհույս է. ԱԺ-ում վերջին օրերին Փաշինյանի կատաղության ջղաձգությունները նոպաները, որոնց ականատեսն են ժամանակ առ ժամանակ դառնում ոչ միայն հայ ժողովուրդը, այլև թշնամի և մեզ հետ ընդհանուր շահեր ունեցող երկրները, ավելի տգեղ, ամոթալի ու խայտառակ պահվածքի դրսեւորումներ են, քան Վիլեն Գաբրիելյանի պահվածքը Գյումրիում: Գոնե նա հարբած էր, ճոճվում էր, ինչը իր դեպքում բնական է, սակայն Նիկոլ Փաշինյանն անընդհատ է այդ վիճակում:
Եթե Վիլեն Գաբրիելյանը ՔՊ-ից առհասարակ դուրս գար, կհասկանայի, կմտածեի` իսկապես գիտակցել է իր սխալը, թե ինչ աղետաբեր քաղաքական միավորի ծրագրերին է մասնակից եղել, բայց նա որոշել է գնալ ձկան նեխած գլխին ավելի մոտ կանգնել:
ՔՊ-ականները թող հետեւություններ անեն, հերթով նույն ճակատագրին են արժանանալու նեխած գլխի կողմից:
Ինչ վերաբերվում է մանդատից հրաժարված ՔՊ-ականի խոսքին, թե ՔՊ-ն առողջացման կարիք ունի, ապա հավելեմ`ՔՊ-ն անհույս հիվանդ է, պետք է քաղաքական քարտեզից առհասարակ դուրս մղվի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սաթիկ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից