Լրահոս
Օրվա լրահոսը

Լենին-Քեմալ դաշինքից մինչև Էրդողան-Փաշինյան-Ալիև դաշինք` ընդդեմ Հայաստանի. «Դրօշակ»

Ապրիլ 01,2025 10:54

Մարտը հայոց պատմության մեջ նշանավորվում է մի շարք նշանակալի իրադարձություններով, որոնցից մեկն էլ 2021 թ. մարտի 16-18-ին կնքված խորհրդա-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագիրն էր:

Խորհրդաթրքական բանակցթյունները, մարտ, 1921 թ.

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում այս պայմանագիրը, բոլորս լավ գիտենք, բայց մինչև քննարկման բուն թեմային անցնելը, համառոտ խոսենք 1920 թ. Մոսկվայի պայմանագրի մասին:

Նախ մի փոքր, պայմանագրի կնքման ամսաթվի հետ կապված. մարտի 16, թե՞ մարտի 18:

«Նորահայտ փաստաթղթերի համաձայն` խնդրո առարկա պայմանագիրը ռուս-թուրքական շահերի շուրջ տեղի ունեցող «առևտրի» պատճառով իրականում կնքվել է ոչ թե մարտի 16-ին, այլ 18-ին:

Մասնավորապես թուրքերը պահանջել են նաև, որ ռուսական կողմը տարեկան վճարի իրենց 10 մլն ռուբլի՝ ոսկով:

Ռուսների զիջողականության դիմաց թուրքական կողմն իր պահանջների հարցում այնքան լկտի է գտնվել, որ, առաջադրելով «Ազգային ուխտի» համաձայն սահմանները գծել ըստ 1877-1878 թթ. պատերազմից առաջ եղած սահմանների, պահանջել է դրանում ներառել նաև Իգդիրն ու Սուրմալուն, այն դեպքում, երբ դրանք չեն մտել այդ սահմանների մեջ: Դրանք թուրքական սահմաններում չեն ընդգրկվել նաև Բրեստի պայմանագրով…

Նույն 1921 թ. մարտի 16-ին Ռուսաստանի և Անգլիայի միջև կնքվել է տնտեսական համաձայնագիր:

Բանակցությունների ընթացքում անգլիացիները պահանջել են ռուսներից, որ որպես փոխհատուցում որոշ հողային զիջումներ արվեն Հայաստանին:

Գեորգի Չիչերինը Լոնդոնում Ռուսաստանի դեսպանին հրահանգում է փոխանցել անգլիացիներին, որ չեն կարող այլևս թուրքերի առջև նման պայման դնել, քանի որ երկու երկրների միջև մարտի 16-ին պայմանագիրն արդեն կնքվել է:

Իրականում ռուսները ձգձգել են պայմանագրի կնքումը` սպասելով անգլիացիների արձագանքին և այն մարտի 16-ի հետին ամսաթվով կնքել են մարտի 18-ին1»:

Փաստորեն, Հայաստանի խորհրդայնացումից հետո, բոլշևիկներն ու թուրքերը պետք է որոշեին Հայաստանի ճակատագիրը, առանց հաշվի առնելու հայ ժողովրդի կարծիքը:

Որ հայ ժողովրդի կարծիքը հաշվի չառան, դրա մասին է վկայում նաև այն, որ խորհրդայնացված Հայաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ալեքսանդր Բեկզադյանին թույլ չտվեցին մասնակցելու բանակցություններին կամ գոնե տեղեկանալու դրանց ընթացքի մասին:

Իսկ ընթացքն ու հետևանքը հայության համար ավելի քան բացասական էին, որովհետև Հայաստանը կորցրեց իր միջազգայնորեն ճանաչված տարածքի զգալի մասը:

Մոսկվայի բանակցությունների ժամանակ քեմալական պատվիրակությունը պնդում էր, որ անհրաժեշտ է վերականգնել 1877 թ. ռուս-թուրքական նախկին պետական սահմանը, ինչը նշանակում էր, որ դեռևս 1920 թ. գարնանը Ազգերի Լիգայի (ՄԱԿ-ի նախակարապետը) կողմից ՀՀ սուվերեն տարածքում ճանաչված Կարսն ու Արդահանը փոխանցվելու էին Թուրքիային:

1920 թ. հունվարի 28-ին Կ. Պոլսի խորհրդարանը ընդունել էր «Ազգային ուխտ2» փաստաթուղթը, ըստ որի ենթադրվում էր, Օսմանյան կայսրության 1877 թ. սահմանների վերականգնում: Այլ կերպ ասած. «Թուրքիայի անբաժան մաս էին հայտարարվում ոչ միայն Արևմտյան Հայաստանի նահանգները, այլև 1878 թվականից ի վեր Սան Ստեֆանոյի և ապա Բեռլինի պայմանագրերով շուրջ 40 տարի Ռուսական կայսրության և ապա Հայաստանի Հանրապետության օրգանական մաս հանդիսացող ամբողջ Կարսի մարզը (Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի օկրուգներով) 18784 քառ. կմ տարածք3»:

Մոսկվայի պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում խորհրդային կողմը ոչ միայն ընդունեց թուրքական «Ազգային ուխտը» և համաձայնեց Թուրքիային զիջել Կարսն ու Արդահանը, այլ նաև համաձայնեց «Ազգային ուխտի» մեջ չմտնող և երբևէ Օսմանյան կայսրության տարածքին մաս չկազմած Սուրմալույի գավառն ու Իգդիր քաղաքը ևս փոխանցել Թուրքիային:

«Սուրմալուի գավառը, հայ ժողովրդի համար խորհրդանշական Մեծ ու Փոքր Մասիսներով, Իգդիրով ու Կողբով, Հայաստանի մի քանի բաժանումներից ի վեր, հանդիսացել է Արևելյան Հայաստանի օրգանական մասը և տևականորեն չի մտել Օսմանյան կայսրության մեջ, իսկ Հայաստանի անկախության հռչակումից հետո այն ՀՀ անբաժանելի մաս էր4» – բայց սա չխանգարեց, որ Լենինի կառավարությունը Թուրքիային նվիրի Սուրմալուի գավառը՝ 3174 քառ. վերստ տարածքով5 (մոտ 3688 քառ կմ – Ա.Մ.) և հայության համար ազգային խորհրդանիշ համարվող Արարատ լեռով:

Ստանալով Սուրմալույի գավառը, թուրքերը ընդհուպ մոտեցան հայկական Նախիջևանին, որը «Ազգային ուխտի» հետ որևէ կապ չուներ, բայց պանթյուրքիստական քաղաքականության տեսանկյունից, Թուրքիայի համար շատ կարևոր նշանակություն ուներ. Ադրբեջանի հետ միավորվելու և պանթյուրքիզմի ծրագրի առաջին փուլն ավարտին հասցնելու առումով:

Ի վերջո, Թուրքիան հասավ իր նպատակին և պոկեց Նախիջևանի գավառը (5500 քառ կմ) Ադրբեջանի համար, պայմանով, որ «Ադրբեջանի հովանու տակ անցնող Նախիջևանի ինքնավար մարզի հովանավորությունը չի զիջվի մի երրորդ պետության6»- մեծ ջանքեր չեն պահանջվում հասկանալու համար, որ «երրորդ պետության» անվան տակ, հասկացվում էր Հայաստանը:

«Մոսկվայի պայմանագրով Նախիջևանի երկրամասի հանձնումը Ադրբեջանին, Հայաստանի համար տարածքային զգալի կորուստ (5500 քառ. կմ) լինելուց բացի, վնասակար էր նաև ռազմավարական տեսակետից:

Դրանով փաստորեն Հայաստանի թիկունքում՝ Արաքսի ձախ ափին, ստեղծվում էր թշնամական մի հենակետ, որը կապող օղակ էր դառնում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև և գործուն սպառնալիք՝ Զանգեզուրի ու Արցախի համար7»:

Այսպիսով, 1921 թ. մարտին կնքված խորհրդա-թուրքական պայմանագիրով Թուրքիան ստացավ ոչ միայն «Ազգային ուխտով» սահմանվածը, այլ նաև Վրաստանին զիջելով Բաթումը, ստացավ Սուրմալուի գավառն ու, ի օգուտ Ադրբեջանի, Հայաստանից կորզեց Նախիջևանի գավառը:

Բացի վերը նշվածից, խորհրդային իշխանությունները Հայաստանի անունից հրաժարվեցին 1920 թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրից, այդ մասին Մոսկվայի պայմանագրի 1-ին հոդվածը սահմանում էր.«Կողմերից յուրաքանչյուրը սկզբունքորեն համաձայն է չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտ, եթե կողմերից մեկին ուժով հարկադրեն ընդունել: Ռուսաստանի կառավարությունը համաձայն է չճանաչել Թուրքիային վերաբերող և այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող նրա ազգային կառավարության չճանաչած որևէ միջազգային ակտ8»:

Մոսկվայի 1921 թ. մարտի 18-ի պայմանագիրը կնքման պահից անօրինական է, և միջազգային իրավունքի տեսակետից իրավական որևէ ուժ չունի` առաջին հերթին այն պատճառով, որ կնքվել է երկու ապօրինի գործող կառավարությունների միջև, որովհետև «մինչև 1922 թ. նոյեմբերը՝ սուլթան Մեհմեդ 6-րդի կողմից Թուրքիան լքելը, սուլթանի կառավարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը, և, ըստ Օսմանյան կայսրության Սահմանադրության 7-րդ հոդվածի, միայն սուլթանը կարող էր լիազորել որևէ անձի հանդես գալու երկրի անունից9»։ Ինչ վերաբերում է ՌԽՖՍՀ-ին, ապա նրա միջազգային ճանաչման հիմքը դրվեց միայն 1924 թ. փետրվարի 1-ին, Մեծ Բրիտանիայի կողմից ճանաչմամբ:

Այս երկու հանգամանքից բացի, կա մեկ այլ փաստ, որն իրավական տեսանկյունից չափազանց կարևոր է` Մոսկվայի խորհրդա-թուրքական եղբայրության և բարեկամության պայմանագրի կնքումից` 1921 թ. մարտի 18-ից մեկ ամիս առաջ` 1921 թ. փետրվարի 18-ին Հայաստանում տեղի էր ունեցել հակախորհրդային ապստամբություն, Հայաստանը ազատագրվել էր խորհրդային լծից, և վերականգնվել էին ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը, այսինքն, Լենինն ու Քեմալը որոշում էին մի երկրի ճակատագիր, որի օրինական կառավարությունը կամ այդ կառավարության լիազորված ներկայացուցիչը չէին:

Մոսկվայի բոլշևիկյան կառավարության անօրինական պայմանագրի շղթաներից ազատվելու գործում մեզ կարող է օգնել միջազգային իրավունքը, մասնավորապես «Միջազգային պայմանագրի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիան (որի մասին խոսել ենք 2020 թ. մարտի «Դրօշակի» թիվ 3 համարում տպագրված հոդվածում):

Ինչ-ինչ քաղաքական պատճառներով, հետանկախական նախորդ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի իշխանությունները Մոսկվայի պայմանագրի Հայաստանին վերաբերող կետերի չեղարկումը օրակարգ չեն բերել, իսկ այսօր` Նիկոլ Փաշինյանի կառավարման պայմաններում այդ մասին խոսելն անիմաստ է, քանի որ Փաշինյանն ինքը 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրեց մի համաձայնագիր, որը Մոսկվայի պայմանագրից ոչ պակաս խայտառակ ու հակահայկական է:

Եթե Մոսկվայի պայմանագրի դեպքում ասում ենք, որ այն կնքվեց Հայաստանի օրինական կառավարիչը չհամարվող և թաթարական (ժամանակակից եզրույթով ադրբեջանական) ծագում ունեցող Լենինի ու թուրք Քեմալի միջև, ապա 2020 թ. նոյեմբերի 9-ի Մոսկվայի համաձայնագիրը ստորագրողը Հայաստանի ղեկավարն է, որը սակայն, վերազանցել է իր լիազորությունները և նման փաստաթուղթ ստորագրելու, ինչպես նաև 2022 թ. Պրահայում Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու ժամանակ չի առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ և չի անցկացրել համաժողովրդական հանրաքվե, ավելի՛ն, այն չի քննարկվել պետության գլխավոր ներկայացուցչական մարմնում` ԱԺ-ում մինչդեռ, ըստ ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ…

Բացի այդ, այս դեպքում ևս, գործում է Վիեննայի կոնվենցիան, որովհետև փաստացի Նիկոլ Փաշինյանը Արցախի ժողովրդի ընտրված ներկայացուցիչը չէր և իրավունք չուներ Արցախի ժողովրդի անունից կամ նրա վերաբերյալ որևէ փաստաթուղթ ստորագրելու:

Փաստորեն, 1921 թ. մարտի 18-ի Մոսկվայի պայմանագրով Հայաստանը կորցրեց Կարսի մարզը, Սուրմալուի գավառն ու Նախիջևանը (շուրջ 27 972 քառ կմ), իսկ Մոսկվայի 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով` ազատագրված Արցախի (որը փաստացի ինքնիշխան պետություն էր, և ուներ իր օրինական ընտրված ղեկավարները) 75%-ը իսկ 2022 թ. Պրահայում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելուց և բազմիցս այդ մասին հայտարարելուց հետո` 2023 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին ամբողջ Արցախը` շուրջ 12,500 քառ կմ։ Այնուհետև նույն Փաշինյանը 2023 թ. հոկտեմբերին Գրանադայում «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ԵՄ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ հանդիպմանը ստորագրել է փաստաթուղթ, որով Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86,6 հազար քառակուսի կիլոմետր՝ ներառյալ Արցախը10» – հատկանշական է, որ այդ փաստաթուղթը ստորագրել է մեկը, ով Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից չի ընտրվել և լիազորված չէր նրան ներկայացնելու։ Ի դեպ, Գրանադայի հանդիպմանը Ալիևը չի մասնակցել և փաստաթուղթը չի ստորագրել:

Նույն փաստաթղթում նշված է. «Կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29800 քառ. կմ) և Ադրբեջանի (86.600 քառ. կմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա11»- այսինքն՝ Ալիևը չի ստորագրել այն փաստաթղթի տակ, որտեղ Հայաստանի տարածքը նշված է 29,800 քառ կմ, Ադրբեջանինը` 86,600, իսկ Փաշինյանը Տավուշի գյուղերը հանձնելու նախօրյակին հայտարարեց, որ «ՀՀ տարածքի 29,800 ք/կմ-ն կլորացրած թիվ է, ճիշտը ուրիշ թիվ՝ 29,743 քկմ12»։ Այլ կերպ ասած, հանուն ադրբեջանական շահերի Նիկոլ Փաշինյանը ևս մի քիչ կրճատեց ՀՀ տարածքը, ինչը նրա դեպքում անսպասելի չէ:

Ավելի՛ն, զարմանալի չի լինի, որ ասենք հաջորդ տարի (եթե իհարկե ընտրություններում կրկին վերարտադրվի) հայտարարի, որ ՀՀ տարածքը ասենք՝ 10 կամ 15 հազար քառ կմ է, իսկ 29,743-ը «կլորացրած թիվ է»:

Հայաստանի ապագա ղեկավարները, քաղաքական բարենպաստ իրավիճակի պայմաններում Մոսկվայի պայմանագրի Հայաստանին վերաբերող կետերի չեղարկմանը կարող են հասնել` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, բայց նախ և առաջ այսօր օրախնդիր անհրաժեշտություն է «մերօրյա Լենինի», հայ ժողովրդի հայրենիքի տարածքները Ադրբեջանին նվիրող` Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռնել, որպեսզի Հայաստան պետությունը և հայ ազգը գոյություն ունենան ու կարողանան հետագայում պայքարել Մոսկվայի անօրինական պայմանագրի չեղարկման և դրա հետևանքների վերացման համար, քանի դեռ Նիկոլի՝ Մոսկվայի պայմանագրի «սինդրոմը» չի վերածվել Բեռլինի պայմանագրի «սինդրոմի», և նա Հայաստանի Հանրապետության տարածքը չի հայտարարել «Թուրքիայի հայաբնակ մարզ»։ Գաղափարական առումով, Փաշինյանի համար դժվար չէ այդ անելը, քանի որ դաժան ճակատագրի բերումով Հայաստանի ղեկավար դարձած անձը Քեմալից, Լենինից ու Էրդողանից (իհարկե երիտթուրքերին չհաշված) հետո հարյուրամյակի չորրորդ խոշոր պանթյուրքիստն է, և միանգամայն «բնական» է, որ նրա գաղափարական հենքը Մոսկվայի պայմանագիրն է (դեռևս), ոչ թե ասենք Սևրի պայմանագիրը:

Ինչ վերաբերում է հայությանը, որը միջազգայնորեն ճանաչված ՀՀ ավելի քան 70.000 քառ կմ տարածքից կորցրել է մոտավորապես 40,472 քառ/կմ-ը (Արցախի Հանրապետության տարածքը ներառյալ), ապա նա պետք է շատ լուրջ քննի իր պատմական սխալներն ու բացթողումները և մշակի ազգային ռազմավարություն` գոնե մինչև 1920 թ. թուրք-հայկական պատերազմը իր փաստացի տիրապետության տակ գտնված և միջազգայնորեն ՀՀ մաս ճանաչված տարածքները ՀՀ-ին վերադարձնելու վերաբերյալ։ Հակառակը` կամ այս ուղղությամբ ոչինչ չանելը, կարող է բերել Հայաստանի մնացած վերջին այս հողակտորը ևս կորցնելուն, ուստի հերթական անգամ կրկնում ենք այն, ինչ գրում ենք մեր վերջին շրջանի գրեթե բոլոր հոդվածներում` հայությունը ունի միայն երկու ընտրություն վահանով կամ վահանի վրա։ Այս սկզբունքը 135 տարի առաջ շատ պատկերավոր ձևակերպել են ՀՅԴ հիմնադիրները (որոնցից Քրիստափոր Միքայելյանի մահվան 120-րդ տարելիցը կլրանա 2025 թ. մարտի 17-ին)` «Ազատություն կամ՝ մահ», և ճակատագրական այս օրերին հայ ազգն ինքը պետք է որոշի` մեռնո՞ւմ է` պարարտ հող դառնալով պանթյուրքիզմի ֆաշիստական գաղափարախոսության համար, թե՞ ի վերջո ազատություն է ձեռք բերում՝ վերատիրանալով իր կորսված հայրենիքին ու խլված իրավունքներին` փակելով Էրդողան-Ալիև-Փաշինյան պանթյուրքիստների ճամփան:

Ի լրումն նշենք, որ հոդվածում «ռուս-թուրքական պայմանագիր» եզրույթը չենք օգտագործել, որովհետև այն ստորագրող կառավարությունը Ռուսաստանի օրինական կառավարությունը չէր, և այդ կառավարության ղեկավար Լենինն էլ ազգությամբ ռուս չէր ու Մոսկվայի պայմանագրից ոչ պակաս խայտառակ մի պայմանագիր էլ ռուս ժողովրդի վզին փաթաթեց` 1918 թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում:  

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածը՝ ՀՅԴ պաշտոնաթերթի «Դրօշակի» 2025 թվականի 3-րդ համարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930