«Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է:
– Ընդդիմադիր շրջանակներից տարբեր տեսակետներ են հնչում: Ըստ որոշ կարծիքների` Մարտուն Գրիգորյանը չպետք է Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա կազմի, կան նաեւ կարծիքներ, որ նրանց չմիավորվելն առնվազն դավաճանություն է ժողովրդի հանդեպ….
– Միավորում ասելով ի՞նչ եք հասկանում, կոալիցիա՞: Դա հետընտրական խնդիր է, հիմա պետք է այնպես անել, որ ընդդիմության հաղթանակը կապիտալիզացվի, թույլ չտալով ՔՊ-ին՝ իշխանություն վերցնել: Մնացածը տեխնիկական հարցեր են, կբանակցեն, ինչ կանեն, այդ խոսակցություններում ՀՀԿ-ն ներառված չէ: Մենք առաջադրված չենք այնտեղ, չենք կարող ուրիշ կուսակցության փոխարեն ինչ-որ բան որոշել:
– Բայց Մարտուն Գրիգորյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, իսկ ֆրակցիայի գերակշռող հատվածը հանրապետականներն են:
Կարդացեք նաև
– Ի՞նչ կապ ունի, թե որ խմբակցությունից է: Բայց ընտրություններին չի առաջադրվել ՀՀԿ-ով: Իմ ընկերն է նա եղել դեռ այն ժամանակ, երբ ես ՀՀԿ պատգամավոր էի, ինքն ընդդիմադիր ԲՀԿ-ից էր, բայց դա չէր խանգարում, որ մենք ընկերներ լինեինք: Չպետք է թույլ տալ, որ ՔՊ-ն իշխանություն վերցնի Գյումրիում, սա է հարցերի հարցը:
Գյումրեցին ՔՊ-ին ձայն չի տվել: Սարիկը ստացել է 36 տոկոս ձայն, քաղաքի 64 տոկոսը մերժել է ՔՊ-ին: Խոսում են՝ ժողովրդավարության բաստիոն, չգիտես ինչ, բայց եթե ՔՊ-ն երես ունենա, այսօր կհայտարարի, որ Գյումրիում իշխանության համար չի պայքարում, քանի որ մեծամասնության կողմից մերժվել է:
Բայց չեմ բացառում, որ շուտով ֆոկուսներ են սկսելու անել: Դրա համար եմ արդեն 5-րդ անգամ ընդգծում` կարեւորը ՔՊ-ին իշխանություն չտալն է: Հիմա ասում են` առաջին տեղն ենք գրավել, ի՞նչ կապ ունի, գուցե վաղը 10 տոկոս ձայնով առաջին տեղը գրավես, ի՞նչ կապ ունի, թե որ տեղն ես զբաղեցրել: Ժողովրդի 64 տոկոսը փաստացի մերժում է քեզ: Ամբողջ ռեսուրսով գնացել են Գյումրի ու պարտվել: Հո նոր բան չի՞, սրանք ամեն տեղ էլ պարտվում են, որ մի քիչ երես ունենան, հրաժարական կտան: Վանաձորում պարտվել են, Ալավերդիում պարտվել են, Սյունիքի քաղաքներում պարտվել են, Փարաքարում պարտվել են, Աբովյանում պարտվել են, Բերդում պարտվել են, Մասիսում պարտվել են, Վարդենիսում պարտվել են, հիմա արդեն Գյումրիում են պարտվել, Երեւանում էլ են պարտվել…. կա՛մ Մամիկոն Ասլանյանի օրինակով կալանքի տակ են պահում, կա՛մ այնպես են անում, որ մարդիկ ակտիվ քաղաքականությունից չեզոքանան, ինչպես Սյունիքի քաղաքապետերի դեպքում եղավ:
– Մտավախություն կա, որ Երեւանի օրինակը կարող է կրկնվել՝ ինչ-ինչ մախինացիաների օգնությամբ:
– Դա խնդիր չէ: Ինձ համար կարեւոր չէ, թե Գյումրիում ընդդիմադիր առաջնորդն ինչպիսի անձ է, ինձ համար էականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի մուրազը մնաց համապատասխան տեղը: Ասում էին՝ ավելի շատ ձայն են հավաքելու 2026-ին, քան 2021-ին: Ժողովուրդն արթնացել է թմբիրից: Այս հարցը համապետական հարց է, Նիկոլը չի կարողանալու Ալիեւին խոստացած սահմանադրությունը կյանքի կոչել: Ամբողջ մամուլն այն է գրում, թե ով ում հետ կոալիցիա կկազմի, բայց դա էական չէ, էականն այն է, որ Նիկոլը երկու համայնքներում պարտվել է: 2026 թվականին Նիկոլին ոչինչ չի հաջողվելու: Ալիեւն ասում է` սահմանադրություն փոխիր, որ խաղաղության պայմանագիր կնքեմ Հայաստանի հետ, բայց ժողովուրդը դա էլ է մերժելու: Մարդիկ չեն համաձայնելու թրքացմանը: Գյումրու ընտրությունը ես չեմ նայում ՏԻՄ ընտրության կոնտեքստում: Ասում են` Սարիկ Մինասյանը շրջապատ ու հարգանք ունի, այսինքն` անգամ այս ձայները, որ ստացել են, ՔՊ-ինը չէ, Սարիկի ձայներն են: Գյումրեցիները տեսան, որ արեւմտամետները Երեւանում կոալիցիա կազմեցին Նիկոլի հետ, Գյումրիում ձայն չտվեցին: Որովհետեւ Նիկոլի հետ կոալիցիա կազմելը բիծ է: 2026 թվականին Նիկոլը Սարիկի ձայներին երանի է տալու:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում