Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդար ընտրությունից» ու նման բաներից խոսում է ղեկավարը մի իշխանության, որ այս օրերին ուղղակիորեն չարաշահեց վարչական ռեսուրսը. «Փաստ»

Ապրիլ 01,2025 09:15

Պետք է նկատել, որ ՏԻՄ ընտրությունները, որքան էլ համամասնական ընտրակարգով են անցկացվում, մեր երկրում դրանք, ըստ էության, մեծամասնական տրամաբանության մեջ են: Մարդիկ մեծամասամբ կոնկրետ թեկնածուի են նկատի ունենում՝ ընտրություն կատարելիս: Այսինքն, միշտ պետք է աչքի առջև ունենալ կոնկրետ առաջին համարների «անհատական քվեների» գործոնը: Սրան գումարենք վարչական ռեսուրսը, և վիճակն առավել հստակ կդառնա: Այսինքն, եթե Փարաքարում ու Գյումրիում ՔՊ-ի «ստացած» 32 և 36 տոկոս ձայներից մի կողմ դնենք անհատապես թեկնածուների ունեցած քվեները, մի կողմ դնենք «վարչական ռեսուրս» ասվածի ազդեցությունը, որ գնահատվում է 15-20 տոկոս, ապա տակը կմա 7-10 տոկոս իրական «վարկանիշ»: Ավելին, երբ ՔՊ-ն կորցնի իշխանությունը (իսկ դա անխուսափելիորեն լինելու է) և շարունակի մասնակցել երկրի քաղաքական կյանքին, ապա, շատ փորձագետների համոզմամբ, նույնիսկ այդ 7-10 տոկոսի մասին կարող է միայն երազել: Հիշենք, որ 2016 թվականին նույն Գյումրու ավագանու ընտրություններում ՔՊ-ն ստացել է… 638 ձայն, այսինքն՝ մոտ 1,4 տոկոս:

Ի դեպ, ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ ակնհայտորեն պարտություն են կրել, որոշեց «մեջքը գետնով չտալ» և… շնորհավորեց ընտրություններին մասնակցած ու հաջողություն գրանցած ուժերին, ապա փորձեց դա վերագրել իր իշխանությանը, թե ընտրությունները եղել են ազատ, արդար, «քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է» ու էլի նման բաներ: Սա, ի դեպ, սպասելի էր, և առաջիկա օրերին այս թեման ավելի թափով են քպականները շահարկելու:

Այս առումով ասելիք շատ կա, բայց անդրադառնանք միայն մի քանիսին: Նախ՝ «արդար ընտրությունից» ու նման բաներից խոսում է ղեկավարը մի իշխանության, որ այս օրերին ուղղակիորեն չարաշահեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիվ մարմինների միջոցով ընդդիմադիր թեկնածուների դեմ բռնաճնշումների դիմեց (ձերբակալումներ, շտաբների խուզարկություններ, ընտրարշավի բնականոն ընթացքի խափանումներ), ընդդիմադիր թեկնածուների դեմ, կարելի է ասել, «արդյունաբերական մասշտաբներով» հակաքարոզչություն ծավալեց և այլն, և այլն:

Անգամ քվեարկության օրը փաշինյանական իշխանությունները ձերբակալեցին ընդդիմադիր թեկնածուներից մեկի կողմնակից 70-80 տարեկան տատիկների ու… նրանց «բերման ենթարկեցին» Երևան: Սա այնքան դիպուկ է բնորոշում փաշինյանական ռեժիմի բուն էությունը, որ նույնիսկ մեկնաբանել չարժե:

Ցանկը երկար է, դիտորդներն էլ բազմաթիվ խնդիրներ են արձանագրել ու բարձրաձայնել, կլինեն ամփոփ հաշվետվություններ, այնպես որ չծանրաբեռնենք ասելիքը: Պարզապես պետք է փաստել, որ, այդ ամենով հանդերձ, արդյունքը ՔՊ-ի օգտին չեղավ, ինչը հաստատում է փաշինյանական կուսակցության իրական վարկանիշի վերաբերյալ մեր վերոնշյալ դիտարկումը:

Եվ վերջինը. նախքան ընտրությունները շատ էր խոսվում այն մասին, որ դրանք երկրում իշխանափոխության գործընթաց սկսելու խթան կամ մեկնակետ կարող են լինել: Դե ինչ, ժողովուրդն իր խոսքը քվեարկությամբ ասաց, և այդ խոսքը ՔՊ-ի ու Փաշինյանի օգտին չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930