Իշխանությունն, իհարկե, ամեն ինչ կանի, որպեսզի ընտրողների ձայների 36.4 տոկոսը ստացած Սարիկ Մինասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ: Այդ տոկոսի համար արդեն իսկ ամեն ինչ արվել է՝ մարզպետարանով, դպրոցներով, բուժհիմնարկներով, ԱԱԾ-ով, Հակակոռուպցիոն կոմիտեով, ոստիկանությամբ եւ այլն: Իրավիճակի յուրահատկությունն այն է, որ այդ հսկայական եւ, կասեի անգամ, «աննախադեպ» ջանքերը չապահովեցին իշխանության բացարձակ մեծամասնությունը: Դա պետք է որ տագնապի ազդանշան լինի ՔՊ-ի համար, բայց, իմանալով իշխող խմբակի առանձնահատկությունները, կարող ենք արձանագրել, որ ամեն ինչ կսահմանափակվի առաջնորդի, մեղմ ասած, ոչ հավասարակշիռ բացականչություններով՝ ուղղված պալատական մեծ ու փոքր չինովնիկներին:
ՔՊ-ն հիմա կփորձի «շտկել իրավիճակը»: Դրա ճանապարհներն առնվազն երեքն են.
1/ ճնշել Մարտուն Գրիգորյանին, որպեսզի նա միանա ՔՊ-ին: Այդ նպատակով իշխանությունը պատանդ է պահում նրա որդուն եւ հորը: Նմանատիպ տեխնոլոգիա կիրառվել է նաեւ Երեւանում:
2/ Ձերբակալել Վարդան Ղուկասյանին եւ/կամ մի քանի այլ ընդդիմադիրների:
Կարդացեք նաև
3/ Չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները:
Բայց այդ ամենն ինձ համար, անկեղծ ասած, «մարտավարական» նշանակություն ունի: Շատ ավելի խորքային խնդիր է մեր հասարակության վիճակը: Սարիկ Մինասյանը, պաշտոնական տվյալներով, ստացել է 17183 ձայն: Ենթադրենք, դրանց կեսը նկարած է, ստացված է սպառնալիքների, ճնշումների կամ ընտրակաշառքի ազդեցությամբ: Բայց նույնիսկ այդ դեպքում փաստ է, որ 8-9 հազար գյումրեցիներ ձայն են տվել մի մարդու, որը պնդում է, թե գյումրեցիները (այսինքն՝ այդ քաղաքի բոլոր զինապարտ բնակիչները՝ 30 տարվա ընթացքում) կաշառք էին տալիս, որպեսզի չգնան Արցախ ծառայելու: Հետեւաբար, ընտրողների մեջ կան գյումրեցիներ, որոնք իրենց եղբայրներին, ծնողներին, պապերին ուղղված ՔՊ-ական այդ զրպարտությունից չեն վիրավորվել: Այսքանից հետո այն հարցը, թե ո՞վ է դառնալու քաղաքապետ, իմ կարծիքով, երկրորդական է:
Նույնը՝ երբ ՔՊ-ականներն արցախցիներին ասում են՝ «մնայիք՝ կռվեիք», թարգմանաբար՝ «մնայիք՝ մեռնեիք»: Բաներ կան, որոնք հնչեցնելը պետք է անընդունելի, ամոթալի լինի: Այն մարդիկ, որոնք նման տեսակետներ են արտահայտում, պետք է համարվեն ծայրահեղ մարգինալ սոցիոպատներ: Եթե հրեշավոր գաղափարն այլեւս հրեշավոր չի համարվում, ապա դա հասարակական լուրջ հիվանդության ախտանիշ է:
Պատկերացրեք՝ մեկն ասում է, որ մարդկային միս ուտելը միանգամայն նորմալ է: Չնայած բացառված չէ, որ մոտ ժամանակներս դա նույնպես «նորմալ» թվա…
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այդ 8-9 հազար գյումրեցիները փաստօրէն նրանք են, որոնք ընտանիքում եղել է այդպիսի վճարովի դասալքութիւն: Իսկ նոյն բացատրութեամբ, հաւանաբար ճիշդ ու իսկական է՝ 17183 քանակը: Իսկ այդ տեսակի գյումրեցիներից հազարաւորներն ալ, նախընտրեցին բնաւ չքուէարկել: Քանզի իրենց անկիւնը պահուըտելու մէջ, վարպետներ են:
Իրողութիւնը այն է որ 2018ի պետական յեղաշրջումի ծիրին մէջ, Գյումրիի օրուայ, մինչդեռ «նախկինների» քաղաքապետը, մեծ հաճոյքով գրկախառնուեցաւ Փաշինյանի հետ, եւ այնուհետեւ ծառայեց այժմու վարչակարգին: Այ՛ս ալ մոռանալով, մարդիկ դեռ իրենց յոյսերը դրած էին այս մոլորեալ, խղճալի – բայց ինքնահաւան ու նաեւ գերագնահատուած – քաղաքի՞ն վրայ:
Ի դէպ, այդ նախկին քաղաքապետն ալ, գյումրեցիի բնորոշ բնաւորութեամբ, այժմ երկրից դուրս փախած է:
Մ. Հայդուկ Շամլեան