Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազանը պատրաստ է Վարդան Ղուկասյանին ու Մարտուն Գրիգորյանին հաշտեցնելու ու միավորելու

Մարտ 31,2025 23:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստ է բանակցային սեղանի շուրջ նստեցնել Գյումրու ՏԻՄ ընտրություններում Կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և «Մեր քաղաքը» դաշինքը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, որպեսզի նրանք միավորվեն՝ այսպիսով ընդդիմության ձեռքը վերցնելով Գյումրու քաղաքային իշխանությունը։

«Ես պատրաստ եմ դա անելու, մեծ-մեծ չեմ խոսի, որ ասեմ՝ կկարողանամ, բայց մենք մեր ջանքերը կգործադրենք այդ ուղղությամբ, թեև հնարավոր է հարցը լուծվի առանց մեր ջանքերի, այնպես չէ, որ անպայմանորեն իմ ջանքերն անհրաժեշտ են։

Հաշվի առնելով պատմական անբարեհաճությունը միմյանց նկատմամբ․ երևի թե պետք են կողմնակի միջնորդներ։ Եվ ես այդ միջնորդությունը պատրաստ եմ ստանձնելու։

Չկան այդպիսի խնդիրներ, որ հաշտեցման հնարավորությունը կամ հաշտեցման ճանապարհը փակ են, լրիվ հնարավոր է, ընդամենը կամք և բարեհաճություն, բարյացակամություն և ընդհանուրի շահի սպասարկման գիտակցություն պետք է լինի։

Այնպես չէ, որ անհնարին բան է․ Վարդան Ղուկասյանը ավելի շատ ձայն է հավաքել, քան Մարտուն Գրիգորյանը, բնական է, որ Վարդան Ղուկասյանը պետք է ավելի նախապատվություն տա իր թեկնածությանը։

Այստեղ պետք է առանց պայմանների միանալ, հետո ընթացս արդեն միավորված կազմակերպել մնացած հարցերը, այլապես դա կլինի հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի», և ընդդիմության հաղթանակը կլինի պյուռոսյան հաղթանակ, այսինքն՝ հաղթանակ պարտությամբ»։

Այս մասին Միքայել Սրբազանը հայտարարեց «Արդար հայ» հաղորդման շրջանակում, որտեղ նա Գյումրու ընտրությունների արդյունքները համարեց գոհացուցիչ, եթե զարգացումները ևս լինեն գոհացուցիչ։

Ըստ Սրբազանի, ՔՊ-ի` ընտրություններում համեմատական մեծամասնություն ունենալու մեջ լուրջ տոկոս է կազմել վարչական ռեսուրսը․ 30-50 տոկոսը վարչական ռեսուրսն էր։

Նշենք, որ թե՛ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և թե՛ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մեծ ակնածանք ունեն թեմի հոգևոր առաջնորդի նկատմամբ։

Մարտուն Գրիգորյանը իր քարոզարշավը սկսեց՝ Միքայել Սրբազանից օրհնություն ստանալով, իսկ Վարդան Ղուկասյան- Միքայել Սրբազան հարաբերություների մասին կարելի է պատկերացում կազմել ընդամենը մեկ դրվագով՝ հիշելով Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման օրը․ կաթողիկոսն ու Միքայել Սրբազանն առանձնակի շնորհակալություն հայտնեցին Վարդան Ղուկասյանին՝ եկեղեցու վերականգման գործում անփոխարինելի դերակատարություն ունենալու համար ու Գյումրու նախկին քաղաքապետին պարգևատրեցին կաթողիկոսի շքանշանով։

Վարդան Ղուկասյանն իր այսօրվա ասուլիսում ևս խոսել է իր ու Միքայել Սրբազանի լավ հարաբերությունների մասին։

Նշենք, որ Գյումրու քաղաքային իշխանության ձևավորումն այս պահին կախված է Մարտուն Գրիգորյանից։

Վարդան Ղուկասյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ իրենք ոխերիմ թշնամիներ չեն, հարաբերություններ կան պատգամավորի հոր, հորեղբայրների հետ, պատրաստ է միասին նստել, քննարկել, բանակցել։ Նա նաև նշեց, որ սպասում է պատասխանի։

«Եվ ոչ միայն ես եմ սպասում, սպասում է ամբողջ քաղաքը, ընդհուպ մինչև ամբողջ հայ ժողովուրդը և՛ Հայաստանից, և՛ Հայաստանից դուրս։ Եթե գաք, տեսնեք, թե ինչքան ինձ զանգեր են գալիս, ինչքան մարդիկ գիշեր-ցերեկ սպասում են, թե ինչ պիտի պատասխանեն և ինչ պիտի լինի, որ ասում են՝ ՔՊ-ն էստեղ պիտի պարտվի․ և ամբողջ հայ ազգն է կանգնած, ես սպասում եմ դրան, հետագայում մենք մեր խոսքը կասենք»,-ասաց Վարդան Ղուկասյանը;

Եվ մինչ շատերը լարված սպասում են, թե ինչ զարգացումներ են տեղի ունենալու Գյումրիում, Մարտուն Գրիգորյանը իր ֆեյսբուքում գրել է․ «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է»։

Վարդան Ղուկասյանն էլ քիչ առաջ գրառում է արել՝ դրական պատասխան ակնկալելով Մարտուն Գրիգորյանից․ «Այն, որ ՔՊ֊ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, գյումրեցին չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին՝ արդեն որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ, Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31