«Ազատություն». «Քաղաքական մահապատիժ», «մուրճով հարված՝ Ֆրանսիայի ժողովրդավարությանը», «վհուկների որս»․ այսպես են ընդդիմախոսները բնորոշում Փարիզի դատարանի այսօրվա որոշումը, որով աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հինգ տարով զրկվեց ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ Եվրամիության միջոցները չարաշահելու մեղադրանքով։ Նույն գործով դատարանը նաև նրան չորս տարվա ազատազրկման դատապարտեց, որից երկուսը՝ պայմանական։
«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդն այսօր սեփական դատավճիռն այդպես էլ մինչև վերջ չլսեց․ Լը Պենը ցուցադրաբար լքեց դահլիճը, երբ դատավորը հայտարարեց նրա քաղաքական կարիերայի վրա դրված արգելանքի մասին։ Սա ամենամեծ հարվածն էր 56-ամյա ընդդիմադիր առաջնորդին ընդամենը երկու տարուց՝ 2027-ին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին, որտեղ նա հաղթանակի էր պատրաստվում։ Վերջին հարցումների համաձայն, եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, Լը Պենը կանցներ երկրորդ փուլ՝ քվեների 34-37 տոկոսով, ինչն էականորեն բարձր է մյուս թեկնածուների վարկանիշից։
Ընդ որում, դատավորը հայտարարեց, որ պաշտոն զբաղեցնելու արգելանքը կկիրարկվի անմիջապես և կմնա ուժի մեջ այնքան, քանի դեռ Լը Պենին չի հաջողվել այն բեկանել վերին ատյաններում։ Իսկ դա կարող է տարիներ տևել՝ «է՛լ ավելի խորացնելով ընդդիմախոսների կասկածները դատարանի անաչառության վերաբերյալ», – ասում է քաղաքագետ Ժան-Իվ Քամյուն, հավելելով. – «Այդպիսի վարկանիշ ունեցող թեկնածուին ասել, թե չես կարող մասնակցել հաջորդ ընտրություններին, լրջագույն խնդիր է։ Սա շատ ծանր մեղադրանք է, որը կարող է Լը Պենի աջակիցների շրջանում քաղաքական դատավճռի տպավորություն թողնել»։
Ինչից է սկսվել պատմությունը
Կարդացեք նաև
Մեղադրող կողմը պնդում է, թե Լը Պենը՝ մոտ երկու տասնյակ կուսակիցների հետ, 4 միլիոն եվրո է չարաշահել, երբ Եվրախորհրդարանի պատգամավոր եղած ժամանակ այդ կառույցի հաշվին օգնականներ է վարձել, որոնք, սակայն, աշխատել են ոչ թե Եվրամիության, այլ՝ Լը Պենի սեփական կուսակցության համար։
Քրեական գործը բացվել էր 2016-ին, երբ Ֆրանսիայի արդարադատության նախարարությունն անստորագիր մի նամակ էր ստացել Լը Պենի ու կուսակիցների 2004-2016 թվականների գործունեության մասին։
Լը Պենը մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ «նրանք ընդամենը իմ քաղաքական մահն են ցանկանում»։
Օրվա երկրորդ կեսին նրա փաստաբանը հայտարարեց, թե Լը Պենը կբողոքարկի դատարանի որոշումը։
Վե՞րջ, թե՞ նոր սկիզբ
«Եթե վերին ատյանները ձգձգեն դատը, կուսակցությունը չի կոտրվի», – հայտարարում են աջ ծայրահեղականները՝ խոստանալով այդ դեպքում որպես նախագահի թեկնածու կուսակցության 29-ամյա ղեկավար Ժորդան Բարդելային առաջադրել։
Այսօրվա դատավճից հետո նա X-ում պնդել է. – «Դրանով միայն Լը Պենը չէ, որ անօրինական կերպով ազատազրկվեց։ Այսօր նաև Ֆրանսիայի ժողովրդավարությունը սպանվեց»։
Ի դեպ, ոչ միայն աջակիցները, այլև Լը Պենի քաղաքական հակառակորդները՝ ներկայիս վարչապետ Ֆրանսուա Բայրուն ու արդարադատության նախարար Ժերար Դարմանենն են կասկածի տակ դրել՝ որքանով է ժողովրդավար ընտրություններին մասնակցելու որոշումը ոչ թե ընտրողներին, այլ՝ դատարաններին տալ։ Լը Պենին աջակցության կոչեր են հնչել նաև եվրոպացի համախոհներից։
«Ես Մարին եմ», – X-ում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Իսպանիայի աջ ծայրահեղականների առաջնորդ Սանտյագո Աբասկալը հայտարարել է՝ «նրանք Ֆրանսիայի ժողովրդին լռեցնել չեն կարող», Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին էլ պնդել է՝ «Փարիզն ուզում է Լը Պենին քաղաքական կյանքից դուրս թողնել»։