Գյումրու ՏԻՄ ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքն արդեն իսկ հայտարարել է քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկելու մասին։
Դաշինքի ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց․ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն առաջինն է եղել, որ հայտարարել է ընդդիմադիր դաշտի համախմբման մասին։
Մեր համար ամենակարևորը «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն է, և մենք մեր քվեն տալիս ենք հանուն իշխանափոխության, մենք չունենք որևիցե քաղաքական ուժի հետ միանալու, միավորվելու պաշտոն բաժանելու, մեզ ոչ մի պաշտոն պետք չէ։
Մենք չենք եկել այս ընտրություններին մասնակցելով՝ մանդատ ստանանք, որ փորձենք սակարկել որևիցե քաղաքական ուժի հետ, մեր միակ խնդիրը ՔՊ-ին իշխանազրկելն է, և մենք մեր քվեն տալիս ենք հանուն դրա»։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ ամեն ինչ անելու են, որ իրենց մանդատները օգտագործեն քաղաքի զարգացման համար։
Այս պահին քաղաքային իշխանությունը ընդդիմադիրների ձեռքն անցելը կախված է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանից։
Կարեն Սիմոնյանն ասաց՝ սպասում են նրա պատասխանին։
«Եթե չի ստացվելու այդ միավորումը, մենք փորձելու ենք դառնալ այն ուժը, որն աջակցելու է միավորմանը, իր կոչերով հանդես է գալու, որ բաց չթողնենք պատմական շանսը։
Մեր նպատակը, նորից եմ կրկնում, իշխանազրկելն է ՔՊ-ին, որևէ պաշտոնակռիվ, կուլիսային բազարներ, պաշտոնների բաշխում չենք ակնկալում, եթե մեզ առաջարկվի պաշտոն քաղաքապետարանում, հրաժարվելու ենք։
Մենք չենք ուզում որևիցե ուժի հետ կիսել քաղաքական պատասխանատվությունը, մենք ուղղակի մանդատներով քվեարկության ենք գալիս, որ ՔՊ-ն չունենա իշխանություն Գյումրի քաղաքում, մնացածը կախված է մյուս քաղաքական ուժերից։
Ժամանակն է հայտարարություն անեն և պարզ դառնա ի վերջո ուր ենք հասնելու», ասաց Կարեն Սիմոնյանը։
Նա անդրադարձավ նաև ընտրությունների արդյունքներին՝ դրանք կասկածելի որակելով։
«Քաղաքացիների մոտ էլ կասկածներ առաջացան, այդ ինչպես եղավ, որ 47 հազար քվեարկող եղավ և ինչպես ստացվեց, որ ամեն թաղամաս մտնելուց 10-ից ամենաշատը 2-ն են ասել, որ կարող է ուզեն Սարիկ Միանասյանին կամ ՔՊ-ին քվեարկել և ստացվեց, որ էդքան շատ ձայներ հավաքեցին։ Այստեղ մեծ կասկած կա, ամեն դեպքում գյումրեցին հասկացել է, որ ինչ-որ բան էն չէ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ