Կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր իր մամուլի ասուլիսում մեկ անգամ ևս վերահաստատեց քարոզարշավի ընթացքում հնչեցրած այն խոսքերը, որ ոչ մի ձևով ՔՊ-ի հետ չի համագործակցելու։
Նա պարզաբանեց, թե ինչու են իր նկատմամբ քրգործեր հարուցել՝ այսպիսով պատասխանելով նաև այն կարծիքներին, որ ինքը խոցելի թեկնածու է ու ճնշելու միջոցով ՔՊ-ն կվերարտադրվի։
«Իմ վրա քրեական գործեր, ինչպիսին ներկայացվում է, չկա, այսինքն ինձ մեղադրանք են առաջադրել․ պատկերացրեք որ հիվանդանոցի վիրահատող բժիշկը վիրահատում է, մահանում է, դատում են տնօրենին, որ բժիշկ չէ», ասաց նա։
Նա այս համեմատությամբ ասաց, որ հողահատկացումները նախքան քաղաքապետին ցույց տալը, անցել են քաղաքապետարանի քաղաքաշինության, ճարտարապետության բաժնով, իրավաբանական բաժնով, բացի այդ կա աշխատակազմի ղեկավար։ Մասնագետները նախագիծը կազմել են, ստորագրել ու այդտեղ քաղաքապետը դեր չունի: Ըստ Վարդան Ղուկասյանի, այդպես է ՏԻՄ օրենքով։
Կարդացեք նաև
Վարդան Ղուկասյանի ասելով, իրենից հետո Սամվել Բալասանյանը որոշումներ է կայացրել, դարձյալ իրեն են մեղադրել, նմանապես իր նախորդի՝ Միքայել Վարդանյանի օրոք կայացրած որոշումների համար են իրեն մեղադրանք առաջադրել ։ Նա նշեց, որ այդ գործերի վաղեմության ժամկետն անցել է։
«Եվ դրանով ինձ վախեցնեն, թե քաղաքապետը գնա գործարքի, որ կարող է հանկարծ ինչ-որ իրեն դատեն, ՔՊ-ի հետ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերեն, միանշանակ նման բան չի կարող լինել։ Եվ հետո ընդհուպ արած էլ լինեմ, ես երբեք իրենց հետ պայմանավորվածություն չեմ ձեռք բերի, բարձրաձայն ասում եմ։ Ինչ ուզում է անեն, կանգնած տեղը թեկուզ շառով էլ տան, ես իրենց հետ ճանապարհ չունեմ։ Խնդրում եմ էլ էդ հարցը հարյուր անգամ ինձ չտաք, ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու։ Բարձրաձայն ասում եմ, վերջ, էլ չքննարկեք»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ