Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն անցկացնում է առաջին հանրային քննարկումը՝ բնակարանային ծրագրի վերաբերյալ: Քննարկման բանախոսը ոլորտի փորձագետ, Արցախի Բնակարանային հարցերի կոմիտեի նախկին նախագահ Արմեն Մանգասարյանն է։ Նա ասաց, որ արցախցիներին հուզող թիվ մեկ խնդիրն այս պահին բնակարանային հարցն է։
«Շատ կարեւոր հարթակ է ստեղծվում, եւ հետագայում ցանկալի է, որ մասնակցությունն ավելի ակտիվ լինի։ Եվ պատահական չէ, որ հենց առաջին քննարկումը բնակապահովման հետ է կապված, քանի որ արցախցիներին հուզող թիվ մեկ խնդիրն այս պահին բնակարանային հարցն Է»,- ասաց Մանգասարյանը։
Նա նշեց, որ «40+10» հազար ծրագիրը պետք է շարունակվի։ «Հաճախ լսում ենք, որ ասում են՝ արցախցիները պետք է աշխատեն, որպեսզի բնակվարձերի հարցերը լուծեն։ Կարծում եմ՝ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ արցախցին ամենաաշխատասեր հայի տեսակ է, այնպես չէ, որ չեն աշխատում։ Բայց վարձատրությունը բավարար չէ առօրյա կարիքները հոգալու, ինչպես նաեւ վարձավճարների հարցը լուծելու համար։ Զարմանում եմ, որ այս ծրագիրը կապում են զբաղվածության հետ, քանի կառավարության որոշմամբ՝ բնակվարձի եւ կոմունալ վճարների նպատակով է այս աջակցությունը տրամադրվում։ Եվ աջակցությունը պետք է տրամադրվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել արցախցիների բնակարանային խնդիրը»,- հավելեց Մանգասարյանը։
Կարդացեք նաև
Արմեն Մանգասարյանն ասաց, որ ուսումնասիրելով ՀՀ կառավարության՝ արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագիրը՝ մի շարք խնդիրներ են վեր հանել։ Առաջին լուրջ խնդիրը ցածր դիմելիությունն է։ Այսօրվա դրությամբ հավաստագիր է ստացել արցախցի ընտանիքների շուրջ 3 տոկոսը։ Այդ հավաստագրերն իրացրել են, այսինքն՝ արդեն բնակարան է ձեռք բերել արցախցիների 0,2 տոկոսը։ «Կարծում եմ՝ սա ամեն ինչ ասում է այս ծրագրի մասին։ Արցախում եւս մենք բնակապահովման ծրագիր էինք իրականացնում, եւ արցախցիները կփաստեն, թե ինչ հերթեր էին մեր կոմիտեի դիմաց։ Այսինքն՝ եթե տեղահանված ընտանիքը չի դիմում բնակարանային ծրագրին, ուրեմն ծրագրի հետ ինչ-որ բան այն չէ։ Եվ 40+10 հազար ծրագիրը դադարեցնեն՝ պնդելով, որ դադարեցնում ենք, որպեսզի օգտվեն սերտիֆիկատներից, միանշանակ սխալ է, քանի որ այս պահին ոչ բոլոր ընտանիքները կարող են դիմել եւ սերտիֆիկատ ստանալ։ Գոնե եթե նման որոշում է կայացվում, պետք է փուլային տարբերակով լինի»,- հավելեց նա։
Բնակապահովման ծրագիրն, ըստ Մանգասարյանի, ունի իրավական խնդիրներ, ինչպես նաեւ բանկերի հետ կապված խնդիրներ։ Ֆինանսական խնդիրները հետեւյալն են՝ բնակարանների իրական շուկայական արժեքները չեն արտացոլում այն արժեքները, որոնք տրամադրվում են վկայագրով։
Հավաստագիր ստանալու գործընթացը, Արմեն Մանգասարյանի խոսքով, շատ հեշտ է, բայց ստանալուց հետո մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների։ Ինչո՞ւ են բախվում խնդիրների, որովհետեւ, նրա խոսքով, այս ծրագրի հիմքում դրվել են կառավարչական եւ քաղաքական մի շարք սկզբունքներ։ Շահառու ընտանիքն ստանում է սերտիֆիկատ եւ ինքը պետք է բանկի հետ հարաբերությունները պարզի, այնտեղ բազմակի վճարներ կան իրականացնելու, որոնք այդ ընտանիքը պետք է անի։ Մանգասարյանը նաեւ ասաց, որ եթե շահառուն սերտիֆիկատի գումարին հավասար կամ դրանից ցածր արժեքով բնակարան է ձեռք բերել եւ ցանկանում է գնել, բայց ունի գործող ժամկետանց վարկ, բանկը նրան հիփոթեքային պարկ չի տրամադրում։ Այս խնդիրը ներկայացվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, խոստացել են ապրիլի մեկից լուծել այն։
«Իրավական խնդիրների մասին խոսենք․ քաղաքացիության հարցը իրավական դաշտում է։ Այնպես չէ, որ արցախցին չի ուզում լինել ՀՀ քաղաքացի։ Արցախցին ամբողջ կյանքում երազել է միանալ մայր Հայաստանի հետ եւ եղել է ՀՀ քաղաքացի։ Եվ այժմ ներկայացնել, թե արցախցիները չեն ուզում քաղաքացի դառնալ, դա իրականությանը չի համապատասխանում։ Ծրագրում կան նաեւ մի շարք այլ խնդիրներ, որոնք ընդհուպ հակասահմանադրական են։ Կարելի է առանձնացնել հենց սեփականության իրավունքի հետ կապված, խտրականության հարցերը»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ