ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը կերկարաձգվի եւս երեք ամսով: Այսօր նման որոշում ընդունեց Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ: Դատարանի որոշմամբ՝ Աշոտյանը տնային կալանք կրելու շրջանում հնարավորություն կունենա հանդիպել ՀՀԿ անդամների հետ իր տանը:
Այսօրվա նիստում հարցաքննվեց ԵՊԲՀ հիմնադրամի և Հերացի արհեստակցական կազմակերպության հաշվապահ Անի Ղանդիլյանը: Նիստը նախագահողը նրանից հետաքրքրվեց՝ ինչ է իրեն հայտնի գործի հանգամանքներից:
«Նախաքննությունից, հարցաքննություններից եմ տեղյակ, որ կա հարուցված քրեական գործ, ընթանում է քննություն»,-պատասխանեց վկան:
Նիստը նախագահողը շարունակեց՝ ենթադրյալ հափշտակություն, փողերի լվացում այս ամենից որեւէ տեղեկություն ունե՞ք, ի պատասխան վկան ասաց՝ ոչ:
Կարդացեք նաև
Հանրային մեղադրողն էլ հետաքրքրվեց՝ նախորդ արհմիության նախագահը հաշվետվություն ներկայացրե՞լ է անդամներին, թե իրենցից գանձվող գումարներն ինչ են արվել, Անի Ղանդիլյանը պատասխանեց` նախկին արհեստակցական միությունը չի գործել, իսկ նոր միությունից օգտվել է. գնել են ներկայացման տոմսեր, հանգստացել են Նավասարում։
Մեղադրողի հաջորդ հարցին, թե Նավասարի հանգստյան գոտում հանգստանալու գործարքները կատարվել են որոշակի գումարի շրջանակներում, այդ գումարները որտեղից են տրամադրվել: Վկան պատասխանեց՝ բացառապես բժշկական համալսարան հիմնադրամից: Հաջորդ հարցին՝ տեղյա՞կ է՝ ինչ միջոցներ են տրամադրվել իրենց, վկան պատասխանեց՝ մինչ այդ կազմակերպությունում հավաքագրված անդամավճարների գումարն է եղել: Մեղադրող դատախազը նաեւ հայտնեց, որ իր տեղեկություններով՝ նախկին արհմիության գումարները ի պահ են հանձնվել բժշկական համալսարան հիմնադրամին, ապա հետաքրքրվեց՝ ինչ գործ են ունեցել այդ գումարները համալսարանի հաշվեհամարին: Վկան պատասխանեց, որ Հերացի արհեստակցական կազմակերպության միջոցներից երբեք փոխանցում չի արվել բժշկական համալսարան հիմնադրամին:
Վկան նաեւ հայտնեց, որ չի հիշում, թե նախկին արհեստակցական միության նախագահն ով էր։ Ի պատասխան դատախազի հարցադրումների` վկան նաև վստահեցրեց, որ առանց արհմիության նախագահի հանձնարարականների՝ չէր կարող գործել։ Ղանդիլյանի հարցաքննությունը կշարունակվի նաեւ հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 9-ին: Դատարանն այսօր բավարարեց նաեւ Աշոտյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանի միջնորդությունը՝ Արմեն Աշոտյանին հեռակա կարգով ԵԺԿ միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ, միջոցառումը կկայանա ապրիլի 2-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ