Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի դրույթների համաձայնեցմանը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական մոտեցում է դրսեւորել։
«Բոլորս վկա ենք, որ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում իրեն շատ կառուցողական է դրսեւորել։ Խաղաղության համաձայնագրում այլեւս բաց հարցեր չկան եւ այլեւս ոչինչ չի խանգարում, որպեսզի այն ստորագրվի, վավերացվի եւ իրագործվի։ Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն, եւ այժմ Ադրբեջանում պետք է բոլոր հնարավոր թերահավատությունները վերացնել»,-ընդգծել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Ըստ նրա ՝ Հարավային Կովկասում ապրող մարդիկ սպասում են, որ երկարամյա հակամարտությունը կդադարի, ինչը կհանգեցնի նաեւ տնտեսական զարգացման։
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի խոսքով՝ Հայաստանի համար հեշտ չի եղել հակամարտությունն ավարտելն ու հանգուցալուծման հասցնելը։ Շատ երկրներ կարող են օրինակ վերցնել այս գործընթացից։ Գերմանիայի նախագահը վստահ է խաղաղության համաձայնագիրը կարող է ճանապարհ բացել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար: Սակայն նա նկատեց, որ կողմերը վերջնակետին դեռ չեն հասել, չեն ստորագրել ու վավերացրել համաձայնագիրը:
Կարդացեք նաև
Առաջին անգամ Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահը ցանկություն հայտնեց, որ որ երկու կողմերն օգտագործեն այս պատեհ պահը, որ երկարաժամկետ ու կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում։
Շտայնմայերը՝ հայտարարեց, որ Բաքվի իրենց գործընկերների հետ հանդիպման ժամանակ եւս խոսելու են այդ մասին:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքով, Հայաստանը 1991թ-ից պատերազմական վիճակում է։ «Մենք հետեւողական ենք մեր աշխատանքում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Կոնկրետ աշխատանքներ ենք անում; Այն դժվարությունները որոնք կան ու կլինեն, պատրաստ ենք բանականությունների ընթացքում լուծել։ Մենք իրատես ենք ու անում ենք քայլեր, որ մոտեցնենք այդ օրը», նշեց ՀՀ նախագահը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ