ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր երկրում Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին:
Ողջունելով դեսպանին՝ Արման Եղոյանը կարեւորել է բարեկամ Կիպրոսի հետ սերտ համագործակցությունը, հատկապես՝ խորհրդարանական մակարդակում: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը խոսել է միջազգային տարբեր կազմակերպություններում ու հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների միջեւ արդյունավետ գործակցությունից:
Արման Եղոյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, խոսել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների մասին: Հանձնաժողովի նախագահն այդ առումով ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատման:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միքայել Մավրոսը ներկայացրել է Կիպրոսին եւ կիպրական հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումները, խոսել մեր երկու երկրների մարտահրավերների եւ ընդհանուր շահերի մասին: Դեսպանը նաեւ կարեւորել է երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ գոհունակությամբ նշելով, որ տարեցտարի աճում է Կիպրոսում իրենց հանգիստն անցկացնող Հայաստանի քաղաքացիների թիվը:
Կարդացեք նաև
ԱԺ