Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր համակարգով խնամքի նպաստի չափերը տարբերակված են՝ կախված խնամքի տվյալ ամսում արձակուրդում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքից

Մարտ 31,2025 18:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականին շարունակել է գործել 2023 թվականի հունվարի 1-ից ներդրված մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նոր համակարգը, որի շրջանակում նպաստի իրավունք են ստացել նաեւ չաշխատող քաղաքաբնակ մայրերը: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ մարտի 31-ին հրավիրված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Նախարարի խոսքով նոր համակարգով խնամքի նպաստի չափերը տարբերակված են՝ կախված խնամքի տվյալ ամսում արձակուրդում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքից: Մասնավորապես, ծնողի՝ տվյալ ամսում խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում նպաստի չափը կազմում է 37,500 ՀՀ դրամ, չգտնվելու դեպքում՝ 31,600 ՀՀ դրամ, իսկ գյուղաբնակ հանդիսանալու եւ միաժամանակ խնամքի արձակուրդում գտնելու դեպքում՝ 69,100 ՀՀ դրամ: Ընդ որում, աշխատանքի վերադառնալու դեպքում նպաստը վճարվում է 31,600 դրամի չափով: 2024 թվականի ընթացքում խնամքի նպաստ վճարվել է միջին ամսական 58,736 երեխայի խնամքի համար, ծախսը կազմել է շուրջ 26,3 մլրդ ՀՀ դրամ:

2024 թվականին, ըստ Նարեկ Մկրտչյանի, Կառավարությունը շարունակել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց միջնաժամկետ եւ երկարաժամկետ կարիքների հասցեագրման նպատակով աջակցության ծրագրերի իրականացումը:

Բանախոսը, անդրադառնալով կենսաթոշակների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրմանը, նշել է, որ 2024 թվականին լավարկվել է անկանխիկ վճարումների դեպքում կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը: Շահառուներին հնարավորություն է տրվել անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար. նախկինում կիրառվող 10 տոկոսի փոխարեն սահմանվել է 12 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 5000 ՀՀ դրամից դարձել է 6000: «Միջոցառման մեկնարկից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերը ներառյալ կենսաթոշակային քարտով կատարվել է ավելի քան 190.7 մլրդ դրամի անկանխիկ գործարք»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը նշել է, որ «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման» պետական աջակցության ծրագրի շրջանակում բազմաթիվ ընտանիքներ կառուցել եւ շարունակում են կառուցել իրենց սեփական տունը 80 սահմանամերձ գյուղական բնակավայրում. 2024 թվականի վերջի դրությամբ հաստատված հայտերի թիվը կազմել է շուրջ 1990:

Բանախոսն ընդգծել է, որ հաշվետու տարում աղքատության մակարդակը շարունակել է նվազել՝ 2022 թվականի 24,8 տոկոսից 2023 թվականին դառնալով 23,7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը 1,2 տոկոսից` 1,1 տոկոս:

Նախորդ տարի, ըստ նախարարի, շարունակվել են ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10 ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման աշխատանքները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31