Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին տարիներին Հայաստանի և Չեռնոգորիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև առանձին ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը: Մասնավորապես, ընդգծվել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, զբոսաշրջության ոլորտում ծավալների նշանակալի ավելացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարար կրթության ոլորտներում իրականացված համատեղ աշխատանքները:
Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության զարգացման կոնկրետ հնարավորություններ՝ որպես առաջնային պրակտիկ միջոց կարևորելով երկու երկրներում գործող ընկերությունների համար յուրովի «ճանապարհային քարտեզի» ուրվագծումը:
Համարելով խորհրդանշական այն, որ Պոդգորիցան եղել է առաջին քաղաքը, որի հետ Երևանը ստորագրել է համագործակցության համաձայնագիր՝ նախարարները կարևորել են այս ձևաչափով փոխգործակցության արդյունավետ շարունակումը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳ նախարարը և Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը մտքեր են փոխանակել նաև ԵՄ հետ փոխգործակցության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին տարիներին գրանցված առաջընթացը: Ընդգծվել է ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ճանապարհին բարեփոխումների իրականացման լավագույն փորձի փոխանակումը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը, որը փոխադարձվելու պարագայում հնարավոր կլինի հասնել կարևոր հանգրվանի:
ՀՀ ԱԳՆ