ԵՊՀ հրատարակչության «Translation Studies: Theory and Practice» ամսագիրը պաշտոնապես ընդգրկվել է «Scopus» գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարանում: Սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն Երևանի պետական համալսարանի, այլև Հայաստանի գիտական հանրության համար։ ԵՊՀ ամսագիրը հումանիտար և հասարակագիտական ոլորտի՝ այս պահին հայկական միակ պարբերականն է՝ ինդեքսավորված «Scopus»-ում:
Ամսագրի մասին
«Translation Studies: Theory and Practice» ամսագիրը հիմնադրվել է 2021 թ. (ամսագրի առաջին համարը հրատարակվել է 2021 թ. դեկտեմբերին)։ Ամսագրի գլխավոր խմբագիրը Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանն է, գլխավոր խմբագրի տեղակալը՝ նույն ամբիոնի դոցենտ Իշխան Դադյանը։ Հրատարակիչը ԵՊՀ հրատարակչությունն է, որի տնօրենն է Կարեն Գրիգորյանը, իսկ հրատարակչության պատասխանատու խմբագիրը՝ Աշոտ Գևորգյանը։
Ինչպե՞ս է «Scopus»-ը գնահատել ամսագիրը
«Scopus»-ի կողմից տրամադրված հաստատման նամակում նշված են մի շարք հիմնավոր պատճառներ, թե ինչու է «Translation Studies: Theory and Practice» ամսագիրն արժանացել այս կարևոր գնահատականին.
- Հրապարակված հոդվածները մեծավ մասամբ համապատասխանում են ամսագրի նախանշած թեմատիկային։
- Ամսագիրը հետևողականորեն ընդգրկում է այնպիսի հոդվածներ, որոնք ակադեմիական առումով հիմնավոր են և հետաքրքիր համապատասխան ոլորտի միջազգային ակադեմիական լսարանի համար:
- Ամսագիրը վերաբերում է մի թեմատիկայի, որը պատշաճ կերպով չի լուսաբանվում գոյություն ունեցող որևէ «Scopus»-յան ամսագրի կողմից:
- Ամսագիրն ունի հստակ նպատակներ և քաղաքականություն, որոնք համահունչ են միջազգային հեղինակավոր ամսագրերին վերագրվող բովանդակությանը:
Ամսագրի ուժեղ կողմերը՝ ըստ ԵՊՀ հրատարակչության
Մեզ հետ զրույցում ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը նշեց, որ «Translation Studies: Theory and Practice» ամսագիրը, դեռևս ընդգրկված չլինելով հեղինակավոր շտեմարաններում, 2024 թ. վերջի դրությամբ ուներ հղումների որոշակի քանակ, որոնք բնորոշ են «Scopus»-ում ինդեքսավորված համապատասխան ոլորտի Q3 քառորդի (quartile) որոշ ամսագրերի։ Նրա խոսքով՝ ԵՊՀ հրատարակչության դիտարկումները ցույց են տվել, որ ամսագրի ուժեղ կողմերն են՝
- միջազգային լուրջ խմբագրակազմը,
- հեղինակների միջազգային լուրջ ներկայացվածությունը (60 տոկոսից ավելի),
- խիստ գրախոսության առկայությունը,
- գրահրատարակչական և ակադեմիական ազնվության սկզբունքներին անվերապահորեն հետևելու հանգամանքը,
- որակյալ գրահրատարակչական տեխնիկական աշխատանքների ապահովումը և այլն։
Ինչո՞ւ է սա համարվում կարևոր ձեռքբերում
«Scopus»-ում ընդգրկվելը նշանակում է, որ ամսագրում հրապարակված հոդվածներն այժմ հասանելի կլինեն աշխարհի առաջատար գիտնականներին ու գիտահետազոտական կառույցներին՝ ապահովելով ԵՊՀ-ի և Հայաստանի գիտական մտքի միջազգային ճանաչելիությունը։ ԵՊՀ հրատարակչության կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անկախ հրատարակիչների ամսագրերը միջինում 4-5 տարի հետո են ընդգրկվում «Scopus»-ում, սակայն ԵՊՀ-ին դա հաջողվել է ընդամենը երեք տարում։ Սա ԵՊՀ գիտական քաղաքականության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, որը վկայում է համալսարանի հետազոտական ներուժի զարգացման և միջազգային հարթակում դիրքերն ամրապնդելու մասին։
ԵՊՀ հրատարակչության կատարած ուսումնասիրությունների մասին
Անդրադառնալով ԵՊՀ հրատարակչության գործունեությանը՝ Կարեն Գրիգորյանն ընդգծեց. «2024 թ. ավարտին կատարած հետազոտության շրջանակում ուսումնասիրել ենք «Scopus» հարթակում նոր ընդգրկված ամսագրերը՝ արձանագրելով, որ այստեղ ամենաերիտասարդ ամսագրերը առնվազն 3 տարվա գործունեություն ունեն՝ հիմնադրված 2022 թվականից առաջ։ Ընդ որում՝ այդպիսի բոլոր ամսագրերը (իսկ մենք դիտարկել ենք 300-ից ավելի ամսագիր) հրատարակվում են բացառապես առաջատար հրատարակիչների կողմից՝ «Elsevier», «Springer», «Frontiers», «Sage» (օրինակ՝ «Journal of Liver Transplantation»/ «Elsevier» (2021), «Interpreting and Society: An Interdisciplinary Journal»/ «Sage» (2021), «JSAMS Plus»/ «Elsevier» (2022), «Journal of Electric Propulsion»/ «Springer» (2022))։ Հետաքրքրական է, որ այս նույն հրատարակիչների կողմից հրատարակվող այնպիսի ամսագրեր կան, որոնք ընդգրկվել են «Scopus» շտեմարանում, օրինակ, 10 տարի հրատարակվելուց հետո միայն (այդպիսիք են՝ «3D Printing in Medicine»/ «Springer» (2015), «Iran Journal of Computer Science»/ «Springer» (2018))։ Մյուս հրատարակիչների պարագայում ամսագրերի գործունեությունը սկսվում է 4-5 տարվանից»։
ԵՊՀ հրատարակչության կատարած այս միկրոհետազոտությունը, որը նախկինում ևս մի քանի անգամ կատարվել է, հստակ պատկերացում է տալիս այն մասին, որ բացառությամբ հզոր հրատարակիչների՝ մյուս հրատարակիչների ամսագրերը սկսում են ինդեքսավորվել հիմնադրումից 4-5 տարի հետո միայն։
Ի՞նչ է սպասվում հաջորդիվ
Այս ձեռքբերումը նոր հնարավորություններ է ընձեռում ԵՊՀ գիտական պարբերականներին․ ԵՊՀ հրատարակչությունը «Web of Science» շտեմարանում ներկայում ինդեքսավորման է ներկայացրել ԵՊՀ երկու ամսագիր՝ «Journal of Sociology: Bulletin of Yerevan University» և հենց «Translation Studies: Theory and Practice»։ 2025 թվականին նախատեսվում է այս շտեմարաններ ինդեքսավորման ներկայացնել նաև «Political Science: Bulletin of Yerevan University» ամսագիրը։
ԵՊՀ-ն շարունակելու է միջազգային հեղինակավոր հարթակներում իր դիրքերն ամրապնդել գիտական հրապարակումների և հետազոտական արդյունքների միջոցով։