Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես թշնամություն չունեմ, հուսով եմ՝ Մարտուն Գրիգորյանը կմիանա մեզ»․ Վարդան Ղուկասյան

Մարտ 31,2025 17:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանից հետո ամենաշատ ձայներն է հավաքել՝ ընդդիմադիր ուժերի միավորման դեպքում հնարավոր է ընտրվի քաղաքապետ։ Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր երկու ուժեր՝ « Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ու «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը արդեն իսկ հայտարարել են միավորման պատրաստակամության մասին։

Երկրորդ տեղը զբաղեցնող «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը դեռ այս թեմայով ոչինչ չի ասել։

Այսօր Վարդան Ղուկասյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե բանակցություններ եղե՞լ են իր ու Մարտուն Գրիգորյանի միջև, արդյոք վերջինս պատրա՞ստ է միավորվել ընդդիմադիր մյուս թեկնածուների հետ՝ նպաստելով Գյումրու կառավարման ղեկը ընդդիմության ձեռքն անցնելուն: Վարդան Ղուկասյանն ասաց․ «Հուսով եմ, ինչ պայմանավորվել ենք բոլորս մինչև ընտրությունները, հեռուստատեսության աչքի առջև մենք ասել ենք։ Ես օրինակ այսպես եմ ասել՝ եթե ինձանից որևիցե մեկն ընդդիմությունից, իհարկե, շատ ձայներ հավաքի, միանշանակ ես կմիանամ իրեն, ընդհուպ ոչ պաշտոնների ակնկալիքով՝ առանց փոխքաղաքապետի, առանց բաժնի պետերի։

Ես այդպես հայտարարել եմ, գիտեմ, որ Ռուբենն արդեն հայտարարություն է արել, որի համար իրենց շնորհակալություն եմ հայտնում։ Կարենը ևս հայտարարություն է արել, ես իրենից ևս շնորհակալ եմ։ Ես հուսով եմ, որ անպայման իրենց հետ կբանակցեմ, կքննարկեմ, ընդհուպ կցանկանամ, որ իրենցից աշխատանքի հարց լուծվեր քաղաքապետարանում։ Եվ եթե իրենց ծրագրերից տեսնեմ դրույթներ, որոնք իմ ծրագրերի մեջ չկան, նստենք, քննարկենք, եթե տեսնեմ իրենց առողջ ծրագրերը, ուրեմն ի շահ քաղաքի՝ կկարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել։

Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանին, հուսով եմ, որ Մարտուն Գրիգորյանի իր խոսքերը, ինչ-որ ասել է, ինչ էլ, որ պակաս է եղել, մենք կարող ենք նստել, բանակցել, քննարկել, խոսել։

Ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչքան էլ վերադաս կառույցները ուզեցին խառնել Գյումրի քաղաքը և որոշակի բաներ կարողացան կազմակերպել, բայց ես ասել եմ, որ ես թշնամի չունեմ հայ ժողովրդի մեջ, իմ թշնամիները Օսմանյան Թուրքիան և Ադրբեջանն են»։

Ճշտող հարցին ՝ բանակցություններ չե՞ք ունեցել Մարտուն Գրիգորյանի հետ, Վարդան Ղուկասյանն ասաց՝ ոչ։

«Մարտուն Գրիգորյանի հետ ոչ մի բանակցություն չենք ունեցել, չենք տեսել, առիթ չի եղել, որ տեսնենք իրար, բայց իհարկե, իր ազգի, իր հարազատների հետ հարգանք կա, էնպես որ ոխերիմ թշնամիներ չենք, բան չենք, ինչ ճիշտն է, դա եմ ասում»

Դիտարկմանն ի պատասխան՝ եթե Մարտուն Գրիգորյանը չմիանա, Գյումրու ավագանին չի կարողանա քաղաքապետ ընտրել, այս դեպքում ի՞նչ կլինի, Վարդան Ղուկասյանն ասաց․ «Ճիշտն ասած այս պահին ձեզ չեմ կարող պատասխանել, որովհետև ես դեռ իրոք պիտի համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը։

Նախ` պիտի համոզվեմ, դրանից հետո մենք մեր հայտարարությունը կանենք, թե ով է նպաստում ՔՊ-ին, անպայման մենք մեր խոսքը կասենք։ Այս պահին ես չեմ կարող պատասխանել, խնդրում եմ այդ հարցը ինձ չտաք, թե ինչ է լինելու, որովհետև չեմ չգիտեմ իրենց կարծիքը, բայց լսել եմ հեռուստատեսությամբ ինչ-որ ինքը ասել է, որ մենք անպայման միանալու ենք, ընդդիմության դաշտը միասին է լինելու և ՔՊ-ն չի անցնելու քաղաքում։ Էդ լսել եմ ես, սպասենք, նայենք»։

Հարցին՝ եթե ընդդիմության կողմից Մարտուն Գրիգորյանը քաղաքապետի թեկնածու առաջադրվի կամ ասենք Մարտուն Գրիգորյանն ինքնառաջադրվի, այս դեպքում ի՞նչ դիրքորոշում կունենա, Վարդան Ղուկասյանը պատասխանեց․«Գիտեք ինչ կա, այսօր իմ ձայները բոլորից բարձր է, չգիտեմ աշխարհում մի դեպք, ովքեր շատ ձայն են ունեցել, գնան, միանան քիչ ձայն ունեցողին: Եվ հետո և՛ Կարենը և՛ Ռուբենը միացել են ինձ, սպասում ենք, ինքը 6 ավագանու անդամ ունի, սպասում ենք իրեն, էդպես մտածել չի կարելի»։
Իսկ հանուն այն բանի, որ ՔՊ-ն Գյումրիում չանցնի, կգնա՞ նման զոհողության, Վարդան Ղուկասյանն ասաց, որ դեռ պատրաստ չէ այդ հարցին պատասխանել, մինչև չհամոզվի, չի ընկնի առաջ։

«Երբ եկավ էդպիսի իրավիճակ, ուրեմն կտեսնենք ինչ կանեմ»-,ասաց նախկին քաղաքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31