«Դիտորդական առաքելություն իրականացնելիս այցելել ենք Փարաքարի բոլոր 16 եւ Գյումրիի 84-ից 82 տեղամասեր»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց «Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը՝ ներկայացնելով Գյումրիի եւ Փարաքարի ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականները: Նա տեղեկացրեց, որ ընդհանուր իրենց կողմից արձանագրվել է 61 խախտում՝ 41 տեղամասերից, որոնցից ընթացակարգային խախտումները 16-ն էին: Ասաց, որ ի թիվս այլ խախտումների՝ արձանագրվել է ընտրողների ուղղորդման 7 դեպք, 5-ը Գյումրիում, 2-ը՝ Փարաքարում, վիճաբանության դեպքի են հանդիպել, որոնցից 2-ը Գյումրիում, 2-ը-ն էլ՝ Փարաքարում:
Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպքի են հանդիպել, որից 3-ը Գյումրիում, 2-ը՝ Փարաքարում, արձանագրել են նաեւ դիտորդների իրավունքների խախտման 3 դեպք, 12 դեպք էլ գրանցվել է տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց մասով: Ըստ նրա, քվեարկության նյութերի հափշտակման կամ վնասման 3 դեպք է արձանագրվել Գյումրիում, ինչպես նաեւ իրավասու մարմինների անգործության 3 դեպք:
Դանիել Իոաննիսյանն ասաց, որ եղել են հանցագործության մասին հաղորդումներ. «Մեկը վերաբերվում է հանրահայտ իրադարձությանը, խոսքը Վարդան Ղուկասյանի ենթադրյալ ձայնով ձայնագրության մասին է, մյուսը Մարտուն Գրիգորյանի անունից բարեգործության եւ նախընտրական քարոզչության մեկտեղման արգելքի խախտման՝ շիբինապատման հետ կապված, իսկ երրորդը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասով է, որը երկու հոդվածով ենք ներկայացրել՝ եւ բարեգործության արգելքի խախտման, եւ պաշտոնական դիրքի չարաշահման:
Մարտի 12-ին Սարիկ Մինասյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ տվել է մի շարք խոստումներ, այդ թվում՝ ճանապարհների հետ կապված: Այդ խոստումների մեծ մասը նախընտրական էին, որոնց հետ խնդիր չունենք: Բայց միաժամանակ ինքն ասել է, որ որպես ժամանակավոր լուծում՝ շիբինապատում կիրականացնեն: Ընդ որում, դա վերաբերվել է ոչ թե ընտրություններին հաջորդող ժամանակաշրջանին, այլ նախորդող, ինչն արդեն նախընտրական խոսում չէ: Եվ եթե դա համայնքային բյուջեով նախատեսված չի եղել, ուրեմն իրապես պաշտոնական դիրքի չարաշահում է»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի