Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք շահագրգռված ենք, որ սահմանին կայունություն լինի, և մեր նախաձեռնությունները դա են ապացուցում. ԱԳՆ մամուլի խոսնակի հարցազրույցը «Radio Senado»-ին

Մարտ 31,2025 15:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԳ նախարարի՝ Բրազիլ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հարցազրույց է տվել «Radio Senado»-ին, որը հեռարձակվում է Բրազիլի 100-ից ավել քաղաքներում՝ շուրջ 2 մլն ունկնդրով։

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի կնքման ուղղությամբ զարգացումներին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մյուս երկու ուղղություններին՝ սահմանազատմանն ու տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Բրազիլի հետ երկկողմ հարաբերություններին:

«Խաղաղության գործընթացի առաջին կոմպոնենտը խաղաղության պայմանագիրն է։ Վերջին երեք տարիների ընթացքում պայմանագրի տեքստի շուրջ եղել են ծավալուն բանակցություններ, հանդիպումներ երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների միջև, ինչպես նաև տեղի են ունեցել տեքստի վերաբերյալ առաջարկների փոխանակումներ։ Ես վստահ եմ, որ հետևել եք զարգացումներին. մենք հայտարարեցինք, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Այսպիսով, Հայաստանն, ընդունելով պայմանագրի վերջին տարբերակը, հնարավորություն տվեց ասել, որ տեքստը համաձայնեցված է, և բանակցությունները ավարտված են։ Իհարկե, հաջորդ հարցը հետևյալն է՝ ե՞րբ է պայմանագիրը ստորագրվելու։ Եթե տեքստը պատրաստ է, ապա ե՞րբ է ստորագրման պահը։ Համապատասխանաբար մենք առաջարկեցինք Ադրբեջանին ստորագրել պայմանագիրը, սկսել խորհրդակցություններ դրա ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։ Սա է ՀՀ տեսլականը»։

Անդրադառնալով այդ օրերին Ադրբեջանից հնչող՝ զինադադարի խախտումների մասին հայտարարություններին՝ Անի Բադալյանը նշել է. «Կարծում եմ՝ հստակ է, որ Հայաստանը հրադադարի խախտման մտադրություն չունի, ճիշտ հակառակը. մենք շահագրգռված ենք, որ սահմանին կայունություն լինի, և մեր նախաձեռնությունները դա են ապացուցում։ Ավելի շատ կանխատեսելիություն և ավելի հստակություն ունենալու համար մենք առաջարկել ենք Ադրբեջանին ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ, ինչպես նաև առաջարկել ենք Ադրբեջանին ստեղծել սպառազինությունների վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմ»:

Հայաստանի և Բրազիլի միջև համագործակցության վերաբերյալ Անի Բադալյանը նշել է հետևյալը. «Հայաստանի և Բրազիլի հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են։ Մեր երկու երկրների միջև կա դինամիկ քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում։ Իհարկե, այս համատեքստում պետք է նշեմ նախարար Միրզոյանի այցը, որի շրջանակում տեղի ունեցավ երկու նախարարների հանդիպումը։ Կարող եմ միանշանակ ասել, որ օրակարգը բավական լայն էր։ Առանցքում մենք ունենք քաղաքական երկխոսություն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, ինչպես նաև այն ժողովրդավարական արժեքների, որոնք, մեր համոզմամբ, մենք խորապես կիսում ենք Բրազիլի հետ»։

Հայաստանի և Բրազիլի հարաբերությունների մասին խոսելիս կցանկանայի անդրադառնալ ևս երկու հանգամանքի:

Առաջինը՝ Բրազիլը Լատինական Ամերիկայի առանցքային գործընկերներից է, և Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններից մեկն էլ այս տարածաշրջանի հետ հարաբերությունների խորացումն է: 2024թ. հենց այս օրերին տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցն Ուրուգվայ և Արգենտինա: Մենք դիտարկում ենք Լատինական Ամերիկայի երկրների հետ այս գործընկերությունն ավելի լայն տեսանկյունից՝ որպես գործընկերներ, որոնց հետ կարող ենք համագործակցել բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ միջազգային օրակարգով: Օրինակ, Բրազիլի հետ համագործակցության կոնկրետ թեմաների շարքում են կայուն զարգացումը և բնապահպանական հարցերը: Ինչպես գիտեք, Բրազիլը Բելեմում կհյուրընկալի COP-30-ը, իսկ Հայաստանն անցյալ տարի քվեարկությամբ ստացավ Երևանում COP-17-ի հյուրընկալման իրավունքը: Այսպիսով, մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Բրազիլի հետ՝ թե՛ փոխայցելությունների, թե՛ համատեղ կազմակերպվող միջոցառումների միջոցով:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31