Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր. «Ականատես»

Մարտ 31,2025 14:17

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ 

ՏԵՂԵԿԱՆՔ

Գյումրի, 31 մարտի 2025 թ․

Դիտարկման արդյունքներ

Ականատես դիտորդական նախաձեռնությունն իրականացրել է 2025 թ․ մարտի 30-ին կազմակերպված Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների հսկողություն, որտեղ գնահատել է ընտրական գործընթացների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին և միջազգային ստանդարտներին։

Առաքելության շրջանակներում ներգրավվել է 2 երկարաժամկետ և 20 շրջիկ դիտորդ։ Երկարաժամկետ դիտորդները դիտարկել են նախընտրական քարոզչության ժամանակահատվածը։ Շրջիկ դիտորդները դիտարկել են քվեարկության նախապատրաստումը և տեղամասերի բացումը, քվեարկության գործընթացը և արդյունքների ամփոփումը 82 տեղամասային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ), ինչպես նաև ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը քաղաքում։ Առաքելության շրջանակում իրականացվել է նաև թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) աշխատանքների դիտարկում։

Նախընտրական քարոզարշավն իրականացվել է մրցակցային պայմաններում և լարված մթնոլորտում։ Քվեարկությունն անցկացվել է ազատ միջավայրում և հիմնականում եղել է  լավ կազմակերպված։ Ընտրողներն ունեցել են հնարավորություն ազատ կամարտահայտման համար։

Նախընտրական քարոզարշավ 

Քարոզչություն

Ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընթացել է մրցակցային պայմաններում։ Ընտրություններին մասնակցել է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և կուսակցությունների 3 դաշինք, որոնցում ընգրկված է եղել 7 կուսակցություն։

Քաղաքական ուժերն ընդհանուր առմամբ հնարավորություն ունեցել են իրականացնելու քարոզչություն և ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը։ Միաժամանակ՝ քարոզչական նյութերի տարածման հնարավորությունները եղել են անհամաչափ տարբեր կուսակցությունների համար, ինչը որոշ չափով խաթարել է մրցակցությունը։ Մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից գործարկվող՝ 5 քմ-ն գերազանցող վահանակների տեղաբաշխման համակարգի միջոցով մեկ քաղաքական ուժ՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը զրկվել է վահանակ ունենալու հնարավորությունից, ընդ որում տվյալ խնդրին պատշաճ և ժամանակին լուծում չի տրվել ԿԸՀ-ի կողմից, չնայած որ վերջինիս պարտավորությունն է հետևել հավասարության պայմանների պահպանմանը։

5 քմ-ն չգերազանցող պաստառները հաճախ տարածվել են օրենքի պահանջների խախտմամբ․ փակցվել են չսահմանված կամ արգելված վայրերում (բազմաբնակարան շենքեր, լուսասյուներ, առևտրի կետեր, այլ հասարակական տարածքներ), չեն պարունակել օրենքով պահանջվող մակնշում (տեղեկատվություն տպաքանակի, տպարանի, պատվիրատուի վերաբերյալ), գերկենտրոնացած են եղել մեկ վայրում, ինչը խոչընդոտել է այլ ուժերի ներկայացվածությունը տվյալ տարածքում,  ասոցացվող են եղել (պատրաստվել ու տարածվել են քաղաքական ուժերի հետ ասոցացվող երրորդ անձանց կողմից)՝ անհնարին դարձնելով քարոզչանյութերի համար կատարվող ծախսերի վերահսկողությունը:

Որոշ քարոզչանյութեր վնասվել են «Սրբազան պայքար» շարժման կողմից՝ վերջինիս «Չեմ վստահում» նախաձեռնության՝ Գյումրի կատարած այցի ընթացքում։ Նաև եղել են անանուն քարոզչանյութեր, որոնք ատելության խոսք են պարունակել «Մայր Հայաստան» դաշինքի առաջին համար Կարեն Սիմոնյանի և եվրոպամետ քաղաքականության վերաբերյալ։

Նախընտրական քարոզարշավի ընթացում տարբեր քաղաքական ուժեր, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Հայաստանի կոմունիստական կուսակցության, «Իմ հզոր համայնք» կուսակցության, «Մայր Հայաստան» դաշինքի, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ներկայացուցիչները օգտագործել են ատելության խոսք՝ ակնհայտորեն միտում ունենալով նսեմացնել առանձին անհատների և խմբերի դիրքը հասարակության մեջ։ Ատելության խոսույթը տարածվել է նաև երրորդ անձանց՝ քաղաքական ուժերին փոխկապակցված լրատվամիջոցների և սոցիալական էջերի միջոցով, որոնցից որոշները ծախսել են բավականին մեծ գումար նման բովանդակությամբ քաղաքական գովազդների տարածման համար։

Նախընտրական ժամանակահատվածում տեղի են ունեցել նաև խախտումներ ընտրական գործընթացներում ներգրավված այլ անձանց՝ զանգվածային լրատվամիջոցի (ԶԼՄ), կրոնական կազմակերպության ներկայացուցչի, օտարերկրյա քաղաքացու կողմից։ Մասնավորապես՝ Civic.am լրատվական կայքը հրապարակել կամ վերահրապարակել է ընտրություններին մասնակցող թեկնածուների վարկանիշային արդյունքներ՝ հիմնված սոցիոլոգիական անհայտ հարցման արդյունքների վրա, չնայած, որ ընտրական օրենսդրության համաձայն հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր էր նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին։ Տվյալ դեպքում լրատվականը չի մասնավորեցրել, թե ով է հարցումն իրականացնող կազմակերպությունը, որին վերաբերելի են այս պահանջները։

Նախընտրական քարոզչության մեջ ապօրինի կերպով ներգրավվել է կրոնական առաջնորդ, մասնավորապես՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համաժողով, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ներկայացուցիչներ, որոնք հայտարարել են, որ իրենք սատարելու են «Մայր Հայաստանին»։

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ դիտորդական առաքելությունները, դրանցում ներգրավված կազմակերպությունները և հավատարմագրված դիտորդները չեն պահպանել քաղաքական չեզոքության կանոնները և նախընտրական քարոզչության ժամանակատվածում իրականացրել են հակաքարոզչություն։

Գրանցվել է լռության օրվա խախտում մասնակիցների մեծ մասի և վերջիններիս հետ փոխկապակցված ԶԼՄ-ների կողմից, և անգամ Հանրային հեռուստաընկերության կողմից։

Վարչական ռեսուրսի օգտագործում

Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր, որոնք անարդար առավելություն են տվել իշխող կուսակցությանը և թեկնածուներին՝ խաթարելով մրցակցության հավասարության սկզբունքը։ Մասնավորապես, օգտագործվել են ՀՀ կառավարության և Գյումրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների մարդկային, ֆինանսական, նյութական, ոչ նյութական (այդ թվում՝ իրավական և տեղեկատվական) ռեսուրսները։ Հանրային միջոցներով կատարվել են աշխատանքներ, որոնք ենթադրաբար պետք է կատարվեին ավելի վաղ ժամանակահատվածում, սակայն դրանք արվել և լուսաբանվել են հենց ընտրությունների նախաշեմին՝ հատուկ շեշտադրելով ՀՀ կառավարության աջակցությունը և/կամ մատուցելով դրանք որպես «Քաղաքացիական պայմանագիր»-ի արժանիք։

Այսպես, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար, Գյումրու համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի խնդրանքով նախաձեռնել է Գյումրու Շիրակացու փողոցի հիմնանորոգումը, այն դեպքում, երբ դրա վերաբերյալ խնդրանք ներկայացվել էր ավելի վաղ Գյումրու ավագանու կողմից, ինչը մնացել էր անարձագանք։ ՀՀ առողջապահության նախարարությունը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանին հատկացրել է 6 շտապօգնության մեքենա, որոնք ստացվել են Կորեայից՝ որպես նվիրատվություն։ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը 2025 թվականի փետրվարին գրավոր դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ստացել Երևանի քաղաքապետարանի աջակցությունը՝ Գյումրի համայնքի վարչական տարածքում թափառող շների ստերջացման գործընթացի կազմակերպման հարցում:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում և ընտրական գործընթացների համատեքստում տեղ են գտել իրավապահ համակարգի ոչ համաչափ միջամտության փորձեր որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ, քրեական վարույթների շրջանակում առկա փաստերի, ձայնագրությունների արտահոսք՝ այդ թվում իշխանության հետ փոխկապակցված ԶԼՄ-ների միջոցով։ Որոշ դեպքերում առկա չէ բավարար տեղեկություն և հստակություն իրականացվող իրավապահ մարմինների գործողությունների և դրանց հիմքերի վերաբերյալ։

Հանրային հեռուստատեսությունը կողմնակալությամբ է լուսաբանել Գյումրիում տեղի ունեցող նախընտրական զարգացումները։ Մասնավորապես մինչև նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը «Լուրեր»-ի թողարկման և «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում հաճախակի լուսաբանվել են իշխանության ներկայացուցիչների ելույթները, մեջբերումներ սոցիալական ցանցերում նրանց կողմից կատարված գրառումներից, ընդդիմադիր ուժերի վերաբերյալ հակաքարոզչություն։ Ի լրումն, «Լուրեր»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում առկա են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Սարիկ Մինասյանի մասին բազմաթիվ լուսաբանումներ, մինչդեռ ընդդիմադիր թեկնածուների մասին՝ առկա չեն։

Քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկություն

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերի նախընտրական հիմնադրամների նվիրատվություններում և թեկնածուների գույքի և եկամուտի հայտարագրերում առկա են խնդիրներ։

Մի քանի ուժերի նախընտրական հիմնադրամները ձևավորվել են բացառապես թեկնածուների նվիրատվությունների միջոցով, սակայն նրանց կողմից մուծված գումարները չեն համապատասխանում իրենց եկամուտներին, հատկապես որ նրանցից շատերը չունեն զբաղվածություն։ Այսպիսի խնդիր մասնավորապես արձանագրվել է հիմնականում «Մայր Հայաստան» դաշինքի  և հատվածային՝ այլ ուժերի պարագայում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը,  «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Մեր քաղաքը» դաշինքը օգտագործում են շտաբային տարածքներ, սակայն հիմնադրամների հայտարագրերում՝ կամ ամբողջովին, կամ մասամբ բացակայում են շտաբային տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Հայտարարագրերում ներառված չեն նաև սոցիալական ցանցերում գովազդների վրա ծախսված գումարները, որոնք փոքր չեն։

«Եվրադաշինք» դաշինքի նախընտրական հիմնադրամի հայտարարագրում կարելի է տեսնել մի քանի նվիրատվություններ, որոնք նախատեսված չեն օրենքով, մասնավորապես իրավաբանական անձից են կամ՝ անանուն։

Հաշվի առնելով, որ այս ընտրությունների համար կուսակցության նվիրատուների տվյալները հանրայնացվելու են միայն հաջորդ տարի, ընտրողը հնարավորություն չունի պարզելու թե ինչ աղբյուրներից են ձևավորվել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական հիմնադրամի միջոցները, որոնք գոյացել են բացառապես կուսակցությունների կողմից։

Քվեարկության օր

Քվեարկության օրը ընտրական գործընթացները հիմնականում ընթացել են խաղաղ, սակայն լարված մթնոլորտում։ Դիտարկված տեղամասերում քվեարկության նախապատրաստման, բուն քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացները հիմնականում կազմակերպվել են օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան՝ առանց լուրջ խախտումների։

Ականատեսի դիտորդներն արձանագրել են հետևյալ խախտումները։

  • 31/01, 31/02, 31/03, 31/05, 31/07, 31/08, 31/19, 31/23, 31/29, 31/43, 31/44, 31/46, 31/47, 31/50, 31/51, 31/55, 31/56, 31/57, 31/70, 31/79 տեղամասերի կահավորումը կատարվել է օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։
  • Նախապատրաստական փուլում 31/22 և 31/42, իսկ ընտրությունների ընթացքում 31/21, 31/68, 31/69, 31/79 ընտրատեղամասերում միևնույն քաղաքական ուժից՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունից միաժամանակ ներկա է եղել 2-ական անձ։ Ժամը 9:45-ին Ականատեսի կողմից ԸԸՀ-ին իրազեկելուց հետո նման խնդիր այլևս չի նկատվել։
  • 31/78 տեղամասում ժամը 13:00-ի սահմաններում Գյումրու ծերերի խնամքի կենտրոնի աշխատակիցը յոթից ավել տարեց անձանց ուղեկցել է ընտրատեղամաս, այնուհետև առանց գրանցամատյանում որևէ մեկի համար որպես օգնող գրանցվելու՝ ուղղորդել, թե ում քվեարկեն՝ մատնանշելով թիվ 8՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը։
  • 31/69 տեղամասին հարող 50 մետրը չգերազանցող տարածքում պարբերաբար եղել են մարդկանց կուտակումներ, տարածքում գտնվել են ոստիկաններ, սակայն անձիք լքել են տարածքը միայն ԶԼՄ ներկայացուցիչների ժամանելուց հետո, նույն ընտրատեղամասում անձինք քվեարկելուց առաջ և հետո այցելում էին ընտրատեղամասին հարող խանութ, նաև կուտակված անձանց միջև տեղի է ունեցել ընդհարում։ Ոստիկանությունը պատշաճ չի արձագանքել տվյալ տեղամասից դուրս կուտակումներին և հասարակական կարգի այլ խախտումներին։
  • 31/46 տեղամասում ժամը 14:35-ին ընտրողը բացահայտել է իր քվեարկությունը՝ բղավելով․ «ու՞ր է Վարդան Ղուկասյանի քվեաթերթիկը, տվեք միայն Ղուկասյանի քվեաթերթիկը», «էլ ում պետք է ընտրենք, եթե ոչ իրեն», այնուհետ տրվող փաթեթից վերցրել է միայն թիվ 2՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության քվեաթերթիկը և մտել քվեախցիկ ու քվեարկել։ Այնուհետ, սակայն, նա վերադարձել է, վերցրել քվեաթերթիկները և նետել չօգտագործված քվեաթերթիկների համար հատկացված արկղը։ Այդ մասին գրանցամատյանում կատարվել է գրառում։
  • 31/69 և 31/70 ընտրատեղամասերի հարակից տարածքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրները փորձել են խոչընդոտել դիտորդների աշխատանքը։ Նրանք ընտրատեղամասերի մուտքերի մոտ բարձրաձայն քարոզչություն են իրականացրել՝ բղավելով, որ «միևնույն է, ՔՊ-ն հաղթելու է»։ Դիտորդների կողմից արձանագրվել է, որ ոստիկանները չեն արձագանքել իրավիճակին։ Դիտորդների պահանջին միջամտել և կանխել քարոզչությունը՝ իրավապահները պատասխանել են, որ բղավողները «հիվանդ մարդիկ են»։
  • 31/49 տեղամասում ընտրողը քվեարկություն կատարելուց հետո իր հետ տեղամասից դուրս է հանել չօգտագործված քվեաթերթիկների փաթեթը։ Այդ մասին գրանցամատյանում կատարվել է գրառում։
  • 31/23, 31/46,  31/53, 31/65 31/69, 31/70 տեղամասերում արձանագրվել են մարդկանց կուտակումներ։
  • 31/65 տեղամասում «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդները ցուցաբերել են կողմնակալ վերաբերմունք՝ ի նպաստ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածուի։ Հաշվարկի ընթացքում դիտորդները մի քանի անգամ 8 համարի քվեաթերթիկը դուրս գալիս` ոգևորված բացականչություններ են արել։
  • Որոշ քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների բնակության և ազդեցության թաղամասերում նկատվել են կուտակումներ և լարվածություն։

Թիվ 31 ԸԸՀ-ում ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացի ժամանակ արձանագրվել են կազմակերպչական բացթողումներ։ Փաստաթղթերի ընդունման գործընթացում ընդգրկված ընդամենը երկու անձը չեն կարողացել ապահովել արդյունավետ աշխատանք, ինչը հանգեցրել է ժամերով ձգվող հերթերի։

ՏԸՀ կողմից ԸԸՀ ներկայացված արձանագրությունների և ընթացիկ փաստաթղթերի մեծ մասը լրացված են եղել տեխնիկական սխալներով, արձանագրություններում առկա են եղել թերություններ, իսկ որոշ փաստաթղթեր կնքված չեն եղել, ինչը վկայում է տեղամասային հանձնաժողովների անդամների ոչ լիարժեք պատրաստվածության և նախապատրաստական դասընթացների անբավարար արդյունավետության մասին։

Դիտորդական առաքելությունն իրականացում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի նվիրատուների տեսակետները։

«Ականատես» դիտորդական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31