«Ասում են, որ դուք ծառեր եք կտրում, ամենուրեք սակուրաներ տնկում»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին ժպիտով դիմեց Տիգրան Ավինյանը։
«Դրանք թեղիներ են, կարող են տեսնել, թե ինչ ծառեր ենք կտրում: Մենք բազմաթիվ գրություններ ենք ստացել Կառավարության շենքի կողքերով եւ ետնամասով՝ Մելիք Ադամյան փողոցում, շատ խիստ վթարային, ծեր, փտած, հիվանդ թեղի տեսակի ծառատեսակների մասին է խոսքը, որոնք դեռեւս 2022 թվականից ներառված էին ծրագրում՝ փոխարինման համար։
Արդյունքում, այդ փողոցում երկու օրվա ընթացքում մեզ հաջողվել է բերել ջրագիծ, անցկացնել բոլորովին նոր ոռոգման համակարգ, հեռացվել են 59 թեղի տեսակի ծեր, փտած, գրեթե սաղարթ չձեւավորող ծառեր, դրանց փոխարեն տնկվել է 82 կատալպա գնդաձեւ ծառատեսակ, որոնք իրենց չափսերով ավելի մեծ են, քան նրանք, որոնք տնկվել են Թումանյան փողոցում: Սրանք մոտ 15 տարեկան ծառեր են»,- պարզաբանեց Արմեն Բեգոյանը։
Տիգրան Ավինյանը անդրադառնալով ծառահատումների թեմայով ֆեյսբուքյան գրառումներին՝ խնդրեց, որ Բեգոյանը պատասխանի դրանց: «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենն ասաց, որ պնդումները, թե բոլոր ծառերը կտրում եւ դրանց փոխարեն սակուրաներ են տնկում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ տնկված 20 հազար ծառերից ընդամենը 100-ն է սակուրա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում՝ ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ