«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Փարաքարում պարտվելն ու Գյումրիում չհաղթելը հաստատում է կրկնված ճշմարտությունը, որ ռուսական ազդեցության հենասյուները՝ կրիմինալը և կոռուպցիան չեն վերանում դատարկ խոսքերով ու ճառերով, այլ պետության ինստիտուցիոնալ կամքով, արդարադատության գործող համակարգով և հանրային տոկունությամբ։
Այսօր ֆիքսվեց, որ հեղափոխական էյֆորիան սպառվել է, իսկ իրականությունը վերադարձել է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել էր՝ 2018-ի մարտ ամիս։ Կասկածները, վախերը, հիասթափությունները կրկին թափանցել են հանրային գիտակցություն՝ փոխարինելով հույսն ու հավատը։
Իշխանությունն այդ հույսը չկարողացավ վերածել հիմնարար փոփոխության։ Այն չապահովեց պետության ապաքրեականացումը, չկառուցեց վերահսկելի և հաշվետու ինստիտուտներ, չձևավորեց արժանապատիվ քաղաքական մշակույթ։ Իսկ եթե հեղափոխությունն ի վիճակի չէ մաքրել համակարգը, ապա համակարգը կլանում է հեղափոխությունը։
Կարդացեք նաև
Այս ընտրական շրջափուլը՝ Փարաքարն ու Գյումրին ցույց տվեցին մի պարզ բան. հանրությունը այլևս չի առաջնորդվում հիշողությամբ, այլ պահանջով։ Մարդիկ ցանկանում են տեսնել ապացույցներ, ոչ թե մահանաներ ու պատրվակներ։ Իրավիճակն ավելի վտանգավոր է, քան թվում է, քանի որ հնի վերադարձը այլևս ռիսկերով չէ պայմանավորված, այլ՝ շոշափելի իրողություններով։
Սա վերջին ահազանգերից է պետականության համար։ Մեզ անհրաժեշտ է նոր՝ հավասարակշռված, սկզբունքային և վճռական քաղաքական ճարտարապետություն։ Ոչ թե մարդկանց փոփոխություն, այլ՝ մտածողության և ինստիտուցիոնալ որակի փոփոխություն։
Հեղափոխությունը չի ձախողվել միայն նրա համար, որ հները վերադառնում են խմբերով: Այն ձախողվել է, որովհետև պետությունը չդարձավ գաղափար, արժեհամակարգ, վարք։ Այժմ ժամանակն է կանգ առնելու, դասեր քաղելու և վերագտնելու իրական ժողովրդավարության ճանապարհը՝ սթափ, խորքային առանց խոսքի ու կենացի: