Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի եսապաշտական ու բախտախնդիր քաղաքականության հետեւանքով կտուժեն բոլորը, սա պետք է սթափեցնի մեր ժողովրդին»

Մարտ 31,2025 13:30

«Առավոտի» զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։

– Պարոն Կարաբեկյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չպետք է շարունակի Ղարաբաղյան շարժումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս թեզերը, ի՞նչ հետեւանք սա կունենա հայ ժողովրդի համար։

– Հայաստանի ղեկավարը դասը վատ սովորող աշակերտի է նման, ամեն անգամ փորձում է իր վրա ուշադրություն հրավիրել, ստիպել, որ ուսուցիչը, այսինքն՝ հզոր երկրներն իր վրա ջղայնանան, դասարանից հեռացնեն, միայն թե դասը չպատասխանի, այսինքն՝ պատասխան չտա ոչ արտաքին դերակատարներին, ոչ էլ հայ ժողովրդին։ Բնական է, որ Ղարաբաղյան շարժումն այն շարժումն է, որի արդյունքում ծնվեց այդ պետությունը՝ Երրորդ Հանրապետությունը՝ իր թերություններով ու առավելություններով հանդերձ։ Եվ սա այն շարժումն է, որը մեզ միավորեց՝ բերելով այն բոլոր հաղթանակները, որոնցով մենք անվտանգ ապրում էինք։ Այսինքն՝ ինքն ասում է, որ պատրաստ է ամեն ինչ զոհաբերել, որպեսզի հեռանալու դեպքում արտաքին ուժերից, այդ թվում՝ Թուրքիայից ստանա անվտանգության երաշխիքներ։ Երկրորդ, ինքը պատրաստ է ներքին դաշտում իրավիճակն ապակայունացնել, որպեսզի հնարավոր լինի գալիք պարտություններից մարդկանց ուշադրությունը շեղել։ Իսկ հաղթանակներ իր իշխանության դեպքում հնարավոր չեն։ Այսօր Գորիսի ուղղությամբ, այլ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ կան, բայց ասում են՝ դրանք վտանգավոր կրակոցներ չեն։ Հայաստանը փոքր երկիր է, հրադադարի ցանկացած խախտում վտանգ է գեներացնում ամբողջ սահմանի երկայնքով։ Մանավանդ մենք գիտենք թշնամու մտադրությունները։ Այսինքն՝ այն քայլերը, որոնք Փաշինյանն անում է, կարծես թե հող է նախապատրաստում գալիք անհաջողությունները իրենից շեղելու համար։

Այս ամենի համատեքստում այդ «խաղաղության պայմանագիրը» կապիտուլյացիայի պայմանագիր է, խաղաղություն մուրալ է, որն Ադրբեջանը ցուցադրաբար ու արհամարհաբար մերժում է։ Նիկոլ Փաշինյանի ֆիասկոն միայն այս դաշտում չէ, նաեւ տնտեսական դաշտում է։ Ինքը մեղադրում է ընդդիմության ներկայացուցիչներին կոռուպցիայի, տնտեսական ձախողումների մեջ, մինչդեռ փաստեր են ներկայացվում, որ հենց այս իշխանության օրոք կոռուպցիան աճել է։ Այսինքն՝ այս ներկայացումներով Փաշինյանը փորձում է այդ ամենը բարդել ժողովրդի վրա։ Առաջին հերթին փորձում է պահպանել իր իշխանությունը, գիտեք, որ մարտի 30-ին Գյումրիում ընտրություններ են լինելու։ Պլան Բ-ն հետեւյալն է՝ ամեն ինչ թողնել ու հեռանալ, իսկ պլան Ց-ն այդ դժգոհության ֆոնի վրա ինչ-որ գործողություններ սկսել, որը կերկարաձգի ժամանակը։ Չէ՞ որ աշխարհը ցայտնոտնի մեջ է։ Մեր էլիտայի վատթարագույն հատկանիշն այն է, որ իրենք միշտ նայում են արտաքին դերակատարների հրահանգներին։ Օրինակ՝ ակնկալիք կար, որ Ուկրաինայում պատերազմը շուտ կավարտվեր Ռուսաստանի հաղթանակով կամ խաղաղության պայմանագրի կնքմամբ, որից հետո հնարավոր է՝ Ռուսաստանը դիրքերն ամրացներ Հարավային Կովկասում։ Մինչդեռ, դա սխալ է, սին պատրանքներով տարվելը, երկրի ու ժողովրդի առաջնահերթ խնդիրները անտեսելով, շատ վտանգավոր ու բախտախնդիր քաղաքականություն է։

– Հասարակությունն ի՞նչ անելիք ունի, ինչո՞ւ է հաշտվում այս ամենի հետ։

– Այս ամենը պետք է սթափեցնի մեր ժողովրդին ու քաղաքական դաշտը։ Ի վերջո, բոլորն են անխտիր գնալու կործանման՝ փոքր երեխայից մինչեւ ծեր մարդ, քաղաքական գործչից մինչեւ բիզնեսմեն, զինվորական բոլորը զոհ են դառնալու։ Եսապաշտական ու բախտախնդիր քաղաքականության հետեւանքով կտուժեն բոլորը, եւ բոլորը պետք է դիմագրավեն այդ վտանգին։ Փաշինյանն այս իր քաղաքականությամբ ազգը կործանում է, բայց Հուդային 30 արծաթից ավելի չեն վճարում։ Այդ քայլերը կատարելով՝ ինքն իր պատվիրատուների աչքին արդեն օգտագործված է համարվում։ Իր ֆիզիկական գոյությունը կփրկեն, թե ոչ, Աստված գիտի, բայց փաստն այն է, որ ինքն արդեն իր պատվիրատուներին պետք չէ։

Փաստորեն, այս իրավիճակում մենք փորձում ենք ցույց տալ, որ թեկուզ համաշխարհային գլոբալիզմը չունի ընդգծված քաղաքական հասցեատեր, եւ հզոր երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Անգլիան փորձում են պահպանել ներկա աշխարհակարգը, ծառայել սիոնիզմի շահերին, սակայն նրանք փորձում են նաեւ հաճոյախոսել գլոբալիզմին եւ կարծես թե հեռանում են այն ամենից, ինչն ազգային է, կապում է մեզ մեր ավանդական մշակույթի, կրոնի, կրթության հետ։ Կարծես թե այդ թելերը կտրվում են հետզհետե, նոր կրթական ստանդարտներ են ներմուծվում, որը պետք է Հայաստանը հարմարեցնեն թուրքահաճո համակարգին։ Սակայն այդ ամենը կարող է ծայրահեղ վտանգ դառնալ։ Մենք Սուրբ գրքից գիտենք, թե ինչի է դա հանգեցնում։ Նույնիսկ հզոր իշխանությունը կամ պետությունը, Աստծուն ձեռնոց նետելով, որեւէ փրկություն չի ստացել։ Հակաաստվածային քաղաքականություն տանելը կարող է կործանարար լինել մեզ հաար։ Եվ սա մեր հոգեւոր գործիչներին էլ է վերաբերում, իրենք չեն կարող այս քաղաքականությանը կոմպրոմիսային մոտեցում ցուցաբերել, չեն կարող չեզոք մնալ։ Աստծո դատաստանը հիշենք, որ Եկեղեցուց է սկսվում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31