Անցած դարի 60-ականների սկզբի հունիսյան մի օր՝ գարնան ճարճատող կայծակի պես, գյուղում որոտաց լուրը, բայց այն չմարեց, այլ ծամոն դարձավ, ընկավ գյուղացիների բերանը թե.
– Ասոյենց Ռուպի Նուռիջանը փախցրել է Դարբին Ռուբենի Սոֆիկին։
-Վա՛յ, հոր գլխարկը գետնով է տվել, -ասում էր մեկը։
– Է՛, Սոֆիկի զրնգուն երգն ու ծիծաղը խելքամաղ են արել տղին, -ասում էր մյուսը։
Կարդացեք նաև
-Էդ չքավոր տո՞ւնը, տղան այդ վիճակում եւ Մարանի մոտ հա՞րս,-ասում էր հաջորդը։
Իրոք, Նուռիջանը երիտասարդ տարիքում ընկել էր կոմբայնի բերան, կորցրել մի ոտքը, գուցե նաեւ այդ պատճառով աղջկա հայրը դեմ էր նրանց ամուսնությանը։
Տղայի կողմից մի քանի անգամ գնացել էին խնամախոս՝ նրանց տանը ծարավները հագեցնելու, բայց Սոֆիկը ջուր չէր տարել սենյակ։ Այդ տանը բացեիբաց չէին խոսում հոր մոտ, ուր մնաց թե Սոֆիկը համարձակվեր բարձրաձայն «այո՛» ասել, թե ուզում է։
(Միջանկյալ նշեմ, որ Սոֆիկի եւ Նուռիջանի տոհմական ազգանունները Ասատրյան են, թեեւ ազգակցական կապ չունեն միմյանց հետ, իսկ նրանց հայրերի անունը՝ Ռուբեն է, մեկը՝ Դարբին Ռուբեն, մյուսը՝ Ասոյենց Ռուպ)։
Նուռիջանի մայրը՝ Մարանը, միջահասակից բարձր, համարձակ, շիտակ խոսքը մարդկանց ճակատին ասող կին էր։ Իսկ Նուռիջանը կտրիճ տղա էր, աներկյուղ, առանց արյուն թափելու փախցրեց սիրած աղջկան, հո չէր թողնի, որ ուրիշին բաժին դառնար…
Հետո Սոֆիկը պիտի դառնար Մարանի սիրելի հարսը, իսկ Նուռիջանը՝ դարբնի գովելի փեսան, բայց դա հետո էր։ Դժվարին գործն այն օրերին խնամոնց հաշտեցնելն էր։ Մեկ ամսից ավելի գնացին-եկան, բայց Ուստա Ռուբենի «սրտից արյուն էր կաթում», եւ ավանդապահ էր՝ «Մշեցու կողով»՝ «Գոմեշ մը կիտամ, հըմը մեղա ասու չըսեմ»։
Խնդրեցին հորս, որը հաշտարար դատավորի համբավ ուներ գյուղում։ Ասում էին՝ իր մատը խառն է եղել փախցնելու հարցում եւ ուստա Ռուբենի հետ հարազատորեն սիրում էին իրար, բացի այդ, սուրբ մյուռոնով էր օծված Դարբնի եւ մեր տոհմի բարեկամությունը՝ շատ ընտանիքների քավորն ու կնքահայրն էր նա։
-Ռուբեն ջան, արի, քարը թափի գոգիցդ, Աստված սիրես, մի մտնի մատի եւ մատանու արանքը, աղջիկն ու տղան սիրում են իրար,- հորդորել է հայրս։
-Ժորժիկ ջան, եթե դու ես ասում,- տեղի է տվել ուստան, մանավանդ որ ավագ որդին՝ Հրանտը ընտանեկան երջանկությունը գտել էր հորս շնորհիվ, նրա կինը՝ Ֆենիկը, հորս մտերիմ ընկերոջ՝ ջարջառիսցի Վազգենի (Վազիկի) քույրն էր…
***
Դարբին Ռուբենը ծնվել էր 1915 թ. Մեծ եղեռնի տարում։ Դարբինների համբավավոր Ասատրյան գերդաստանը Մշո Գավառի, Բուլանըխի գավառակի Ոտնչոր կամ Ոտնջուր գյուղից էր։ 1915 թ. թուրքերը հիմնահատակ ավերել էին նաեւ վարժարան եւ երկու եկեղեցի ունեցող շեն գյուղը։ Ռուբենի ծնողները՝ Ներսեսը եւ Հերիքնազը՝ հինգ որդիների հետ՝ ավագ որդին՝ Մուշեղը 20 տարեկան, իսկ Ռուբենը՝ 40 օրական մոր գրկում (հինգամյա դստեր՝ Հայաստանի գերեզմանը թողնելով Ոտնչորում), սայլն առջեւներն արած, միացել են պապենական հողերը, տուն ու հարազատ կորցրած տարաբախտ փախստականների խմբին։ Մահվան երթում քայլելով, որքա՛ն զրկանքներ ու թշվառություն կրեցին նրանք՝ հարազատների կորստի կսկիծը սրտներում, ավերված ու այրված, լքված գյուղերի միջով անցնելիս՝ ի՛նչ կանչեր ու ձայներ էին ուղեկցում իրենց, եւ չգիտեին, թե ո՞ւր են գնում, ի՞նչ է սպասում իրենց։
Ի՞նչ ապրումներ ու զգացողություն ունեցավ Ներսեսը, երբ մեծ դժվարությամբ մի գետանցման ժամանակ՝ կնոջ տանջահար, ուժասպառ վիճակը տեսնելով, հորդորեց նրան.
-Հերիքնազ, հոգիս, գրկիդ բարուրը նետենք գետը, գոնե մնացածին փրկենք,-ցույց տալով սայլին պառկած դալկահար փոքրիկներին, որոնց հայրը հազիվ է փրկել գետի հորձանքից։ Հերիքնազի սիրտը դող է պատում.
– Մեղք է, Ներսես, ինձի որդուս հետ կնետեմ գետը, արցունքներն աչքերին կմկմացել է կինը։
Այն օրերին հայոց գետերը՝ դաշտ ու այգի ոռոգելու փոխարեն, մոր ու մանկանց դիակներ ու փշրված գանգեր էին տանում, արյուն էր հոսում մեր գետերով…
Ճակատագիրը բարեհաճ եղավ Ռուբենենց գերդաստանի հանդեպ, հարյուր հազարավոր փախստականների թվում, նրանք էլ հասան Մայր Հայաստան, որն այն օրերին սովի, ցավի եւ հիվանդության համաճարակի մեջ էր, եւ դեռ շատ արհավիրքներով պիտի անցներ, բայց գրկաբաց ընդունեց իր թշվառ ու անօգնական ծվեններին…
Աստված այդ գերդաստանի տղամարդկանց թեւերին «ոսկե բիլազուկ» էր հագցրել։ Ռուբենի հայրը, երկու որդիները՝ Մուշեղը եւ Մովսեսը՝ բազմանդամ ընտանիքի կարիքները հոգալու համար, դարբնություն արեցին Հայաստանի շատ վայրերում՝ Շիրակի, երեւանամերձ գյուղերում, Հաջի Խալիլում (Ծաղկահովիտ), Մելիքգյուղում։ Նրանց ընտանիքը վերջնական հանգրվան գտավ Քեշիշքենդում։
Արհավիրքից փրկված Մուշի եւ մերձակա գյուղերի չորս տասնյակից ավելի փախստականներ՝ այն օրերին, ապաստան գտան Գեղարոտում։ Տեղացիների նախնիները դեռեւս 1828 թ. Ստեփանավանի Ուռուտից եկել, եւ Արագածի վեհաշուք հայացքի առաջ հիմնադրել էին նորօրյա գյուղը՝ Քեշիշքենդը (Գեղարոտ)։ Այն դեռ Վաղ Բրոնզե դարում բնակատեղի է եղել, իսկ հիմնադիրների մի մասը արմատներով Մուշից եւ Բուլանըխից էին, շուրջ 80 տարի հետո, դարձել էին տեղաբնիկ՝ լացն ու ուրախությունն աչքերին, գրկաբաց ընդունեցին ցեղասպանությունից փրկված ազգակիցներին։ Նորեկներին գաղթական կոչեցին. գաղթական Վանոն, գաղթական Արտավազդը, գաղթական Բայրիգը, գաղթական Շահենը, գաղթական Ներսեսը, գաղթական Մանուկը եւ…
Նրանց մի մասը գյուղի հարավ-արեւելյան անբնակ վայրում՝ «Բոթոյի քարափի» հարեւանությամբ, քարը քարին դնելով, նոր տուն ու տեղի տեր դարձան, նոր թաղամաս հիմնեցին, որը կոչվեց «Քռոյի մահլա»։ Այդ թաղամասում էր ապրում նաեւ Դարբին Ռուբենենց գերդաստանը։
Հետո շատ ջրեր հոսեցին, շատ ավեր ու մահեր եղան այստեղ, նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի բոթը հասավ սարերի գլխին ծվարած Գեղարոտ: Թեեւ պատերազմը հեռու էր գյուղից, եւ ռումբեր ու արկեր չեն պայթել գյուղում, բայց այն մտավ ամեն տուն։ Տղամարդիկ մեկնեցին, գյուղը դատարկվեց: Պատերազմ մեկնողների թվում էին նաեւ Ներսեսի երկու որդիները՝ Գեղամն ու Առաքելը, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի, եւ որոնց անունը փորագրված է զոհվածների հիշատակը հավերժացնող քարե կոթողին:
***
Արեւմտյան Հայաստանի Ոտնչորում Ներսես Ասատրյանի գերդաստանում դարբնությունն անհիշելի ժամանակներից տոհմական արհեստ էր՝ հորից որդուն ժառանգված, որը մնացել է իրենց ընտանիքի ներսում։ Հայրն աշակերտել էր հոր մոտ, իր մոտ աշակերտել եւ վարպետացել էին երեք որդիները՝ Մուշեղը, Մովսեսը եւ Ռուբենը, իսկ Ռուբենի մոտ վարպետացել էին երկու որդիները՝ Հրանտը եւ Ռաֆիկը։
Ուստա Ռուբենը թխահեր, փոքրահասակ, խաթրաշահ, պատվախնդիր, ավանդապահ մարդ էր, մեծ հարգանք ու պատիվ էր վայելում գյուղում, եւ մեծ համբավի տեր էր տարածաշրջանում, որովհետեւ պատերազմի տարիներին՝ բազմանդամ ընտանիքի հացը վաստակելու համար, նա դարբնություն է արել նաեւ Շիրակի գյուղերում։
Ասատրյան ազգանունի նման՝ նրա մաշկից կպած էր Դարբինը։ Գյուղի «խերին ու շառին» գրեթե չէր խառնվում, օրն անցնում էր դարբնոցում՝ քուրայի առաջ կանգնած գործիքներ էր կռում զնդանին։ Նրա դարբնոցը ոսկերչի եւ ժամագործի արհեստանոցի նման մաքուր էր, գործիքները շողշողում էին մաքրությունից։
Գոլերի (Գեղարոտ գետ) հարեւանությամբ, հետագայում քարե պարսպապատ հսկայական տարածքում էր գտնվում սովխոզի մեքենատրակտորային պարկը (այսօր Ամիրխանյան Մելսիկի որդու՝ Խորենի ընտանիքն է ապրում այնտեղ), որտեղ նաեւ դարբնոցն էր, պարկ մտնելիս սալին մետաղի կռող ու կոփող թրխկոց ու չըխկոց էր շարունակ լսվում։ Բարի ու բարյացակամ էր Դարբին Ռուբենը, մարդկանց խնդիրքը չէր մերժում, միայն ասում էր. «Մի քիչ համբերեք», որովհետեւ մշտապես հարյուրավոր պատվերներ ուներ ձեռքին…
Հարսիս համար բարի պապիկ էր։ Սիրով հիշում է, որ թոռնուհու՝ Ասյայի հետ Վանաձորի տեխնիկումում սովորելու տարիներին, ամեն կիրակի գյուղից մեկնելիս Ռուբեն պապիկը երեքական ռուբլի էր դնում Ասյայի եւ Մարիետայի գրպանները։
Տանը լոմ (լինգ) է հարկավոր եղել, եղբայրս այն պահին է հասել դարբնոց, երբ Ուստա Ռուբենը դուռը փակում է։
-Վարպետ ջան, լոմ է հարկավոր։
-Ախպոր տղա,- ասելով նստել է եղբորս մեքենան,-գնանք տուն, մի կտոր հաց ուտենք, լոմը կեղնի։
Տուն հասնելուն պես.
-Հայաստան, հաց բեր, էն մեր օղուց բեր։
Ուստա Ռուբենին վեց զավակ՝ երեք որդի, երեք դուստր, պարգեւած Հայաստանը խանում-խաթուն, խոնարհ կին էր։ Նա սուփրա է բացում։ Արդեն ուշ ժամի եղբայրս փորձում է հրաժեշտ տալ։ Ուստա Ռուբենը, թե.
-Դավիթ ջան, դու մի բանի համար եկա՞ր։ – Հայաստան մեր լոմը բեր, թող Դավիթս տանի, ես մեր տան համար կպատրաստեմ։ Կարծեմ, սրա համար է ժողովուրդն ասում. «Դարբնի տանը խաչերկաթ չկա»:
Իմ հիշողության մեջ այդ կարճահասակ, հրաշագործ մարդը մնացել է միշտ դարբնի սեւ գոգնոցը հագին, դարբնոցի բորբոք քարե քուրայի առջեւ կանգնած՝ ունելի, թոնրաշիշ, խաչերկաթ, բանջարաքաղի (շեղբիկ), ուրագ եւ այլ գործիքներ զնդանի վրա կռելիս: Գյուղում տնտեսական ապրանքների խանութ հարկավոր չէր, երբ ապրում էր Ուստա Ռուբենը։ Եթե տանը որեւէ տնտեսային կամ կենցաղային իրերի կարիք լիներ, մայրս հանձնարարում էր արագ վազել դարբնոց՝ թոնրաշիշ, խաչերկաթ կամ այս ու այն իրը բերելու՝ կարծես շուկա է ուղարկում: Այդ պահին հիացած, զարմացած նայում ու մտածում էի, թե տեսնես իր ողջ կյանքի ընթացքում նրա կոշտացած եւ արարչագործ ձեռքերով քանի՜-քանի տոննա տաք երկաթ դողաց զնդանին՝ կռեց ու կոփեց, հինը փոխեց, քանի՞ հարյուր հազար անգամ նրա մուրճը անշեղ հարվածեց շիկացած երկաթին, եւ որը մեծ արագությամբ նոր ձեւ ու բովանդակություն ստացավ՝ ինչպես կավը՝ վարպետ բրուտի ձեռքում: Րոպե առաջ պատրաստված գործիքն ընկղմում էր սառը ջրի մեջ եւ, մի քանի րոպե անց, այն պատրաստ էր:
Եղբայրս հիշեցրեց, որ պատրաստի գործիքների վրա դրոշմված էին Ուստա Ռուբենի ազգանունի եւ անձնանունի սկզբնատառերը՝ Ռա, որոնց հետ մարդիկ տանում էին նաեւ դարբնի սրտից մի պատառ։ Չկար մի տուն, որ Դարբին Ռուբենի ձեռքերով պատրաստած մետաղյա իրեր չունենար, այսօր էլ դեռ կան: Իսկ գեղարոտցին սիրով եւ օրհնությամբ է հիշում նրա անունը։
Նա մի սովորույթ ուներ՝ այս կամ այն խնդրով իր մոտ եկողին՝ դարբնոցի կանաչավուն, զինվորականի թեյնիկով, ուղարկում էր «Գեղի աղբրից» սառը ջուր բերելու:
-Օխա՛յ,- անելով էր խմում։ Կարծեմ, կրակարանի առջեւ կանգնած դարբնի ներսն այրվում էր եւ անվերջ ծարավում…
Ուստա Ռուբենի համեստ, խոնարհ ու աշխատասեր երեք որդիներից Հրանտը եւ Ռաֆիկը ժառանգել են հոր արհեստը, առանձնապես Ռաֆիկը ժառանգել է հոր բացառիկ վարպետությունը, իսկ Ռազմիկը վարորդ է գյուղում, որը սուրբ մասունքի պես է պահում եւ փայփայում հոր գործիքներն ու իրերը։
Ապրեց ու արարեց Ուստա Ռուբենը հանուն տոհմի շարունակության, տեսավ վեց զավակների թագ ու պսակը, տասնյակ թոռներով ու ծոռներով սեղան նստեց։ Վերընձյուղվեցին նրա փրկված շիվերը, որպեսզի հօդս ցնդեր թուրք բարբարոսների՝ հայաջինջ ոճրագործ պլանը, իրենց ապրելով վրեժ լուծեցին ցեղասպաններից, որոնք երկիրը խլեցին, բայց հայի անպարտելի ոգին, ապրելու կամքը ի զորու չեղան բնաջնջել։ Կյանքին հրաժեշտ է տվել 1991 թ. հունվարի 11-ին։
Սիրելի Հրաչօի խոսքով՝ «Երանի՛ այսպես եկող-գնացողին»։
Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վիսբադեն, մարտ, 2025
«Առավոտ» օրաթերթ
29.03.2025