Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է փոխել ՀՀ սահմանադրությունը, բայց ոչ Ալիեւի պահանջով. Սահմանադրության առաջին հոդվածն է ուզում փոխել։
«Մնում եմ այն կարծիքին, որ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվելու»,-«Առավոտի» հարցին՝ թեեւ մշտապես վստահեցնում եք, որ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվի եւ հարցին՝ հնարավո՞ր է այս փուլում, այնուամենայնիվ, Ալիեւը համաձայնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Նա փաստեց՝ տեսնում ենք, որ Ադրբեջանը ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում եւ ամեն ձեւ փորձում խուսափել այդ համաձայնագրի ստորագրումից. «Դա անում է՝ նոր պահանջներ բերելով. օրինակ՝ Սահմանադրությունը փոխելու պահանջն է դնում ու սահմանին ուզում է լարվածություն ստեղծել, որ սահմանային բախումներ հրահրի ու այդպես տորպեդահարի խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։ Ալիեւի վարքագիծը հստակ է. դա խաղաղության գնալու վարքագիծ չէ»։
Հարցին՝ էսկալացիայի ռիսկ տեսնո՞ւմ եք, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այո, ռիսկ տեսնում եմ։ Դա ակնհայտ է։ Ադրբեջանի ՊՆ-ն օր է լինում երկու-երեք անգամ հայտարարություն է տարածում՝ իբր ՀՀ-ն խախտել է հրադադարի ռեժիմը, նաեւ իրենք են կրակում հենց Գորիսի կողմերը՝ Խնածախ եւ այլ գյուղերի ուղղությամբ»։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ այս համատեքստում ՀՀ ՊՆ-ի տարածած հայտարարությո՞ւնն ինչպես կմեկնաբանի, արդյոք դրանով փափուկ բարձր չի՞ դրվում հայ հանրության գլխի տակ՝ ասելով, որ կրակոցներ լինում են, բայց ոչ ՀՀ տարածքի ուղղությամբ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Քաղաքականությունն այն է, որ հանդարտեցնի իրավիճակը, չգնա բախումների։ Հայկական դիվանագիտության խնդիրն այս վերջին մի քանի տարիներին դա է՝ չգնալ նոր էսկալացիաների։ Սրանով են պայմանավորված ՊՆ-ի՝ այսպիսի մեղմ հայտարարությունները»։
Փաստեցինք՝ Վաշինգտոնում օրեր առաջ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը եւ հարցրինք՝ կարելի՞ է ենթադրել, որ ԱՄՆ-ն փորձում է զսպել Թուրքիա-Ադրբեջան դաշինքին՝ Հայաստանի վրա նոր հարձակում սկսելուց, քաղաքագետը պատասխանեց. «ԱՄՆ-ն հիմա փորձում է երկու խնդիր լուծել։ Մի կողմից Թուրքիայի միջոցով ճնշումների գնալ Ադրբեջանի վրա, որ վերջինս ստորագրի խաղաղության պայմանագիր եւ մյուս կողմից՝ թույլ չտալ նոր էսկալացիա։ Փաշինյան-Մարկո Ռուբիո հեռախոսազանգի մամուլի հաղորդագրության տողատակերում գնում էր այդ գիծը, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է, որ տարածաշրջանում նոր էսկալացիա չլինի»։
Դիտարկմանը՝ ԱՄՆ-ի այդ ջանքերը իրատեսակա՞ն են, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Հարավային Կովկասում կատարվողն առաջնային չէ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի համար, Արմեն Վարդանյանն այսպես պատասխանեց. «Հիմա ԱՄՆ-ի համար, համաձայն եմ, ավելի կարեւոր տարածաշրջաններ են Մերձավոր Արեւելքը, ռուս-ուկրաինական պատերազմը, Չինաստանին զսպելը։ Հարավային Կովկասը մի տեսակ երկրորդ պլան է մղվել, բայց դա չի նշանակում, որ ամբողջովին աչքաթող են արել։ Այս տարածաշրջանը պահպանում է կարեւորությունը ԱՄՆ-ի համար»։
Խնդրեցինք մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հորդորը Երեւանին՝ արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ նշելով՝ «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու», բայց մյուս կողմից Սահմանադրություն փոխելու նախապայմանը դնելով եւ հիշեցրինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հանդես էր եկել հայտարարությամբ, որ այնպիսի Սահմանադրություն ՀՀ-ն պիտի ունենա, որ «ՀՀ Սահմանադրությունը համապատասխանի տարածաշրջանային նշանակությանը» եւ հետաքրքրվեցինք՝ վտանգ չեք տեսնո՞ւմ, որ Նիկոլ Փաշինյանը կրկին կգնա զիջումների, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սահմանադրություն փոխելը հեշտ բան չէ։ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ լավագույն դեպքում 2027-ին Սահմանադրությունը կդնեն հանրաքվեի։ Բայց նախ չգիտենք՝ իրենք կլինե՞ն 2027-ին. միգուցե 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդհանրապես իշխանությունից զրկվե՞ն։ Դեռ պարզ չէ, թե դրան ինչպես կքվեարկի ՀՀ բնակչությունը։ Ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկի, որովհետեւ ե՛ւ իշխանությունն է իր վարկանիշը կորցրել, ե՛ւ նաեւ ընդդիմությունը շահարկելու է այդ հարցը եւ ասելու՝ սա Ալիեւի պահանջով գրված սահմանադրություն է, իսկ ՀՀ քաղաքացիների մեծ մասն այդ պայմաններում այդ սահմանադրությանը կողմ չեն քվեարկելու»։
Արմեն Վարդանյանի կարծիքով՝ այլ հարց է՝ արդյոք ՀՀ իշխանությունն ուզո՞ւմ է փոխել Սահմանադրությունը. «Մի փակուղային իրավիճակ է ստեղծվել, որ Ադրբեջանը պահանջում է՝ Սահմանադրությունը փոխվի, իսկ դա այս իշխանությունը ուզի էլ չի կարող անել։ Առավել քան վստահ եմ, որ նույնիսկ, եթե ՀՀ-ն փոխի Սահմանադրությունը, այդ ժամանակ Ադրբեջանը ինչ-որ նոր պահանջ է բերելու եւ էլի մի այլ կերպ խուսափելու խաղաղության պայմանագրի ստորագրումից։ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ձգձգել ու տորպեդահարել խաղաղության բանակցությունները, պայմանագրի ստորագրումը, այնպիսի անիրականանալի պահանջ է դնում, որ գործընթացն ուղղակի փակուղի մտնի»։
Արմեն Վարդանյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իրականում ուզում է ՀՀ Սահմանադրությունը փոխել, բայց ոչ Ալիեւի պահանջով, ինչպես շատերն են կարծում. «Իր մոտիվացիան այլ է։ Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում բերում է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը եւ ասում՝ ՀՀ-ն մեր դեմ ագրեսիվ նկրտումներ, պլաններ ունի, եւ դա որոշ չափով աշխատում է։ Որոշ երկրներ այդ ադրբեջանական «կուտն» ուտում են, եւ Փաշինյանն ուզում է Սահմանադրության առաջին հոդվածը փոխել, որ Ադրբեջանին զրկի այդ զենքից, եւ ՀՀ-ի վրա 1-ին հոդվածի հետ կապված ճնշումներ չլինեն։ Միգուցե դրա մեջ ճշմարտություն կա, բայց մյուս կողմից էլ՝ ինչքան էլ ժողովրդին ասես, որ սա Ալիեւի պահանջը չէ, հասարակության ճնշող մեծամասնությունը դրան չի հավատալու, լինելու է այն կարծիքը, որ սա Ալիեւի պահանջով դրված փոփոխություն է ու դեմ է քվեարկելու կամ ընդհանրապես բոյկոտելու է այդ ընտրությունը։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ Սահմանադրությունը չի փոխվելու, եւ նույնիսկ հնարավոր է՝ իշխանությունները չդնեն էլ հանրաքվեի. ուղղակի տեխնիկապես հնարավոր չլինի կամ իմաստ չունենա դնելը, որովհետեւ տեսնում ենք, որ ե՛ւ իշխանությունն օր օրի իր վարկանիշն է կորցնում, ե՛ւ այս գործոնները հաշվի առնելով, որ հասարակության մեծամասնությունը վստահ է, որ այդ փոփոխություններն Ալիեւի պահանջով են, ուղղակի հանրաքվեն ի սկզբանե ձախողված է համարվելու։ Մանավանդ հանրաքվեի դեպքում մեծ մասնակցություն պիտի լինի, եւ շատ ավելի մեծ պետք է լինի «այո» քվեարկածների թիվը։ Դրա համար ես կարծում եմ, իրոք, փակուղային իրավիճակ է ստեղծվել, եւ ՀՀ-ն չի փոխելու Սահմանադրությունը. ուզի էլ՝ չի կարող այս իշանությունը դա փոխել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.03.2025