Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններ Գյումրիում՝ Չոռնի Անոյի առևանգմամբ, մեր Սարիկի թաղում բաց քվեարկությամբ, վեճերով, լավ տղեքով ու իրար վրա միլիցա բերելով

Մարտ 30,2025 21:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրիում  ավարտվեց  քվեարկությունը, այս պահին ընտրատեղամասերում ընթանում է հաշվարկը, մի քանի ժամից պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժն է առաջատար և որոնք կարող են համալրել ավագանու կազմը։

Այսօրվա ընտրություններն անցան գերլարված մթնոլորտում․ թեև հանրապետության տարբեր տեղանքներից ոստիկանական մեծ ուժեր էին բերել Գյումրի, սակայն դա չխանգարեց կոպիտ ընտրախախտումներ կատարելուն։

Մինչ մյուս ուժերի վստահված անձինք դժգոհում էին, թե ինչպես են ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի թաղամասում՝ «Գծի հետևում», բացեիբաց քվեարկում իշխանական թեկնածուի օգտին, գծի հետևի «հեղինակավոր  կանայք» էլ  հարձակվում լրագրողների վրա, այդ ընթացքում մի մեծ աղմուկ բարձրացավ․ առևանգեցին Մարտուն Գրիգորյանի գլխավորած ցուցակում ընդգրկված Անահիտ Խլղաթյանին՝ Չոռնի Անոյին, որը 70 տարեկան  է։ Մարտուն Գրիգորյանի ներկայացմամբ, նրան փողոցից «գռքաշ տարել են» անհայտ ուղղությամբ։

 

Սովխոզ թաղամասում գտնվող  «Հենզել-Գրետել» մանկապարտեզում տեղակայված թիվ 31/59-ում ընտրատեղամասում էլ հանձնաժողովի նախագահ Ամալյա Հանեսօղլյանի ու Վարդան Ղուկասյանի վստահված անձանց միջև էր վիճաբանություն սկսվել։ Հանձնաժողովի նախագահը բողոքում էր իրեն սպառնալու համար, ըստ նրա, վստահված անձը  մարդկանց է դիմավորում ու ճանապարհում։

Մինչդեռ Վարդան Ղուկասյանի վստահված անձինք այս տիկնոջը մեղադրում էին առավոտից իրենց վրա անհիմն գործ տալու ու ոստիկանական բրիգադներ կանչելու մեջ։

Կոմունիստական կուսակցության վստահված անձ Արամ Հակոբյանը իր հերթին նշում էր, որ ոստիկանների աչքի առաջ ՔՊ-ի վստահված անձը ցուցակագրում էր մարդկանց, «պտիչկաներ» դնում, թե ով եկավ քվեարկության, սակայն ոստիկաններն այս ամենը չեն տեսնում։

 

Վարդան Ղուկասյանի  գլխավորած ուժի՝ Կոմունիստական կուսակցության մեկ այլ վստահված անձ՝ Գևորգ Ավագյանն  էլ  տեղեկացրեց, որ այս ընտրատեղամասում մարդը եկել է, տեղը ստորագրված ու քվեարկված  է եղել։

«Հարց, ո՞վ է ստորագրել, ինչի՞ պիտի ստորագրված լինի մարդու փոխարեն, ձեր Նիկոլի ժողովրդավարությունը ո՞րն է։ Ամեն դեպքի չենք անդրադառնա, սրանց պես չենք, որ մարդկանց տեսնեն 50 մետր հեռավորության վրա  կանգնած ու ամեն առիթով ոստիկանություն վազեն։ Գիտենք, որ բռնել տվողն են, գիտենք ում ձեռագիրն է», -ասաց Գևորգ Ավագյանը։

Մեկ այլ ընտրատեղամասում էլ ՔՊ-ի վստահված անձը ցուցակը ձեռքին սկսել է նշումներ անել։

ՔՊ-ի վստահված անձը վստահեցնում էր, թե ինքն ընդամենը հաշվարկել է ընտրողներին, սակայն  մտել, իր գրպանից գողացել են ցուցակը ու տվել Վարդան Ղուկասյանի քաղաքական ուժը ներկայացնող «լավ տղին»։

«Իմ թուղթս ինչի պիտի լավ տղու ջեբը մտնի»,- լացակումած դժգոհում էր տիկինը։

«Հայաքվեի» քաղաքացիական միավորման վարչության անդամ, դիտորդական աշխատանքները համակարգող Ցոլակ Ակոպյանն էլ Գյումրու այս ընտրությունները համարում է մեր պատմության վատագույն ընտրությունը։ Նրա ներկայացմամբ՝ զավեշտալի ընտրախախտումներ են եղել․ «Ձյունիկ» մանկապարտեզում մարդկանց մեքենաներով ընտրատեղամասեր են տեղափոխել,  ՔՊ-ի վստահված անձինք անուն-ազգանուններով ցուցակով ներս են մտել ու ստուգել՝ ով եկավ քվեարկողներից, ով ոչ։ Կան մարդիկ, որոնք նկարել են քվեաթերթիկները։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31