Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ստիպված եմ բոլորին հիշեցնել, որ արցախցիների բռնի տեղահանությունից ընդամենը մեկուկես տարի է անցել: Այսինքն՝ վերքը դեռ չի սպիացել, հավաքական տրավման շարունակում է նեղել՝ բառի բուն իմաստով սրտի անկանոն կծկումների, ինչպես նաև հոգեբանական «առիթմիայի» տեսքով: Սա առանց հիշեցնելու էլ պիտի ընկալվեր, ու առաջին հերթին՝ իշխանությունների կողմից: Մարդ նույնիսկ ամաչում էլ է հիշեցնել այս հանգամանքը, բայց դե…
Այսքան կարճ ժամկետից հետո կտրուկ որոշումներ ընդունելը, այսպես ասած՝ հումանիտար օգնությունից հրաժարվելը, կամ այն սահմանափակելը ճիշտ չէ: Հումանիտարից զարգացման ծրագրերին անցումն, անշուշտ, անխուսափելի փուլ է, բայց դա պիտի արվի իր ժամանակին, նման «անցումի» միջազգային, այդ թվում՝ գիտական փորձի ուսումնասիրմամբ: Մինչդեռ Հայաստանի ղեկավարությունը չգիտես ինչու շտապում է, շատ է շտապում:
Չեմ կարծում, թե սրա պատճառը համապատասխան միջոցների անբավարար լինելն է: Ի վերջո, այդ միջոցները եթե բավարար էլ չեն, ապա բավարար չեն հենց ՀՀ իշխանությունների դիրքորոշման պատճառվ: Կարճ ժամանակահատվածում հարյուր հազարից ավելի մարդու գոնե ժամանակավոր տեղավորելու կարողության մասին գլուխգովանության փոխարեն ՀՀ բարձրագույն ղեկավարությունը կարող է և պարտավոր է միջազգային հանրությանը հստակ ներկայացնել բռնատեղահանվածների կարիքները, հասցեագրել դրանք, խնդիրների լուծմանը միտված ծրագրեր ու գաղափարներ առաջարկել, հետամուտ լինել դրանց կայացմանը ու հիշեցնել նույն միջազգային կառույցների փորձը նման պարագայում:
Կարդացեք նաև
Ի վերջո, նույն միջազգային հանրությունը առնվազը մեկուկես տասնամյակ (ոչ թե մեկուկես տարի) աջակցել է Ադրբեջանին՝ 90-ականների պատերազմից հետո փախստականներին ու ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) կարիքները հոգալու համար: Ու խոսքը մեծ, շատ մեծ գումարների մասին է՝ թե՛ պետական մարմիններին դրամական աջակցության, և թե՛ քաղաքացիական հասարակությանը խնդիրների լուծմանը ներգրավելու հնարավորության տեսքով: Ու այդ հարցում քիչ դեր չի խաղացել այդ երկրի իշխանությունների համարժեք դիրքորոշումը: Իսկ մեր պարագայում այնպես է ստացվել, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշման պատճառով նույնիսկ միջազգային կազմակերպություններն են մեր քաղաքացիական հասարակությանը հորդորում սեփական գործնեությունում հրաժարվել հումանիտար բաղադրիչից և շեշտը դնել զարգացման ծրագրերի վրա, և դա այն դեպքում, երբ նույն կազմակերպություններն ադրբեջանցի փախստականների ու ՆՏԱ-ների պարագայում տևական ժամանակ շեշտը դրել են հենց հումանիտար բաղադրիչի վրա: Եվ սա խտրականություն չէ, ամենևին, այլ խնդիրները սխալ հասցեագրելու կամ ընդհանրապես չհասցեագրելու հետևանք:
Եվ վերջում մի կարևոր հանգամանքի անդրադառնամ: Հակված չեմ կարծելու, որ ՀՀ իշխանությունների այս պահվածքի նպատակն արցախցիների արտագաղթն է, ինչպես ընդունված է կարծել, ըստ իս՝ պատճառը դիլետանտությունն է, «փինաչիությունն» ու «բառադիությունը» այս և մյուս բոլոր հարցերում, ինչպես նաև նշված վատ որակները գիտակցելու, դրանց համար պատասխանատվություն ստանձնելու և սխալները շտկելու անկարողությունը: Ու հենց այս առումով է կարևոր երեկվա հանրահավաքը, որպեսզի հանրային մամլիչի գործոնը կարողանա որոշակի արդյունք տալ: Ու պետք է հանգիստ ընկալել այս հանգամանքը, քանի որ հանրահավաքի ուղերձներն այսպես, թե այնպես հղվում են նաև նույն այդ միջազգային կառույցներին, որպեսզի նաև դրանք փոխեն իրենց դիրքորոշումը: