Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է օրվա ընթացքում ֆիքսել Aravot.am-ի տեսախցիկը Փարաքարում. ամփոփում

Մարտ 30,2025 20:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ժամը 20:00-ին փակվել են Արմավիրի մարզի 9 բնակավայր ընդգրկող Փարաքար խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերը։

Մեկնարկում է ձայների հաշվարկը։

Ի՞նչ է ֆիքսել Aravot.am-ը

 Ժամը 12:00-ի սահմաններում ահազանգ ստացվեց «Միասնություն» կուսակցությունների դաշինքից։ Հայտնել էին, որ Մերձավանի 14/07 ընտրատեղամասում ընտրողներից մի քանիսին չեն տրամադրել «Միասնության» քվեաթերթիկը։

Ընտրատեղամասի նախագահ Պատվական Մարգարյանի խոսքով՝ արձանագրվել է մեկ այդպիսի դեպք։ Ընտրողը չի նկատել, որ բոլոր քվեաթերթիկներն իրականում ունի։

Նույն ընտրատեղամասում պարզեցինք, որ Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը 14/07 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձ է։ Ախտոյանը անհարգալից բառապաշարով մերժեց պատասխանել լրագրողների հարցերին։

Փարաքարի 14/12 ընտրատեղամասում «Միասնություն» դաշինքի վստահված անձը, որը Aravot.am-ի հետ զրուցեց անանուն մնալու պայմանով, տեղեկացրեց, որ թեեւ ընտրատեղամասի ներսում ամեն ինչ նորմալ է, դրսում կուտակումներ են, ՔՊ-ն տարեցներին մեքենաներով բերում է ընտրության, ուղղորդում ներս է ուղարկում։

Նկատեցինք, որ 14/12 ընտրատեղամասի հարեւանությամբ գտնվող տնից դուրս եկավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։ Նարեկ Մկրտչյանը Փարաքարի բնակիչ է, ասաց՝ եկել է իմանալու Լյուդվիգ Գյուլնազարյանի տրամադրվածությունը՝ վստահություն հայտնելով, որ իր կուսակիցը հաղթանակ է տանելու։

Առավոտյան փոքր միջադեպ էր տեղի ունեցել նույն ընտրատեղամասում։ Առաջին անգամ քվեարկության եկած աղջիկը ուշագնաց էր եղել։

Հիշեցնենք. Գյումրի եւ Փարաքար համայնքներում այսօր ընտրություններ են։ 

Համատեքստ

Տարեվերջին Կառավարության ղեկավարը հայտարարեց Արմավիրի մարզի Փարաքար համայնքում արտահերթ ընտրության անցկացման մասին։ Փարաքարը ղեկավարող, այժմ համայնքապետի պաշտոնակատար եւ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը նոյեմբերին հրաժարական էր ներկայացրել։ Դա այն բանից հետո, երբ Գյուլնազարյանը հայտնվել էր Երեւանի ավտոլվացման կետում, որտեղ սպանություն էր տեղի ունեցել։ ՔՊ-ական թեկնածուի խոսքով՝ նա այդտեղ պատահաբար էր հայտնվել, չնայած ճանաչում է ավտոլվացման կետի սեփականատերերին։ Գյուլնազարյանն ինքը ոտքից վիրավորվել էր միջադեպի ժամանակ։ Գործիչը նոյեմբերի իր հրաժարականը բացատրեց նախաքննությանը չխոչընդոտելու նպատակով։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31