Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեաթերթիկի հափշտակություն, ընտրողներին օգնության առաջարկ, մեկ կուսակցության քվեաթերթիկի չտրամադրում. ի՞նչ են արձանագրել դիտորդները

Մարտ 30,2025 15:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Անկախ դիտորդի» շրջիկ դիտորդները, որոնք այսօր վաղ առավոտից հետեւում են Գյումրու ու Փարաքարի ընտրություններին,  կեսօրի վերջին տվյալներով, 19 խախտում Գյումրիում, 14 խախտում Փարաքարում են  արձանագրել: Այս մասին լրագրողներին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ըստ նրա՝ վիճաբանության՝ 4, բաց քվեարկության՝ 3, դիտորդի իրավունքների խախտման երկու դեպք են արձանագրել: Վերջինի մասով էլ արդեն ներկայացրել են հանցագործության մասին հաղորդում:

Իոաննիսյանի խոսքով՝ 6 դեպք արձանագրել են տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի շարունակական գտնվելու վերաբերյալ,  ինչպես նաեւ վստահված անձի կողմից իրականացվող ընթացակարգային խախտումների 9 դեպք, որոնցից կեսը մեկ կուսակցության մասով: Նա ասաց, որ կուսակցության անունը կհրապարակի  այսօր 20:00-ից հետո:

Ընտրախախտումները թվարկելով՝ Իոաննիսյանն ասաց, որ քվեաթերթիկ չտալու դեպք էլ են արձանագրել, այսինքն՝ մասնակից կուսակցություններից մեկի քվեաթերթիկ պակաս է տրվել ընտրողներին: Այդ խախտումը եղել է Գյումրիի՝ 31/1 տեղամասում: Իոաննիսյանի խոսքով, այդ տեղամասում կասկած կա, որ այդ երեւույթը պարբերական բնույթ է կրել, քանի որ երբ իրենց դիտորդներն արձանագրել են այդ երեւույթը, այլ ընտրողներ էլ են հայտնվել՝ պատմելով, որ իրենք էլ են պակաս քվեաթերթիկ ստացել. կոնկրետ մեկ կուսակցության քվեաթերթիկի մասին է խոսքը:

Նա նաեւ ասաց, որ 31/70 տեղամասում քվեարկության կտրոնի հափշտակության դեպք է արձանագրվել, ոստիկաններից միայն մեկն է փորձել հետապնդել քվեաթերթիկ գողացած ընտրողին:

Իսկ 31/37 տեղամասում, ըստ Իոաննիսյանի, հանձնաժողովի նախագահը ընտրողներին, որոնք չեն խնդրել օգնողով քվեարկել, ինքն իր նախաձեռնությամբ օգնող է առաջարկել:

Իոաննիսյանի խոսքով` մտահոգիչ երեւույթ են նկատել նաեւ երեկ ու այսօր մինչ այս պահը լռության ռեժիմի խախտման հետ կապված: Ըստ նրա՝ մի շարք սուբյեկտներ, թե կուսակցություններ, թե ոչ կուսակցություններ նախընտրական բացահայտ քարոզչություն են իրականացրել: Խոսքը հիմնականում համացանցում քարոզչություն անելու մասին է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31