Արցախցի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ-ն բողոքի ցույց է կազմակերպել կառավարական ամառանոցների մոտ՝ բարձրաձայնելով արցախցիների սոցիալական խնդիրները։ Մասնակցում են արցախցի մայրերն ու երեխաները։
Նրանք պահանջում են ապրիլից չդադարեցնել «40+10» աջակցության ծրագիրը։
Արցախցի Լուսինե Մինասյանն ասաց, որ լուրջ սոցիալական խնդիրների են բախվում։ «Մենք հավաքվել ենք, որ ներկայացնենք Արցախ վերադառնալու խնդիրը, իսկ մինչ այդ մեր աջակցությունը պետք է շարունակվի, որպեսզի բարեկեցիկ ապրեն մեր երեխաները»,- ասաց նա։ Լուսինեն նշեց, որ անձամբ ինքն ունի մեկ երեխա, երկու աշխատավայրում է աշխատում, սակայն չեն կարողանում հասցնել լուծել սոցիալական խնդիրները, բնակվարձը թանկ է: «Ասում են՝ արցախցիները չեն ուզում աշխատել կամ ուտելու կռիվ են տալիս, ոչ, մենք մեր իրավունքների հարցերն ենք բարձրացնում»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Արցախցի մայր Տաթեւ Խաչատրյանը նշեց, որ այս միջոցառմամբ փորձում են հասկացնել իշխանություններին՝ արցախցիների սոցիալական վիճակը վատ է, մարդիկ տարրական բնակվարձի խնդիր ունեն, մի քանի տեղ են աշխատում, բայց բնակվարձերը տալը դժվար է։ «Սոցապ փոխնախարարն ասում է, որ իբր միլիոնավոր դրամներով աշխատավարձ ստացող արցախցիներ կան, առաջարկում եմ այդ մարդկանց աջակցությունը կտրել, ոչ թե սովորական 100 հազար վաստակողների։ Փորձում են մարդկանց համոզել, որ Արցախն ուռուցք է, որից ազատվեցին, իրականում Արցախը ՀՀ դարպասն է»,- ասաց Տաթեւ Խաչատրյանը՝ ստորություն որակելով ՀՀ իշխանությունների պառակտիչ հայտարարությունները։
Արցախցի Սայիդա Պողոսյանն ասաց. «Մեծ հույսեր չենք կապում կառավարության հետ, բայց այստեղ գտնվելով՝ վաղը ավելի շատ ենք լինելու, որովհետեւ ՀՀ կառավարության ծրագրերը չեն նպաստելու արցախահայության խնդիրները ու կարիքները հոգալուն։ Հայաստանն է եղել Արցախի երաշխավորը ու պարտավոր է հոգ տանել յուրաքանչյուր քաղաքացու մասին»։
Արցախցի Մարիամ Սարգսյանի խոսքով՝ եթե աջակցության ծրագիրը դադարեցվի, արցախցի ծնողները չեն կարողանա հոգալ իրենց երեխաների հոգսը։ Ըստ նրա՝ երկու-երեք հոգուց բաղկացած ընտանիքները ծայրահեղ վիճակում կհայտնվեն, հատկապես եթե ընտանիքում մեկ մարդ է աշխատում։ «Մարդիկ անգամ բնակվարձը չեն կարողանա վճարել, էլ ուր մնաց նորմալ ապրելը»,- նշեց Մարիամ Սարգսյանը։
Ազատության հրապարակում երեկ հրավիրած հանրահավաքում արցախցիները բարձրաձայնում էին նաեւ իրենց սոցիալական խնդիրները՝ նշելով, որ աջակցության դադարեցման դեպքում արտագաղթը կմեծանա։ Իսկ արցախցիների՝ Հայաստանում մնալը կարեւոր է, որպեսզի հավաքական վերադարձի հարցը լուծվի։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ