Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինեի գրադարանը․ յուրատեսակ գողտրիկ անկյուն՝ Գյումրու սրտում

Մարտ 29,2025 23:41

Գյումրու  ամենահին, պատմական կառույցներից մեկում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում կա իր տեսակով բացառիկ գրադարան․ գրքերը ոչ թե շարված են մի սենյակում՝ փակ տարածքում, այլ  միջանցքում։

«Ներդրում արա ապագայի համար, գիրք կարդա», «Կարդալու ժամն է»․  պատին փակցված այս  կոչերն անտարբեր չեն թողնում հյուրերին,  իսկ առավել ուշադրություն է գրավում շքեղ գրքերի ֆոնին մեծ տառերով գրված «Արմինեի գրադարան» ցուցանակը։

Գյումրիում քչերը կան, որոնք չեն ճանաչի մեծ էներգիայով լի վառ անհատականությանը՝ Արմինե Գրիգորյանին, որը «Ռեսալ Սոֆտ» ընկերության  առաջին աշխատակիցներից էր՝ ծրագրերի ղեկավարը։

Արմինեն, ունենալով բանասիրական կրթություն, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ուսումնասիրել էր ծրագրավորում՝ խորանալով  կառավարման համակարգերի ավտոմատացման մեջ ու դառնալով ոլորտի լավագույն մասնագետներից մեկը, ընկերության հիմնադրի հետ 25 ներդրում բերելով Գյումրի։

Նա թեև ֆիզիկապես իր գործընկերների հետ չէ, սակայն նրանց սրտերում է, մտքում, հուշերում։

Ընկերները չեն ուզում նրա մասին խոսել անցյալով․ նրանց բնութագրմամբ՝ այնքան լուսավոր էր ու ճկուն, որ անմիջապես ելք էր գտնում ամենադժվարին իրավիճակներում։

Շրջապատում նրան հիշում են որպես բացառիկ հայրենասերի, որը մշտապես աչքի էր ընկնում բարեգործական նախաձեռնություններով։

«Արմինեի  հետ մեր անցած ճանապարհը նույնացվում է երեք արժեքների հետ՝ պահանջատիրություն, պատասխանատվություն և  շարունակական կրթություն։ Արմինեն միշտ խոսում էր գրադարան ունենալու մասին», -հիշում է գործընկերը՝ «Link» ընկերության հիմնադիր Արտակ Գևորգյանը։

Երիտասարդ աղջկա մահից հետո  «Link» ընկերության  հիմնադիրը  Արմինեի հիշատակը վառ պահելու համար կատարում է նրա երազանքը՝ հիմնում գրադարան։

Գրադարանի պատին մեծ տառերով փակցված է «Արմինեի գրադարանի առաքելությունն է զարգացնել ընթերցանությունը և շարունակական կրթության մշակույթը, նպաստել Հայաստանում գրքասեր համայնքի ձևավորմանը»։

«Արմինեի գրադարանը» ընթերցողների պակաս չունի։

Այսօր Արմինեի ընկերները, հարազատները՝ գրադարանի ընթերցողների մասնակցությամբ, նշեցին նրա ծննդյան տոնը՝ գրադարանի տարեկան ամփոփիչ միջոցառմամբ,  նրա մասին պատմող ֆիլմի ցուցադրմամբ,  պանելային քննարկմամբ ու  Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

«Արմինեի գրադարանի» հիմնադիր Արտակ Գևորգյանն ասաց, որ իրենց համար ամփոփիչ տարին ոչ թե հունվարն է կամ դեկտեմբերը, այլ Արմինեի ծննդյան օրը։

Արտակ Գևորգյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ Արմինեի հետ ծանոթացել է 11 տարի առաջ, միասին աշխատել են 9 տարի՝ անցնելով շատ դժվարությունների միջով։

Արմինեն  երազել է սեփական գրադարանը հիմնելու ու երիտասարդներին այս միջոցով կրթելու մասին։

Արտակ Գևորգյանը հիշում է, որ Արմինեն իրենց մոտ գրքի քննարկում էր կազմակերպել՝ այդ ժամանակ էլ  խոսել  է իր գրադարանն ունենալու մասին։

Նրա անվան գրադարանն իր գործունեության մոտ երկու տարվա ընթացքում ձեռք է բերել 600 գիրք, օգտատերերի թիվը 1050 է։ Նրանք գրանցվում են էլեկտրոնային տարբերակով, գալիս և վերցնում են գրքերը։  Ընթերցված գրքերի թիվը 2550 է։ Այս ամենը կատարվում է անվճար հիմունքներով։

Գրադարանը հինգ ժանրերի գրքեր ունի․ բիզնես, անձի զարգացում, կենսագրական։ Այսօր բացվեց նաև դետեկտիվ, մանկապատանեկան բաժինը։

Ընթերցողները գիրքը նախապես ամրագրելուց ու տուն տանելուց բացի, կարող են  նստել գրադարանի ժամանակակից, հարմարավետ ընթերցասրահում։  Այս անկյունը ոչ միայն ինքնակրթվելու, այլ  տարբեր քննարկումներ կազմակերպելու հարմարավետ վայր է, ուր այցելելով՝ կարող ես դառնալ գրքասեր համայնքի ակտիվ անդամ։

«Դետեկտիվ, մանկապատանեկան բաժին ստեղծելու պատճառ դարձավ այն, որ մի տղա մոտեցել էր գրադարան՝ ասելով, ես տեղափոխվում եմ, բայց Ագաթա Քրիստիի  45 գրքեր ուզում եմ ձեզ նվիրել։ Դրանք ամենաարագ վաճառվող գրքերն են, բայց նա ցանկություն էր հայտնել մեզ նվիրել։ Մեր պլաններում էլ կար այդպիսի բաժիններ ստեղծելու  գաղափար, ու այսօր այն իրականության դարձավ», -ասաց  գրադարանի հիմնադիր Արտակ Գևորգյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ներդրել են այսպես ասած դեսպանների ինստիտուտը, դեսպան է ճանաչվում այն ընթերցասերը, ով ակտիվորեն օգտվում է գրադարանից,  նոր ընթերցողների է ներգրավում ու մասնակցում բոլոր միջոցառումներին։

Ի դեպ, «Արմինեի գրադարանի» ամենահավատարիմ ընթերցողը 11-ամյա Մովսես Երիցյանն է, ով նաև գրադարանի դեսպան է ճանաչվել։ Նա առաջին գիրքը ընթերցել է  գրադարանի ընթերցասրահում, այնուհետ դարձել ամենաշատ գրքեր կարդացած անձը,  մեկ տարվա ընթացքում 25 գիրք է կարդացել՝ ընթերցասիրությամբ վարակելով շուրջբոլորին,  գրադարանը ճանաչելի դարձնելով, նոր մարդկանց ընդգրկելով։

Ամենաակտիվ ընթերցողների առաջին եռյակում երկու տղաներ են` Մովսես Երիցյանն ու Արտաշես Հարությունյանը։ Այս փաստը շատ է ուրախացնում գրադարանի հիմնադիր Արտակ Գևորգյանին, ով հպարտորեն  է խոսում այս մասին։

Ըստ նրա, աղջիկներին ավելի հեշտ է ընթերցասեր դարձնելը, քան տղաներին։ Առաջին եռյակում է նաև Զարուհի Գասպարյանը։

«Արմինեի գրադարանի»  ամենաշատ գրքեր կարդացած  երեք երիտասարդների հանձնեցին նվերներ՝ այսպիսով խրախուսելով ընթերցասիրությունը։

Ի դեպ, Արմինե Գրիգորյանի ծննդյան տոնին կազմակերպված միջոցառմանը մեծ թվով երիտասարդներ էին մասնակցում, որն արդեն իսկ փաստում է այն մասին, որ նրա՝ կրթված հայ հասարակություն ունենալու երազանքը միանգամայն իրականություն է դառնում։

Իրականություն է դառնում նաև Արտակ Գևորգյանի՝ իր հիմնած գրադարանը Հայաստանում ոչ ֆորմալ կրթական հարթակ դարձնելու ցանկությունը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31