«Երբ լսում եմ՝ գործող իշխանության ղեկավարն ասում է՝ մենք Արցախյան շարժման էջը փակեցինք, սա խոսում է այն մասին, որ ինքն արցախյան հիմնախնդիրը տեսնում էր որպես տարածքային վեճ երկու հանրապետությունների միջև»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս մասին արված հայտարարությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաքից հետո Ազատության հրապարակում վրաններ տեղադրվեցին։ Արցախցիները գիշերում են Ազատության հրապարակում։
Խոսրով Հարությունյանն ասաց՝ եթե արցախյան հիմնախնդիրը դիտարկենք որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունք, դուք չեք կարող փակել այդ էջը․ «Արցախյան հիմնախնդիրը կարգավորված չէ, քանի որ չի կարող բիրտ, ցեղասպանական գործողության արդյունքում դա համարվել կարգավորված։ Խաղաղության բանակցությունների գործընթացն այլընտրանք չունի։ Այդ առումով Մինսկի խումբը չի կարող դադարել, քանի որ դրա մանդատը ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատն է և հիմնական կոչումը հակամարտությունը խաղաղ կարգավորմամբ լուծելն է։ Այնպես որ, արցախյան շարժման էջը չի կարող փակված լինել։ Դա իրավական կարգավիճակ ունեցող շարժում էր, որի նպատակը ոչ թե ՀՀ-ի կողմից Արցախի տարածքին տիրելն էր, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշումն ապահովելը»։
Խոսրով Հարությունյանը նաև հավաստիացրեց՝ Ադրբեջանն ասում է՝ խաղաղության փաստաթուղթն ինձ պետք չէ․ «Բաց տեքստով ասում է՝ ինձ խաղաղություն պետք չէ։ Հայաստանը կամ նրա ղեկավարությունը դա չի ուզում հասկանալ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ