Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ պաշտոնից հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն, իսկ նոր պատերազմի սպառնալիքը կնվազի։ Ինչո՞ւ։ Որովհետև Փաշինյանը լայնորեն ընկալվում է որպես ձախողված ղեկավար։ Նրա քաղաքական կապիտալը սպառված է, վարկանիշը՝ խաթարված, իսկ նրա առաջնորդությունը դարձել է թուլության խորհրդանիշ՝ թշնամիների համար և անվստահելիության նշան՝ դաշնակիցների համար։ Նրա ղեկավարության տարիներին Հայաստանը կորցրել է տարածքներ, կյանքեր և ազգային արժանապատվություն։ Ցանկացած կառավարություն, որն առաջնորդվի ազգային շահերով և հստակ նպատակից, կարող է սկսել շրջել այս էջը և վերականգնել Հայաստանի արժանի տեղը տարածաշրջանում։
Նոր կառավարությունը պետք է արագ գործի երկու հիմնական ուղղությամբ։ Առաջին՝ պետք է ժամանակավորապես կանգնեցնի Ադրբեջանի հետ ընթացիկ բանակցությունները։ Դա չի նշանակում գոյություն ունեցող օրակարգի որևէ կետի չեղարկում՝ որքան էլ վտանգավոր կամ անընդունելի դրանք լինեն։ Փոխարենը, Հայաստանը պետք է սառնասրտորեն և հաստատակամորեն պնդի իր առաջնահերթությունների ընդգրկումը։ Դրանցից գլխավորը՝ հայ գերիների ազատումը, Արցախի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքը և ադրբեջանական ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Դրանից հետո թող բանակցությունները շարունակվեն։ Այս մոտեցումը պետք է լինի սկզբունքային, զուսպ և անհողդողդ՝ վճռական, բայց ոչ սադրիչ։
Երկրորդ՝ Հայաստանը պետք է հստակեցնի իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ ելնելով տեղում փոփոխվող իրողություններից և գլոբալ ուժային վերադասավորումներից։ Հայաստանը պետք է անցնի ռեակտիվ դիվանագիտությունից դեպի նախաձեռնողական քաղաքականություն։ Կառավարությունը պետք է խոսի հստակ ու վստահ, չպարալիզացվի պատերազմի վախով և չհամաձայնի արտաքինից թելադրված լուծումներին։ Ազգային շահերը պետք է սահմանվեն Հայաստանի կողմից, այլ ոչ թե հակասական շահեր ունեցող արտաքին ուժերի։
Կարդացեք նաև
Չնայած Արևմուտքը տարածաշրջանում իր ռազմավարական նպատակներն ունի՝ նվազեցնել ռուսական ազդեցությունը, մեկուսացնել Իրանին, ապահովել ադրբեջանական էներգիայի հոսքը, Հայաստանը չպետք է վերածվի խաղաքարտի։ Փոխարենը, այն պետք է ներգրավվի բոլոր դերակատարների հետ՝ փոխադարձ շահերի և հարգանքի հիման վրա։
Նույնիսկ 2000-ականների պակաս բարենպաստ տարիներին փոխլրացման արտաքին քաղաքականությունը շահեկանորեն ծառայեց Հայաստանին։ Ներկայիս միջազգային միջավայրը նպաստավոր պահ է այս մոտեցման վերակենդանացման համար՝ ունենալով մեկ ռազմավարական հենարան և միաժամանակ համագործակցելով այլ գլոբալ ուժերի հետ՝ ապահովելու համար ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական առավելություններ։
Անկասկած, Արցախի կորուստը և նրա ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը 2023 թվականին ոչ միայն ազգային ողբերգություն էր, այլև՝ զարթուցիչ։ Այս պահը պահանջում է համարձակ և անվերապահ վերաշարադրում հայկական արտաքին քաղաքականության՝ հիմնված ոչ թե վախի կամ ճակատագրականության, այլ երկարատև ազգային շահերի վրա՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, վերադարձի իրավունք և ինքնության պահպանում։
Ազգային շահերի առաջ մղումը չի նշանակում պատերազմ։ Դա նշանակում է ռազմավարական նպատակների հետևողական և հստակ առաջմղում՝ կարգապահությամբ ու հաստատակամությամբ։ Ամենահրատապ խնդիրներից մեկը Արցախի տեղահանված հայության վերադարձի իրավունքի վերականգնումն է։ Ավելի քան 120,000 մարդ արտաքսվել է, ինչը միայն կարող է բնութագրվել որպես էթնիկ զտում։ Սա փակված էջ չէ, այլ շարունակվող քաղաքական, դիվանագիտական, իրավական և բարոյական ճգնաժամ։ Հայաստանը պետք է իր ձեռքը վերցնի նրանց վերադարձի միջազգային պայքարը՝ հիմնվելով առկա աջակցության վրա՝ սկսած Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի որոշումից մինչև ԵՄ և Շվեյցարիայի խորհրդարանների բանաձևերը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները։
Միաժամանակ, Հայաստանը պետք է որդեգրի սկզբունքային և իրատեսական մոտեցում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում։ Սա չի նշանակում պատմական ճշմարտության զոհաբերում։ 1915 թվականի ցեղասպանությունը փաստագրված իրողություն է, ճանաչված ինչպես գիտական հանրության, այնպես էլ բազմաթիվ կառավարությունների կողմից։ Հետփաշինյանական Հայաստանը պետք է շարունակի իր նախնիների ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինակի վրա հիմնված ցեղասպանությունների կանխարգելման իր նախկին առաջադեմ դիրքորոշումը՝ ազնիվ, ատելությունից ու վրեժխնդրությունից զերծ կերպով։
Հայաստանը կանգնած է խաչմերուկում։ Փաշինյանի օրոք ճանապարհը եղել է նահանջի, հուսահատության և աճող խոցելիության ուղի։ Բայց այս ընթացքը անխուսափելի չէ։ Նոր առաջնորդությամբ, վերականգնված ազգային նպատակով և վստահ արտաքին քաղաքականությամբ Հայաստանը կարող է նորից բարձրանալ՝ պաշտպանելով իր ժողովրդի իրավունքները, պահելով իր ինքնությունը և վերականգնելով իր արժանի տեղը տարածաշրջանում և աշխարհում։