«Մենք ուզում ենք՝ արցախցիների կեցության հարցը երկարաժամկետ կտրվածքով լուծվի։ Առաջարկված ծրագիրը չի ապահովում երկարաժամկետ լուծում»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ի պաշտպանություն արցախցիների իրավունքների հանրահավաքից հետո Ազատության հրապարակում վրաններ տեղադրվեցին։
Գեղամ Ստեփանյանը հայտնեց՝ մեր պահանջը այն է, որ վերանայվի ծրագիրը։
Այն հայտարարություններին, թե արցախցիների աջակցության ծրագիրը դադարեցնում են, որ մարդիկ սկսեն աշխատել, Գեղամ Ստեփանյանն այսպես արձագանքեց․ «Աշխատում են մարդիկ, ի սեր Աստծո։ Պիտի հասկանալ այս իրողությունը։ 26 հազար գրանցված աշխատող կա, որոնց միջին աշխատավարձը 150 հազար դրամ է։ Դե եկեք, դրանով և′ սննդի, և′ կեցության հարցը կարգավորեք։ Այսինքն՝ այն հիմնավորումները, որոնք դրված են աջակցությունը դադարեցնելու հիմքում, հիմնավոր չեն»։
Կարդացեք նաև
Գեղամ Ստեփանյանը, հղում կատարելով միջազգային իրավունքին, ասաց․ «Փախստականին կամ բռնի տեղահանվածին աջակցելը որևէ երկրում չի դիտվում լավություն կամ նվեր, պետության միջազգային պարտավորությունն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ