«Ի՞նչ է փոխվել, ինչո՞ւ պիտի 2023-ից հետո ինչ-որ մեկի ցանկությամբ 150 հազար մարդ դառնա փախստական մայր հայրենիքում։ Սա անարդարացի վերաբերմունք է արցախցիների նկատմամբ»,- Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարեց արցախցի իրավապաշտպան Դավիթ Հովհաննիսյանը։
Նա վստահեցրեց՝ չկա տարբերություն․ ինչպես արցախցին, այնպես էլ ՀՀ-ում յուրաքանչյուրը՝ գորիսեցին, կապանցին, արթիկցին, նույն անձնագիրն են ստացել, նույն զինգրքույկը, վարորդական վկայականը, նույն նույնականացման քարտը․ «Ինչո՞ւ է հիմա ինը ամիս սովի մատնված, պատերազմներով անցած ազգի արցախցի հատվածը համարվում փախստական, սա անարդարություն է, որի դեմ պետք է պայքարենք միասնաբար՝ արցախցիներով, գորիսեցիներով, երևանցիներով ամբողջ ազգով համատեղ»։
Դավիթ Հովհաննիսյանը ասաց՝ ՀՀ իշխանությունները պետք է այնքան կամք ու ցանկություն ունենան, որ միջոցներ ձեռնարկեն, որ արցախցիները չտեղահանվեն․ «Այստեղ հավաքվելը պայքարի ձև է։ Մենք չենք պայքարում որևէ մեկի դեմ, մենք պայքարում ենք հանուն յուրաքանչյուրի իրավունքի, հանուն հայրենիքում ապրելու, արժանապատիվ ապրելու, հանուն նրա, որ արցախցին չկոչվի փախստական, հայաստանցին ՀՀ քաղաքացի, հանուն հավասար մոտեցման։ Եկեք մեր այս պայքարի միտքը հստակեցնենք՝ մենք պայքարում ենք ոչ թե իշխանությունների դեմ, այլ մեր իրավունքների համար»։
Կարդացեք նաև
Այնուհետև հանրահավաքի մասնակիցները գոչեցին՝ «պայքար, պայքար»։
Հանրահավաքի ամփոփիչ հատվածում ներկայացվեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հանրային լայն քննարկումների արդյունքում մշակված հանրահավաքի միասնական հայտարարություն-պահանջագիրը։ Հանրահավաքից հետո պահանջագիրը կներկայացվի ՀՀ կառավարությանը։
Դավիթ Հովհաննիսյանը նաև իր ելույթում զգուշացրեց․ «Այսօր մենք սոցիալական խնդիր ենք բարձրացնում, եթե քաղաքական իշխանությունը հայության այս հատվածին ՀՀ-ում պահելու գործողություններ չանի, եթե մեր սոցիալական խնդիրները չլուծեն, այս պայքարը ուզենք-չուզենք դառնալու է քաղաքական»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ