«Արցախցին արժանապատիվ է, սա ստամոքսակռիվ չէ, և 40+10-ը այլընտրանք չունի»,- Արցախի մայրերի անունից Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Տաթևիկ Խաչատրյանը։
Այս պահին Ազատության հրապարակը լեփ լեցուն է։ Հնչեցին ՀՀ-ի և Արցախի օրհներգերը, հրապարակը թնդում է։ Ծածանվեց Արցախի դրոշը։ Ազատության հրապարակում հավաքված բազմահազար հանրությունը վանկարկում է․ «Վերադարձ, վերադարձ», «Ոչ, արտագաղթին»։
Տաթևիկ Խաչատրյանը վստահեցրեց՝ ոչ մի արցախցու չեն ճանաչում, որ այս կառավարությանն ասած լինի՝ լավ միտք է․ դադարեցրեք 40+10-ը․ «Հայտարարում են, որ նախապես բռնի տեղահանվածների հետ են քննարկել այդ հարցերը։ Բայց երբ նայում ենք, տեսնում ենք, որ այդտեղ որևէ արցախցու չենք ճանաչում։ Գնում, պատահական մարդկանց են հավաքում»։
Տաթևիկ Խաչատրյանը ցավով արձանագրեց․ «Այսօր մեզնից փորձում են խլել վերադարձի իրավունքը՝ մեզ հարկադիր կրկնակի գաղթականի կարգավիճակ տալով։ Մեզ փորձում են համոզել, որ ստամոքսակռիվ է։ Մարդկանց մեջ տարբեր թեզեր են լցնում։ Եթե 40+10-ը դադարում է, մարդիկ հայտնվում են դրսերում, ի՞նչ պիտի անեն, ստիպված արտագաղթելու են։ Ինչպե՞ս կարելի է պայմանականորեն Ռոստովից կամ Պորտուգալիայից պայքարել վերադարձի իրավունքի համար։ Վերադարձի իրավունքը հնարավոր է կայացնել միայն մեր մայր հայրենիքում»։
Կարդացեք նաև
Եզրափակելով խոսքը՝ Տաթևիկ Խաչատրյանն ասաց․ «Ասենք նրանց, որ արցախցին սովոր չէ նման աջակցության, որ արցախցին տուն ու տեղ է սարքել Արցախում, արել ամեն ինչ իր երեխայի արժանապատիվ ապագայի համար, սակայն այսպիսի իրավիճակում է հայտնվել։ Արցախցին արժանապատիվ է, սա ստամոքսակռիվ չէ, և 40+10-ը այլընտրանք չունի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԻ