«Աշխարհի աչքի առաջ մեզ բռնությամբ զրկել են մեր հայրենիքից, բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք մեր հայրենիքից»,- Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նշենք, որ Ազատության հրապարակը լեփ լեցուն է։ Հնչեցին ՀՀ-ի և Արցախի օրհներգերը, հրապարակը թնդում է։ Ծածանվեց Արցախի դրոշը։
Ազատության հրապարակում հավաքված բազմահազար հանրությունը վանկարկում է․ «Վերադարձ, վերադարձ», «Ոչ, արտագաղթին»։
Գեղամ Ստեփանյանը հայտարարեց․ «Եկեք ծափահարենք այն մարդկանց, որոնք վեր են կանգնած «մնայիք, կռվեիք», «ղարաբաղցի ես, թե հայ», «ձեզ հյուրի պես պահեք» խոսույթից»։
Կարդացեք նաև
Գեղամ Ստեփանյանը վստահեցրեց՝ ոչ ոք իրավունք չունի Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնել առանց իրենց կարծիքը հաշվի առնելու․ «Մեր ձայնը պետք է լինի լսված և, կարևորագույնը, հաշվի առնվի այս որոշումների կայացման հարցում։ Մեր պահանջներն արդարացի են։ Այս բազմահազարանոց հանրահավաքը եկել է ապացուցելու, որ այդ միասնականությունը առկա է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ