Լրահոս
Օրվա լրահոսը

Դու չես կարող ինչ-որ պատասխանատու հարթակից խոսել կրթության մասին, եթե քո խոսույթը պարունակում է ագրեսիա, տգեղ  ձևակերպումներ և չվերահսկվող ժեստեր

Մարտ 29,2025 12:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուզում եմ անդրադառնալ այսօր անընդհատ շրջանառվող՝ «Կրթությունը նորաձև է» արտահայտությանը: Ավելին՝ սրանից ուզում են արհեստականորեն սարքել ինչ-որ հանրային շարժում։ Կարծում եմ, որ կրթությունը և նորաձևությունը  տարբեր եզրույթներ են, կրթությունը երբևէ չի հնանում, պետք է կրթվել միշտ և պիտի լինի պարտադիր, ոչ թե նորաձև: Եթե դու այդ գաղափարի կրողն ես, առաջին օրվանից, երբ հայտնվում ես ինչ-որ տիրույթում որպես ղեկավար, չպիտի սպասես  տարիներ, այնուհետև որոշես, որ կրթությունը նորաձև է, դա միշտ քո հետ է: Երթ որևէ մեկը հնչեցնում է  այդ արտահայտությունը, հասկանում ես, որ նա դրա կրողն է, կան մարդիկ էլ, ովքեր հնչեցնում են այդ արտահայտությունը՝  պարզ է, որ նա դրա կրողը չէ: Որևէ երևույթ չի դառնա նորաձև, եթե դու դրա մասին ուղղակի խոսես, բայց  կրողը չլինես։

Կարծում եմ` կրթությունը նորաձև դարձնելու համար պետք է մի գործոն իրականացնել` բարձր գնահատել  ուսուցչի աշխատանքը, նաև նյութապես, ուսուցչի և դասախոսի աշխատանքը հարկավոր է հերոսացնել, շատերը  կցանկանան ընտրել այդ մասնագիտությունը և կշարունակեն  հպարտությամբ կրթել եկող սերունդներին, իսկ կրթության շնորհիվ մարդն արժանապատվություն ձեռք կբերի և կձևավորվի բարեկիրթ հասարակություն:

Դենի Դիդրոն ասել է. «Կրթությունը մարդուն արժանապատվություն է հաղորդում, անգամ ստրուկն է սկսում գիտակցել, որ ինքը ստրկության համար չի ծնվել»:
Կրթված մարդը երբեք չի կորցնում չափի զգացողությունը, կրթված մարդու հետ անգամ վիճելն է հաճելի: Ես չեմ ասում, որ կրթությունը մարդու որակի միակ որոշիչ գործոնն է,  կարևոր է  նաև  ծնողի դաստիարակությունը։ Եթե ծնողը իր օրինակով ցույց չի տալիս կրթության  հանդեպ որևէ կարևորություն և պատասխանատվություն, անհնար է  նրան ուղղակի բառերով քարոզել։

Դու չես կարող ինչ-որ պատասխանատու հարթակից խոսել կրթության մասին, եթե քո խոսույթը պարունակում է ագրեսիա, տգեղ  ձևակերպումներ և  չվերահսկվող ժեստեր: Շատ պարզ ճշմարտություն կա՝ որքան վերևում ես, այնքան քո դրսևորումների ազատությունն ու ակտիվությունը սահմանափակվում է, քանի որ երբ ղեկավարը վերևում սկսում է անվերահսկելի ակտիվություն, ներքևում ձևավորվում է քաոս, սա ուղիղ համեմատական է մարդու կեցվածքի հետ, ամենավերևում կանգնած մարդը պետք է մնա «անշարժ», նրա խոսքը պետք է լինի կոռեկտ, բարկությունը՝ զուսպ, միտքը՝ սիրո և հանդուրժողական տողերով լի, միախմբող, սաստող, վերահսկող, ծանրակշիռ ու ազդեցիկ՝ ինչպես բնորոշ է տան մեծին:

Այո,  ամեն բան այս կյանքում իր գինն ունի, սա էլ ղեկավար պաշտոնի գինն է:
Եվ  նորից իրարամերժ իրականություն։ Իսկ կրթվել, իրոք, մեր հասարակությանը խիստ պետք է.  սկսած պարզ գրագիտությունից, մինչև կենցաղ, պարզ մարդկային համակեցության կանոններից մինչև սեփական իրավունքների տարրական պաշտպանություն, մինչև սեփական տան (պետության) հանդեպ հոգատարությունից մինչև գիտակցված քվեարկություն՝ բոլոր ընտրություններում։

 

Անուշիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Ես իմ անուշ Հայաստանի» նախագծի հեղինակ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31