Փաշինյանի կառավարման յոթ տարիներին բազմաթիվ ընտրություններ են տեղի ունեցել՝ խորհրդարանականներից սկսած, ՏԻՄ ընտրություններով վերջացրած, ու այդ ընտրական գործընթացներին բնորոշ որոշ օրինաչափություններ գնալով ավելի ակնհայտ են դառնում։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն անընդհատ գլուխ են գովում, թե իրենք ազատ ու արդար ընտրություններ են անցկացնում, ժողովրդավարության ջատագովներ են, ապահովում են, որ ընտրողների ամեն մի քվեն տեղ հասնի, իրականում «փաշինյանական» բոլոր ընտրություններն էլ լրիվ հակառակ պատկերն են ի ցույց դնում:
Օրինակ՝ եթե դիտարկենք ընտրությունների ընթացքը, ապա կարող ենք տեսնել, որ դրանք ուղեկցվում են քրեական գործերի հարուցմամբ, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հետապնդումներով ու իրավապահների կողմից տարբեր շոուների բեմադրմամբ։ Սովորաբար այն ժամանակ, երբ ընտրությունների անցկացմանն ընդամենը շատ քիչ ժամանակ է մնացել, հանկարծ իրավապահները «քնից արթնանում են», հիշում են «չարաշահումների» մասին, և ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվում, նրանց գրասենյակները խուզարկվում են և այսպես շարունակ։
Ու իշխանություններն այնքան պարզունակ են գործում (կամ «թքած ունենալու» տարբերակով), որ բոլորի համար է պարզ և ակնհայտ՝ այդ բոլոր «գործերը» քաղաքական ենթատեքստ ունեն. բնականաբար, այդ ամենը կատարվել ու կատարվում է ընդամենը մեկ նպատակով՝ հնարավորինս ազդել ընտրությունների ելքի վրա՝ հաշվի առնելով, որ գործող իշխանությունը որևէ տարածքում առանց այդ ամենի առարկայական քվե ստանալու որևէ շանս պարզապես չունի: Մնում է շոուների ու հետապնդումների միջոցով հանրային կարծիքը մանիպուլացնել, արատավորել մրցակիցների համբավը, հնարավորինս խոչընդոտել նրանց գործունեությունը։
Պարզապես այս գործիքակազմն իշխանություններն իրենց քաղաքական մրցակիցների նկատմամբ այնքան են կիրառել, որ շատ դեպքերում այսպիսի գործելակերպը չի էլ ազդում ժողովրդի տրամադրությունների վրա։ Նույնիսկ ընդհակառակը: Ավելին, շատ դեպքերում հարուցված քրեական գործերը (նախաձեռնված քրեական վարույթները) ճանապարհի կեսից ուղղակի քանդվում են, բայց այդ ժամանակ արդեն ընտրական գործընթացներն անցած են լինում, իսկ շոուն՝ կյանքի կոչված։
Կարդացեք նաև
Մյուս կողմից՝ եղել են դեպքեր, որ «իրավական» գործիքակազմը քաղաքական նկատառումներով կիրառվել է ընտրություններից հետո՝ այս անգամ արդեն ընդդիմության կողմից ընտրված թեկնածուների նկատմամբ։ Այդպիսի օրինակները քիչ չեն՝ սկսյալ Վանաձորից, որտեղ տեղի ունեցած համայնքային ընտրություններից հետո քրեական հետապնդումների գործիքակազմի միջոցով թույլ չտվեցին, որ ընտրված քաղաքապետը պաշտոնավարի։ Զուգահեռ այլ համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, թե՛ «իրավական», թե՛ այլ միջոցներ են կիրառվել՝ ընտրությունները չեղյալ հայտարարելու և նոր ընտրություններ անցկացնելու համար:
Իշխանություններն առաջնորդվում են բոլոր մակարդակներում պետական կառավարման օղակները ուզուրպացնելու, բռնազավթելու մոտեցմամբ, իսկ նրանց այն հայտարարությունները, թե ժողովուրդն է որոշում՝ ով իշխի Հայաստանում, ընդամենը միֆ է. իրականում մեկ անձնավորություն է որոշում այդ ամենը՝ թքած ունենալով թե՛ օրենքների, թե՛ ժողովրդի վրա։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում