Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայմանագի՞ր», թե՞ «համաձայնագիր»․ գրավոր փաստաթղթի դեպքում տերմինի կիրառումից չի փոխվում դրա միջազգային պայմանագիր լինելու կարգավիճակը․ «Փաստերի ստուգման հարթակ»

Մարտ 29,2025 09:30

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի (պայմանագրի) ստորագրումից առաջ Հայաստանում քննարկումներ են սկսվել՝ արդյո՞ք փաստաթուղթը համաձայնագիր է, թե պայմանագիր, ի՞նչ կարգավիճակ ունի այն։ «Փաստերի ստուգման հարթակը» հետևել է այդ քննարկումներին, ուսումնասիրել է Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքը «Միջազգային պայմանագրերի մասին»։

Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ փաստաթղթի բովանդակության շուրջ բանակցությունները։

Այդ մասին Հայաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ երկու երկրի միջև համաձայնեցված նախագիծն ուներ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր» անվանումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նախագծի մասին հրապարակային խոսքում նախկինում օգտագործվող «պայմանագիր» եզրույթը փոխարինել է «համաձայնագիր» եզրույթով։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր տելեգրամյան ալիքում նկատել էր, որ Փաշինյանը «պայմանագրի» փոխարեն «համաձայնագիր» բառն է օգտագործում՝ պնդելով, որ դրանք էական տարբերություններ ունեն միջազգային իրավունքի և պրակտիկայի տեսանկյունից։

«Պայմանագիր՝ իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է, որը ստեղծում է կոնկրետ պարտավորություններ կողմերի համար: Կողմերից մեկի իր պարտականությունները չկատարելն առաջացնում է իրավական հետևանքներ: Համաձայնագիր՝ ոչ պարտադիր բնույթ ունեցող փաստաթուղթ է, որը արտահայտում է կողմերի միջև ընդհանուր համաձայնությունը, սակայն չունի իրավական ուժ և այն խախտելը իրավական հետևանքներ չի առաջացնում», — գրել է նա։

Մարտի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանի այդ պնդմանը արձագանքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հորդորելով Լևոն Քոչարյանին իր գիտելիքները «մի քիչ բան անել»։

«Ես ձեզ՝ որպես իրավաբան ասում եմ, մասնագիտական բան եմ ասում, ոչ մի տարբերություն չկա՛, դա լեքսիկոնի ոճաբանություն ա, որևիցե մեկի պարագայում պարտադիր և ոչ պարտադիր բաղադրիչներ չկա, կա Վիեննայում, եթե չեմ սխալվում կոնվենցիա կա, ․․․ իրավական առումով նման բան չկա», — ասել է Սիմոյանը։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ինքը՝ Սիմոնյանը, տեսել է այդ նախագիծը, և ի՞նչ է գրված այնտեղ, ԱԺ նախագահը պատասխանել է՝ նախագծում «պայմանագիր է գրված»։ 

Հատկանշական է, որ Սիմոնյանի հաստատումը, թե նախագծի վերնագրում «համաձայնագրի» փոխարեն «պայմանագիր» է գրված, հակասում է ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությանը․ ինչպես նշել էինք վերևում, գերատեսչությունը կիրառել է «համաձայնագիր» եզրույթը։

Ի՞նչ է ասում Կոնվենցիան 

Վիեննայի կոնվենցիան միջազգային իրավունքի հիմնական փաստաթուղթ է, որը կարգավորում է պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև պայմանագրերի կնքման, վավերացման, կատարման, փոփոխման և դադարեցման կարգը։

Կոնվենցիայում սահմանված է բացառապես «պայմանագիր» հասկացությունը, այն  սահմանվում է որպես գրավոր համաձայնագիր, որը պետությունների միջև կնքվել է միջազգային իրավունքի հիման վրա՝ անկախ դրա կոնկրետ անվանումից։

Փաստացի սահմանումը ենթադրում է, որ փաստաթղթի՝ պայմանագրի կարգավիճակ ունենալու հարցում անվանումը էական չէ․ այսինքն, նույնիսկ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագրի նախագծի անվան մեջ կիրառվել է «համաձայնագիր» անունը, դրանից փաստաթղթի՝ միջազգային պայմանագիր լինելու կարգավիճակը չի փոխվում։ 

Հատկանշական է նաև, որ պայմանագրով պարտավորված լինելու համաձայնություն հայտնելու մեկ ընթացակարգի փոխարեն, մի քանիսը կան՝ կախված նրանից, թե պայմանագիրը կնքող կողմերը որ ընթացակարգի կամ ձևի շուրջ են եկել պայմանավորվածության։

Որպես առանձին հասկացություն՝ «համաձայնագիր» եզրույթը Կոնվենցիայում սահմանված չէ։ Փոխարենը կա «միջազգային համաձայնագրերի» մասին դրույթ․ ըստ այդմ՝ այս տերմինը օգտագործվում է այն փաստաթղթերի համար, որոնք չեն համապատասխանում Կոնվենացիայում «պայմանագրի» սահմանմանը:

Դրա 3-րդ հոդվածում նշված է, որ խոսքը վերաբերում է այն միջազգային համաձայնագրերին (անգլերեն agreement բառից), որոնք ոչ գրավոր ձևի են:

Ի լրումն սրան, համաձայն ՄԱԿ-ի առցանց շտեմարանի կայքում հրապարակված՝ միջազգային փաստաթղթերի ձևերի վերաբերյալ բացատրական տեքստի՝ «համաձայնագիր» եզրույթը կարող է կիրառվել նաև այն փաստաթղթերի համար, որոնք չեն համապատասպանում Կոնվենցիայում սահմանված՝ «պայմանագիր» հասկացության նկարագրությանը, նման փաստաթղթերի վերաբերյալ դրույթներին։

«Չնայած նման բանավոր համաձայնագրերը կարող են հազվադեպ լինել, դրանք կարող են ունենալ նույն պարտադիր ուժը, ինչ պայմանագրերը՝ կախված կողմերի մտադրությունից: Բանավոր համաձայնագրի օրինակ կարող է լինել մի պետության արտաքին գործերի նախարարի կողմից մեկ այլ պետության իր գործընկերոջը տված խոստումը: «Միջազգային համաձայնագիր» տերմինն իր ընդհանուր իմաստով, հետևաբար, ներառում է միջազգային փաստաթղթերի ամենալայն շրջանակը», -ասվում է ՄԱԿ-ի առցանց շտեմարանի կայքում:

Ըստ ՄԱԿ-ի նկարագրության՝ «համաձայնագիր» տերմինը սկսել է լայն կիրառվել 20-րդ դարի առաջին տասնամյակներում, և ներկայում միջազգային իրավական փաստաթղթերի մեծ մասը ձևակերպվում է որպես «համաձայնագիր»։

«Կա ընդհանուր միտում «համաձայնագիր» տերմինը կիրառելու երկկողմ կամ սահմանափակ բազմակողմ պայմանագրերի դեպքում»։ 

Փաստացի, համաձայնագիր տերմինը կիրառվում է այն դեպքում, երբ միջպետական պայմանավորվածությունները գրավորի փոխարեն, բանավոր են։ Իսկ գրավոր փաստաթղթի դեպքում տերմինի կիրառումից չի փոխվում դրա միջազգային պայմանագիր լինելու կարգավիճակը։

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31