Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես վատնել հարկատուների փողերը. ուղեցույց օրենսդիր մարմնից

Մարտ 29,2025 22:00

2024 թվականի սեպտեմբերի 12-14-ը Երեւանում կայացավ Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը, որի անցկացման մասին 2024թ. մարտին Ժնեւում համաձայնագիր էին ստորագրել ՀՀ ԱԺ նախագահը եւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը: Եվ որի մասին դեռ 2024թ. հունվարին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԱԳ նախարարի հետ: Այսինքն՝ սեպտեմբերի համաժողովը պլանավորված էր առնվազն ինն ամիս առաջ, եւ այն շատ դժվար է համարել անսպասելի եւ հրատապ:

Այս մեծ միջոցառման իրականացման ողջ ծանրությունը դրվել էր «Դվին հյուրանոցային համալիր»-ի վրա, որի համար Ազգային ժողովը «Պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրով (ՀՀ ԱԺ ՄԱԾԲ-24/51)» մեր՝ հարկատուներիս, վճարած փողերից, հյուրանոցին է փոխանցել մոտ 326 մլն դրամ` մոտ 840 հազար դոլար՝ այդ օրվա կուրսով:

Այս թանկարժեք հաճույքին լրատվամիջոցներն անդրադարձել են` նկատելով, որ բավականին խոշոր գումարի գնումը Ազգային ժողովը կատարել է մեկ անձից գնման եղանակով: Գնումների մասին օրենքի 23-րդ հոդվածով հստակ սահմանված է, թե երբ կարելի է առանց մրցույթի գնում կատարել:

Ըստ այդմ` գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե

1) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ.

2) արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել. (Ինչպես վերը տեսանք, այս կետով պայմանագիրը չի կարող անցնել- հեղ.)

3) պատվիրատուն, որևէ անձից կատարելով ապրանքների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն օբյեկտիվորեն չնախատեսված հանգամանքներից ելնելով՝ սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած ապրանքների լրացուցիչ գնում կատարել նույն անձից… (սա նույնպես այն չի համապատասխանում այս գնմանը-հեղ.)

4) գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը (բազային միավորը 1 մլն դրամ է, եւ գնման գինը 326 անգամ գերազանցում է բազային միավորը-հեղ.)

5) գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս («Դվին» հյուրանոցային համալիրը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում-հեղ.):

Ազգային ժողովից, ի պատասխան «Առավոտի» հարցման, թե «Մեկ անձից գնումներ կատարելու պայմանների» ո՞ր կետով է այդ խոշոր գնումը կատարվել «Դվին հյուրանոցից», պատասխանել են, որ «Համապատասխան ծառայությունների գնումը կատարվել է՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի: 

Ստացվում է, որ «Դվին» հյուրանոցը միակն էր, որ կարող էր նման ծառայություն մատուցել (ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ): «Հեղինակային եւ հարակից իրավունքներ» «Դվին» հյուրանոցը, ինչպես եւ՝ որեւէ այլ հյուրանոց, չի կարող ունենալ, քանի որ որեւէ կերպ չի համապատասխանում «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքի» պահանջներին: Ինչ վերաբերում է «հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությանը», ապա, ըստ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի («Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները») 15-րդ կետի՝  հատուկ կամ բացառիկ իրավունքն այն իրավունքն է, որը բխում է իրավական կամ վարչական ակտով իրավասու մարմնի տրամադրած իրավասություններից, որի նպատակն է որոշակի գործունեության իրականացման իրավունքը (ներառյալ՝ հանրային ծառայությունների ոլորտում) վերապահել մեկ կամ սահմանափակ թվով կազմակերպությունների, և որով էապես սահմանափակվում է նման գործունեություն իրականացնելու այլ կազմակերպությունների հնարավորությունը: Նման որեւէ իրավունք՝ ամրագրված «Դվին» հյուրանոցին, որեւէ բաց աղբյուրում չգտանք:

Եթե հարցը 300 եւ ավելի հյուրերի մասնակցությամբ կազմակերպվող միջոցառման մասշտաբն է՝ զուտ չափսերի առումով, ապա, թերեւս ՀՀ տարածքում գործունեություն ծավալող այլ խոշոր հյուրանոցները, օրինակ՝ Արմենիա-Մարիոթը, կամ, ինչու ոչ՝ Մարզահամերգային համալիրը, Մերիդիան էքսպո կենտրոնը, կվիճարկեին այն պնդումը, թե «Դվինը» միակն է, որ կարող էր մատուցել այդ ծառայությունը: Թերեւս ՄՀՀ-ի եւ Մերիդիանի պարագայում որոշակի անհարմարություն կարող էր պատճառել հյուրերին գիշերակացի վայրերից համաժողովի անցկացման վայր տանել-բերելը, սակայն եթե բաց մրցույթ անցկացվեր եւ այդ կառույցները բաց մրցույթում շատ ավելի շահեկան առաջարկներ ներկայացնեին, Ազգային ժողովին պիտի որ հետաքրքրեր հարկատուների տված գումարները նպատակային եւ խնայողաբար ծախսելը:

Նկատենք, նաեւ, որ ամեն դեպքում հյուրերի գոնե մի մասը (եթե ոչ՝ բոլորը) չի գիշերել «Դվին» հյուրանոցում, քանի որ նույն այդ պայմանագրով առնվազն 30 հատ մարդատար տրանսպորտային միջոցով կազմակերպվել է համաժողովի մասնակիցների եւ անձնակազմի տեղափոխման ծառայությունը (Պայմանագրի հավելված 1.1, կետ 56), եւ դրա համար վճարվել է 11 մլն 646  հազար դրամ: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր մեքենային երկու օր համաժողովի մասնակիցներին տանել-բերելու համար վճարվել է 388 200 դրամ՝ գրեթե 1000 դոլար: 1 մլն 200 հազար դրամ էլ ծախսվել է 8 տրանսպորտային միջոցի բրենդավորման համար (կետ 57): 252 հազար դրամ՝ սա այն գինն է, որը վճարվել է այդ տրանսպորտային միջոցները հյուրանոցի ստորգետնյա կայանատեղի տեղափոխելու համար (կետ 58): Այսինքն՝ համաժողովի մասնակիցներին առոք-փառոք, թանկ-թանկ «Դվին» հասցնելուց հետո այդ մեքենաները հյուրանոցի ստորգետնյա կայանատեղի տանելու համար վճարվել է եւս 8400 դրամ՝ յուրաքանչյուր մեքենայի համար:

 

 

 

 

 

Ինչ խնայողության մասին է խոսքը, եթե այդ գնումների պայմանագրով կան այսպիսի կետեր:

Կետ 6. 1,5մ x2 մ չափսով 180 հատ դրոշի տեղադրում հյուրանոցի ներսում: Արժեքը՝ 9 մլն 360 հազար դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր դրոշն արժե 52 հազար դրամ:

 

Համացանցում այդ չափսի դրոշ չգտանք, բայց 1,2մ x2,2մ չափսի բարձրորակ դրոշը «Կարանդաշում» արժե 9000 դրամ, իսկ «Դրոշների աշխարհ» խանութ սրահը փայտյա պատվանդանով 1մx2մ չափսի դրոշը վաճառում է 28 հազար դրամով: Flags.am կայքում առանց պատվանդանի կաբարդինե 1մx2մ դրոշներն արժեն 9000 դրամ, բախրամայովը՝ 12 հազար դրամ: Հաճարի փայտից պատվանդանով դրոշները՝ 39 հազար դրամ:

Ազգային ժողովից մեր հարցմանն ի պատասխան, թե որտե՞ղ են այդ դրոշները հիմա, պատասխանել են, որ դրոշները գտնվում են ԱԺ-ում:

 

Իսկ ահա մյուս պարագաները, որոնց մասին հետաքրքրվել էինք, վարձակալական հիմունքներով տրամադրել էր «Դվինը»: Հիմա տեսնենք, թե ինչերի մասին է խոսքը:

ՀՀ ԱԺ ՄԱԾԲ-24/51 պայմանագրի Հավելված 1.1-ի  10-րդ կետում գրված է, որ ձեռք է բերվել վեց հատ «ամբիոն», եւ վճարվել է 969 600 դրամ: Դա նշանակում է, յուրաքանչյուրն արժեցել է 161 600 դրամ: List.am-ով տեսնում ենք, որ վաճառքի պատվանդաններն արժեն 35-50 հազար դրամ, այնինչ վարձակալությամբ դրանք տրվում են մեկ օրվա համար սկսած 8000 դրամից՝ առավելագույնը 20 հազար դրամ: Ամբիոնը, որն օգտագործվել է Դվինում, շատ նման է սրան, որը վարձակալությամբ տրվում է օրը 15 հազարով:

Հյուր սերվիսը վարձակալությամբ տալիս է ամբիոններ՝ օրը 25 հազար դրամով: Հետեւաբար, երեք օրվա համար կարժենա՝ 75 հազար դրամ, բայց նկատենք, որ համաժողովի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, փակումը՝ 13-ին, իրականում տեւել է երկու օր, հետեւաբար՝ առավելագույնը պիտի արժենար 50  հազար դրամ եւ ոչ ավելին : Procat.am-ը՝  նմանատիպ ամբիոնը հատկացնում է օրը 7-14 հազար դրամով: Այսինքն՝ մի քանի անգամ թանկ է վճարվել ամբիոնի վարձակալության համար, քան հնարավոր էր վարձակալել: Ընդ որում, համաժողովի ուղիղ հեռարձակմումը դիտելիս երեւում է, որ օգտագործվել է ընդամենը մեկ եւ ոչ թե վեց ամբիոն:

Պայմանագրով նախատեսված էր նաեւ 153 հատ սեղանի «ապահովում» ինչպես գրված է պայմանագրում (45-րդ կետ), որն արժեցել է 3 մլն 60  հազար դրամ, այսինքն՝ ամեն սեղանը՝ 20 հազար դրամ: Ընդ որում, նույն տեսագրությունը դիտելիս ակնհայտ է, որ յուրաքանչյուր սեղանի մոտ նստած է երեք մարդ: Իսկ հյուրերի քանակը 350-ից չի անցել, քանի որ հենց այդքան են նախատեսվել գրիչներ, թերմոսներ, թղթապանակներ… Ինչը նշանակում է, որ 153 սեղանի կարիք առանձնապես չկար:

List.am-ը վարձակալության համար առաջարկում է սեղաններ՝ օրը 2000 դրամից սկսած, procat.am-ը՝ 2500-5500 դրամ, դիտարկել ենք միայն ուղղանկյուն սեղանները, քանի որ տեսանյութից ակնհայտ է, որ  կլոր սեղաններ չեն եղել: Այսինքն՝ սեղանների վարձակալությունը երեք օրվա համար (ընդ որում, հիշեցնենք, որ համաժողովը երկու օր է տեւել), կարող էին արժենալ ոչ ավելի քան 16000 դրամ, լավագույն դեպքում՝ 6000 դրամ:

Պայմանագրի 36-րդ կետում խոսվում է 153 հատ 3 բնիկով երկարացման լարերի ապահովման մասին: Դրա համար հարկատուներս վճարել ենք 3 մլն 499 հազար 875 դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր երկարացման լարն արժեցել է 22 875 դրամ:

Համացանցում գտնում ենք երկարացման լարեր՝ երեք բնիկով, ամենաերկարը՝ 5մ-անոցն արժե 3300դրամ:  Շատ ավելի մատչելի տարբերակով առաջարկում է այս մի կայքը՝ 10մ-անոց լարը՝ 3000 դրամ: Ընդ որում, դրանք վաճառքի գներն են, այնինչ «Դվին» հյուրանոցը վարձակալությամբ է տվել այդ սարքերը ԱԺ-ին:

 

Երեք անգույն բազմաֆունկցիոնալ տպիչը (printer)՝ պայմանագրի հավելվածի 38-րդ կետի համաձայն՝ հարկատուներիս վրա նստել է 999 900 դրամ՝ հատը՝ 333 300 դրամ, իսկ երեք բազմաֆունկցիոնալ գունավոր տպիչը (կետ 39)՝ 1 200 000 դրամ, այսինքն՝ մեկ հատը 400 հազար դրամ: Սակայն այդ տպիչները ոչ թե գնվել են, այլ վարձակալվել՝ համաձայն «Առավոտի» հարցմանը ԱԺ-ի տված պատասխանի: Այնինչ, անգամ գնելու դեպքում դրանք շատ ավելի մատչելի կարող էին լինել , ընդ որում՝ շատ տարբեր խանութներում :

QR կոդի ստեղծման համար (կետ 27), որը մեր օրերում գրեթե անվճար է եւ անգամ երեխան կարող է պատրաստել կամ ծայրահեղ դեպքում սիմվոլիկ գումարով տրամադրվող ծառայություն է, «Դվին» հյուրանոցը ԱԺ-ից ստացել է 200 հազար դրամ: Երեք օրվա WiFi կապի ապահովումն (կետ 41) արժեցել է… 1 900 000 դրամ:

Համաժողովի տեսաձայնագրումը եւ տեսաձայնագրման առցանց հեռարձակումը համացանցում՝ օրիգինալ եւ անգլերեն թարգմանությամբ (կետ 35) արժեցել է 2 մլն 650 հազար դրամ: Եթե դուք կարծեցիք, թե գուցե համաժամանակյա թարգմանությունն է այդքան թանկ, ապա տեղեկացնենք, որ թարգմանության համար առանձին գումար է նախատեսված եղել (կետ 54)՝ ինը անձի համար 17 մլն 757  հազար դրամ, դրա մեջ մտել է թարգմանիչների ճանապարհածախսը, գիշերակացը, վարձատրությունը եւ օրապահիկը: Առանձին գումար է նախատեսված եղել 10 հատ թարգմանչական խցիկների համար՝ 3 մլն 200 հազար դրամ, եւ այդ խցիկների էկրանների համար՝ 960 հազար դրամ:

 

Ահա այս բրենդի ստեղծումն արժեցել է 500 հազար դրամ՝

 

Սեղանին ամրացված խոսափողերի (160 հատ) եւ լարանցման ապահովումն արժեցել է 3 232 000, այսինքն՝ յուրաքանչյուրը՝ 20200 դրամ:  Թե ինչ տեսք ունեն համաժողովի ընթացքում ապահովված խոսափողերը, կարող եք տեսնել այս լուսանկարում:

Իսկ նմանատիպ խոսափողները հնարավոր է գնել գրեթե 9 անգամ էժան կամ գոնե եռակի էժան, լավ:

Կոնֆերանսների, համաժողովների համար նախատեսված խոսափողեր կան նաեւ այնպիսի օնլայն խանութներում, ինչպիսին է, օրինակ, ozon-ը, եւ արժեն 2000-4000 դրամ:

Ընդհանրապես պայմանագրի հավելվածի տառացիորեն յուրաքանչյուր կետը խնդրահարույց է եւ հարցեր առաջացնող: Թերեւս կարելի է ասել, որ սա մի պայմանագիր է այն մասին, թե ինչպես կարելի է մսխել ոչ սեփական, այլ՝ պետական փողերը:

Չմոռանամ նշել, որ «Դվինից» այդպես էլ չպատասխանեցին «Առավոտի» հարցմանը՝ գնումների, տարբեր ծառայությունների տարօրինակ արժեքների եւ այլնի վերաբերյալ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31