ՀՀ սահմանադրական դատարանը 2025 թվականի մարտի 14-ի որոշմամբ քննության է ընդունել հայ հասարակական-մշակութային գործիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա Բենդ» խմբի համահիմնադիր Անդրանիկ Մանուկյանի դիմումը («ՍԴ-ն Անդրանիկ Մանուկյանի գործով մասնակից ճանաչեց ԱԺ-ին», «Առավոտ», 2025/03/21/1476375):
Երեկ «Առավոտի» հետ զրույցում Մանուկյանը հայտնեց, որ նշված գործով Սահմանադրական դատարանում ներկայացուցչություն իրականացնող փաստաբանը Առնոլդ Վարդանյանն է: Վերջինս տեղեկացրեց, որ նշված գործը վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կոպիտ խախտմամբ Անդրանիկ Մանուկյանի սեփականության իրավունքի լեգիտիմ ակնկալիքով պաշտպանված՝ 51.62 քառ մետր հողատարածքի հողազավթմանը, ինչն իրականացվել է Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղում գտնվող բակում։
Փաստաբանն «Առավոտին» ներկայացրեց հետեւյալը.
Կարդացեք նաև
-Նշված տարածքը, որտեղ գտնվել է պարսպապատված տնային տնտեսություն, նվիրատվության կարգով դեռեւս 1990-ական թվականներից ձեռք է բերել Անդրանիկ Մանուկյանը եւ բնակվել այդտեղ, սակայն 2017 թվականից տարբեր բիզնես ծրագրերի իրականացման շրջանակներում, Անդրանիկ Մանուկյանի հողատարածքի հաշվին, այդ բակում «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի կողմից ամեն գնով փորձ է կատարվել կառուցել մոտ 12 հարկանի բազմաբնակարան շենք։ Ընդ որում, շինարարությունը կատարվել է առանց սպասելու տարիներ շարունակ ընթացող դատական գործընթացների ավարտին, կատարվել է նվազագույն նորմատիվային պահանջների կոպիտ խախտմամբ, անմիջապես Անդրանիկ Մանուկյանի տան գլխավերեւում, վտանգի տակ դնելով իր եւ իր հետ բնակվող ընտանիքի անդամների, անչափահաս երեխաների կյանքն ու առողջությունը։ Այս ամենը փաստագրված է համապատասխան ապացույցներով։
Ավելին, պատկերացնելու համար սույն գործի բնույթը, կարեւոր է նաեւ իմանալ, որ Թումանյան փողոցի նշված բակի շուրջ 131 բնակիչ իրենց դիմում-բողոքն են հասցեագրել Երեւանի քաղաքապետին՝ շինարարությունը կասեցնելու պահանջով։ Այդ բնակիչների թվում են եղել նաեւ բողոքը ստորագրած Արթուր Մեսչյանը եւ նրա կինը՝ Սուսան Մեսչյանը։ Սակայն, ինչպես հետագայում է պարզվել, նշված դիմում-բողոքը մակագրվել է Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակված Արթուր Մեսչյանին, ով ըստ էության նաեւ իր հավանությունն է տվել նշված կառուցապատման նախագծին։ Ընդ որում, գործում առկա են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ պաշտոնապես ստացված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից այն մասին, որ անհրաժեշտ էր ձեռնպահ մնալ նշված կառուցապատման շինարարությունն իրականացնելուց, այն չի համապատասխանում նվազագույն նորմատիվ պահանջներին, սակայն այս ամենը պարզապես անտեսվել է իրավասու մարմինների կողմից։
Նշված գործն ունի մի շարք նյութական եւ ընթացակարգային նորմերի կոպիտ խախտումներ, որոնք, ցավոք, անտեսվել են Առաջին ատյանի դատարանից մինչեւ Վճռաբեկ դատարան, ավելին՝ արդար դատաքննության իրավունքի առումով՝ նաեւ խախտվել հենց դատարանների կողմից տրված ակնհայտ հակասահմանադրական մեկնաբանության արդյունքում, որպիսի հանգամանքները բարձրացվել են նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի առաջ:
Նախեւառաջ, թեեւ սույն գործով ի սկզբանե դատարան է դիմել Անդրանիկ Մանուկյանի տնային տնտեսության տնվորներից մեկը՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ճանաչելու համար, սակայն հետագայում անհասկանալի հանգամանքներում կնքված ցեսիայի պայմանագրի հիման վրա դատարան ներկայացված հայցապահանջը փոխանցվել է այն նույն մարդուն, ով հանդիսացել է «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահը, այն նույն կազմակերպության, որը գործով ներգրավված է եղել որպես պատասխանող եւ Անդրանիկ Մանուկյանի հողատարածքում իրականացրել է կառուցապատման աշխատանքներ։ Արդյունքում, որքան էլ անհավատալի թվա, ստացվել է այնպես, որ գործով պատասխանողը դարձել է հայցվոր։ Դատարաններն իրենց որոշումներով ոչ միայն հաստատել են այս տեղափոխությունը, այլ նաեւ Անդրանիկ Մանուկյանին փաստացի զրկել են նշված հարցով կայացված որոշումը բողոքարկելու հնարավորությունից՝ անհամաչափորեն սահմանափակելով դատարանի մատչելիության եւ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքները։
Ընդ որում, ՀՀ Սահմանադրական դատարանի առջեւ բարձրացվել է նաեւ այն հարցը, որ Անդրանիկ Մանուկյանը զրկվել է իր սեփականության իրավունքից այն պայմաններում, երբ սկզբնական հայցվորը դատարան դիմելիս չի ունեցել որեւէ իրավունք, որը կարող էր որեւէ կերպ փոխանցել այլ անձի, ավելին՝ օրենքով նույնիսկ չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը որեւէ անձի փոխանցելու հնարավորություն։ Որպեսզի պատկերավոր լինի սույն գործով թույլ տրված խախտումների աստիճանը, դեռեւս մինչեւ դատական գործընթացների սկսվելը, նշված հասցեում բազմաբնակարան համալիրի կառուցումը ստացել էր շինարարական թույլտվություն այն պայմաններում, երբ կառուցապատման նախագծերում Անդրանիկ Մանուկյանի հողատարածքն իր շինությամբ մատնանշվել էր որպես նախնական համաձայնությամբ ձեռքբերման եւ քանդման ենթակա գույք։
Բացի այդ, դատական գործընթացների արդյունքում, Անդրանիկ Մանուկյանը զրկվել է իր սեփականության իրավունքից եւ գույքի նկատմամբ ճանաչվել է կառուցապատումն իրականացնող կազմակերպության նախագահի սեփականության իրավունքը՝ ձեռքբերման վաղեմության ուժով այն դեպքում, երբ նշված անձը երբեւէ՝ գեթ մեկ օր չի բնակվել կամ հաշվառվել նշված տարածքում, ավելին՝ սեփականության իրավունքի ճանաչման պահին՝ պահանջվող գույքը եղել է քանդված՝ բիզնես ծրագրի իրականացման նպատակով:
Վերջիվերջո, նման պայմաններում, թեեւ ժամանակին Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հիմնավորված են, սակայն հրաժարվել է բողոքն ընդունել վարույթ՝ անտեսելով Անդրանիկ Մանուկյանի սեփականության իրավունքից զրկման փաստը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ նույնաբնույթ փաստական հանգամանքներում ներկայացված նույն ցեսիայի պայմանագրի հիման վրա նույն հասցեով Անդրանիկ Մանուկյանի մեկ այլ հողատարածքի զավթման նպատակով ներկայացված հայցը ժամանակին թողնվել է առանց քննության այլ դատարանների կողմից։
Նշված մոտեցումների անթույլատրելիության մասին հատուկ կարծիք է գրել միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Է. Սեդրակյանը՝ ընդգծելով, որ բողոքը պետք է վարույթ ընդունվեր Վճռաբեկ դատարանի կողմից։
Մեզ հետ զրույցում փաստաբան Առնոլդ Վարդանյանը նշեց, որ ներկայացված դիմումով բարձր դատարանի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ սույն գործով դիմողը զրկվել է ք. Երեւան, Թումանյան 2-րդ անցուղի, 5-րդ տուն հասցեում գտնվող հողատարածքի նկատմամբ իր սեփականության իրավունքից դիմողի սահմանադրական հիմնարար իրավունքների խախտումների արդյունքում, այն մոտեցումների կիրառմամբ, որոնք ժամանակին կիրառվել են նաեւ անձանց իրենց սեփականության իրավունքից զրկելու համար՝ Երեւան քաղաքում Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ, իսկ հետագայում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացվել են վճիռներ՝ ընդդեմ Հայաստանի՝ արձանագրելով նշված իրավունքի խախտումը։ Տվյալ գործով ոչ միայն խախտվել է Անդրանիկ Մանուկյանի սեփականության իրավունքը, այլ նաեւ՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող իրավական երաշխիքները։
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ
Լուսանկարները՝ «Առավոտի»
Փաստաբանը «Առավոտի» հետ զրույցում նաեւ հույս հայտնեց, որ բարձր դատարանի կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավադրույթներն ու իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները ՀՀ Սահմանադրության երաշխավորված իրավունքներին հակասող եւ անվավեր ճանաչվելու դեպքում հնարավորություն կստեղծվի ներպետական մակարդակով վերականգնելու Անդրանիկ Մանուկյանի կոպիտ ձեւով խախտված սեփականության եւ արդար դատաքննության իրավունքները։
«Առավոտ» օրաթերթ
28.03.2025