Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն այսօր հրատապ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելով, որ ՔՊ-ն իրեն վարկաբեկող ցուցապաստառներ է տարածել։
«Ուզում եմ գյումրեցիները տեղյակ լինեն, թե քարոզարշավի վերջին ժամերին ինչ է տեղի ունենում մեր քաղաքում։
Մեր երիտասարդ թիմակիցները քաղաքում զբոսնելիս տեսնում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից դուրս եկող անձանց ձեռքերին կան ցուցապաստառներ, որոնցում վարկաբեկում են ինձ։
Նրանք ամրացրել են պատերին, ծառերին, ձողերի վրա։ Երբ այդ լուրը հասավ մեզ, մենք որոշեցինք արձագանքել՝ ցույց տալով, թե ինչ մեթոդների են դիմում իշխանությունները։
Կարդացեք նաև
Իրենց ընդդիմադիր եղած ժամանակահատվածում իրենք շատ կոշտ քննադատել են նման բան կատարողներին, իսկ այսօր ավելի էժան, ավելի ճղճիմ տարբերակով են անում։ Քաղաքացիների արձագանքները չեն ուշացել․ ՔՊ-ականները ֆոտոներ են սարքել, իրենց ֆեյք կայքերով, լրատվամիջոցներով փորձել են տարածել, իսկ քաղաքացիները մեկնաբանություններ են թողել՝ շատ հստակ արձագանքելով՝ նման բան անողները շան տղա են։ Ես բնակիչներին ասել եմ ՝ պետք չէ մտնել անձնական դաշտ, իրենց կեղտոտ քարոզչությունը թող իրենց մնա»։
Մենք թեկնածուից հետաքրքրվեցինք, թե ինչ բովանդակությամբ ցուցապաստառներ են, որ վիրավորել են իրեն և պատրաստվո՞ւմ է արդյոք դիմել դատարան։
Կարեն Սիմոնյանը պարզաբանեց, որ ցուցապաստառների վրա դրամներ են նկարել։
Նա նաև նշեց, որ դատարան չեն դիմելու, քանի որ ՔՊ-ի կառավարության օրոք դատարան դիմելը ժամանակի կորուստ է, բացի այդ դատերը ձգձգվում են, վերջում իրենց արարքների համար պատասխան տվողներ չեն լինում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ