Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը Թատերական հրապարակում բազմամարդ էր, սակայն նկատելի էր, որ հավաքվածները ոչ միայն ընտրողներ էին, այլ այսպես ասած սատարողներ Շիրակի մարզի տարբեր համայնքներից՝ Ամասիայից, Ախուրյանից, Աշոցքից, բազում ծանոթ դեմքեր կային։
Հանրահավաքում կարելի էր տեսնել նաև տարբեր դպրոցների, բուժհաստատությունների կոլեկտիվների։
Ինչևէ, Սարիկ Մինասյանին սատարելու էին եկել նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև այլ ՔՊ-ականներ հանրապետության տարբեր տեղանքներից։
Կարդացեք նաև
Վահագն Ալեքսանյանն իր ելույթում ասաց, որ գյումրեցիներին ներկայացրել են իրենց կատարած աշխատանքն ու ծրագրերը՝ հույս ունենալով, որ մյուս թեկնածուներն էլ նույնը կանեն, սակայն նախկին նախագահները իրենց առաջադրած թեկնածուների միջոցով փորձում են գողանալ գյումրեցիների քվեն։
«Ես հուսով եմ, որ գյումրեցիների մոտ դիմակազերծման պրոցեսը որպես այդպիսին շատ լավ հաջողվեց, ու բոլորը շատ լավ հասկանում են՝ ով ով է, ու ով ում մարդն է։
Ժողովուրդ ջան, մի կարևոր բան կա, այս ընտրություններում մենք մի բանի ականատես եղանք, որը մեզ թվում էր, թե Հայաստանի համար փակված էջ է ընտրակաշառքը։
Ի՞նչ է ընտրակաշառքը, ընտրակաշառքը աղքատություն է, ընտրակաշառքը մահ է, ընտրակաշառքը անվտանգության իջեցում է պլենդուզի մակարդակի, բայց դա նրա համար, ով որ ընտրակաշառքը վերցնում է ու զուգահեռ՝ ընտրակաշառքը Տանզանիայում բուքմեյքերական ընկերություն է, Եռաբլուրում մասնավոր հող է, Երևանի կենտրոնում այնքան անշարժ գույք է, որ բոլոր անօթևան մնացած գյումրեցիները կկարողանային այդ տներում ապրել նրանց համար, ովքեր որ այդ ընտրակաշառքը բաժանում էին։
Ընտրակաշառքի էջը Հայաստանի Հանրապետությունում հավերժ փակված է, ու այն մարդիկ, որոնք կփորձեն այդ ընտրակաշառքի էջը բացել, պիտի լավ իմանան․ այդ բացողին ոչ մի պարագայում ոչ մի լավ բան չի սպասվում», -ասաց Վահագն Ալեքսանյանը։
Նա նաև նշեց, թե իրեն թվում էր՝ Գյումրու ընտրությունները Անի թաղամասի լուսավորման կամ քաղաքի փողոցների ասֆալտապատման մասին էր, բայց պարզվում է՝ նախկին նախագահների մարդիկ եկել են ու փորձում են համոզել, որ Ղարաբաղի մասին է։
«Տարիներ շարունակ Ղարաբաղ ասելով՝ Գյումրու փողոցները ցեխի մեջ թողածները, տարիներ շարունակ Ղարաբաղ ասելով՝ ժամկետային զինծառայողներից Ղարաբաղում չծառայելու համար փող կերածները և էդ իրենց կերած փողով իրենց համար առանձնատներ հետ գցածները, եկել են, ուզում են 2025 թվականին գյումրեցիներին համոզեն, թե 2025 թվին Գյումրու ընտրությունները Ղարաբաղի մասին ա։
Ղարաբաղը ձեր համար մշտապես եղել է մենակ ու մենակ ձեր գրպանները լցնելու միջոց։ Ղարաբաղը ձեր համար եղել է միջոց, որ դուք ցույց տաք, թե ինչի է ինքը վատ ապրում, իսկ դուք լավ, որ մարդուն փորձեք արդարացնել իր աղքատությունը, չքավորությունը։ Ու եկել շիրակցիներն ու գյումրեցիներին եք Ղարաբաղ ասում, նրանք սաղիցդ էլ լավ գիտեն՝ ինչ է Ղարաբաղը, որովհետև լինելով՝ ամենաաղքատ մարզերից մեկը ամենաշատ ժամկետայիններն է տվել Ղարաբաղում ծառայելու, որովհետև ձեր փայ փողը չեն կարողացել տան, որ Ղարաբաղ չընկնեն»։
Թեկնածու Սարիկ Մինասյանն էլ պարզաբանեց, որ իր փոքրիկ որդին է իրեն մղել մտնելու Գյումրու քաղաքային իշխանություն ստանձնելու ծանր բեռի տակ։
«Երկար մտածել եմ, որ չեմ կարող անտարբեր լինել նրա կյանքի, ապագայի հինգ տարիներին, չեմ կարող ամեն պատահական մարդու վստահել իմ երեխաների ապագա հինգ տարիները», -ասաց թեկնածուն։
Նա նշեց, որ իր այցերը տարբեր թաղեր ցույց են տվել, որ գյումրեցիների հիմնական բողոքը ցեխոտ փողոցներն են, նրանք աշխատանք չեն ուզում, տուն չեն ուզում, այլ խնդրում են ցեխից ազատել իրենց։
Իսկ ինքը, այս ամենին անտարբեր չլինելով, որոշել է առաջադրվել քաղաքապետի պաշտոնում։ Նա նախազգուշացրեց՝ կպատժվեն նրանք, ովքեր կփորձեն գողանալ գյումրեցիների քվեները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ