Գյումրու ՏԻՄ ընտրություններին «Կոմունիստական կուսակցության» ցուցակով մասնակցող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ամփոփիչ հանրահավաքը տեղի ունեցավ Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ Երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանի մոտ։
Այն բազմամարդ էր․ Վարդան Ղուկասյանը ծաղիկներ խոնարհեց երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին ու իր խոսքը սկսեց աղոթքով։
Նա քննադատեց երկրի իշխանությանը,ներկայացրեց քաղաքի զարգացման իր ծրագրերը, նշեց, որ 65 տարեկան է, այդ տարիքում մարդն ավելի շատ ուզում է հանգիստ ապրել, քան մտնել ընտրապայքարի մեջ, սակայն երկրի ճակատագիրը, հայոց ազգի հետ տեղի ունեցածը չպիտի անտարբեր թողնի յուրաքանչյուր հայորդու։
«Այսօրվա վարած քաղաքականությունը մտել է յուրաքանչյուրիս օջախը, յուրաքանչյուրիս գյուղը, փողոցը և տները։ Եվ հետո հանձնել ենք երկիրը մի իշխանության, որն ասում է, թե Հայոց Ցեղասպանությունը երկրորդական է մեզ համար, զինանշանի վրայից ուզում են հանեն Մասիս սարը։
Կարդացեք նաև
Մինչև արցախյան պատերազմը, մոտ 5000 սպաների, որոնք հաղթել են պատերազմը, ազատել են աշխատանքից, և նրանց փոխարեն բերել են մարդկանց, ասենք մեկը պոնչիկ սարքող է կամ ինչ-որ կոշկակար։ Բերել են ռազմական արվեստը չգիտենալով՝ հսկայական էդ կառույցները տվել են իրենց ձեռքը պատերազմի ժամանակ»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Նա քննադատեց երկրի իշխանությանը Արցախը հանձնելու ու նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության համար, ասաց՝ պայմանագրի մեջ եղած արձանագրությունը ոչ ոք չգիտի։
Քննադատեց նաև Հայաստանը 300 հազար ադրբեջանցիներով բնակեցնելու մտադրության, ռուսական ռազմաբազան հանելու ցանկության համար։
Անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից գողոնը վերադարձնելուն՝ հարցնելով․ «Ո՞ւր է այդ գողոնը, ինչ ջիփ-ջիփ, կոտլետ առ կոտլետ, հերիք չէ խաբես, կոտլետը դու կեր, երկիրը շենացրու»։
Վարդան Ղուկասյանն անդրադարձավ նաև իր մրցակիցներին ու պարզաբանեց, թե որ դեպքում կարող է կոալիցիա կազմել։
«Ես հատուկ Կոմունիստական կուսակցությունն եմ նախընտրել, որովհետև այդ կուսակցության հետևը չի կանգնած ինչ-որ նախկին առաջին համարներ, և եթե այսօր ութ թեկնածուին նայեք, հիմա արդեն պիտի ասեմ՝ ոչ մեկն անկախ չեն, ոչ մեկը, որին նայում ես, մի տեր տեսնում ես հետևը։
Եվ հիմա ես բարձրաձայնում եմ, խաչն ու Ավետարանը վկա, ինչ որ ասում եմ, ես հիմա ասում եմ մնացած թեկնածուներին, որոնք ընդդիմություն են, եթե դուք ինձանից շատ ձայն հավաքեք, որևիցե մեկդ, միանշանակ իմ ձայները տալու եմ ձեզ՝ առանց պետական պաշտոն զբաղեցնելու, բայց եթե ես հավաքեցի, դուք ինձ չմիացաք, եթե երեք հոգիդ իրար միացաք ու ինձանից շատ ձայներ հավաքած չեղաք ու ինձ ասացիք՝ պիտի մեզ միանաս՝ իմ շատ ձայներով, ես կասեմ, որ դուք համագործակցում եք ՔՊ-ի հետ և Նիկոլի դրածոներն եք։ Եթե ոչ, դուք ինձ կասեք», -ասաց Վարդան Ղուկասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ