Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, «Հայելի» ակումբում պատասխանելով հարցին, թե ինչպես է Ադրբեջանն արձագանքում Հայաստանի իշխանությունների կողմից «խաղաղություն մուրալուն», առավել եւս, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է միակողմանի ստորագրել այն, ասաց. «Ադրբեջանական կողմը երբեք չի մեկնաբանում հայկական կողմին: Հայկական կողմն է ադրբեջանական կողմին մեկնաբանում: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկերի թիմով պարբերաբար հնչեցնում է ադրբեջանական հռետորաբանություն, քաղաքական թեզեր, ադրբեջանական պահանջների լիակատար պատրաստակամություն: Եթե վերջին դեպքերից խոսենք, ապա երկու օր առաջ ԱԺ-ում ելույթի ժամանակ մի շարք հայտարարություններ հնչեցրեց, որոնք մեր համար, թերեւս, նորություն չէին: Նորություն էր այն, որ չտիրապետելով իրեն, հունից դուրս գալով՝ Փաշինյանը վիրավորական արտահայտություններով հանդես եկավ երեք նախագահների հասցեին: Եվ եթե փորձենք համեմատական անցկացնել, դրանք վիրավորական, ագրեսիայի նույն ֆոնում էին, ինչն Ալիեւը վերջին յոթ տարում պարբերաբար հնչեցնում է առհասարակ Հայաստանի, հայ ժողովրդի հասցեին: Այսինքն, տարբերություն դնել Հայաստանը օկուպացրած վարչակազմի եւ Ալիեւի հայտարարությունների միջեւ, սխալ է ե՛ւ մասնագիտական, ե՛ւ ոչ մասնագիտական հարթակում:
Ադրբեջանը իր նպատակին հասնում է՝ պարբերաբար պահանջների սանդղակը բարձրացնելով: Եվ բոլորս լավ գիտենք, որ խաղաղության պայմանագիրը, որը դարձավ համաձայնագիր, Ալիեւը նպատակ չունի ստորագրելու: Ինչո՞ւ: Որովհետեւ հետագայում այդ 17 կետը, որը հետագայում կարող է ավելանալ, պայմանավորված է Նիկոլի տվող լինելու կերպարով: Սա ուղղակի քաղաքական մեկնաբանություն է: «Տվող» ասելով՝ ի՞նչ նկատի ունեմ: Երբ որ Ալիեւն ասում է՝ Արցախը կճանաչես Ադրբեջանի մաս, Նիկոլը տալիս է այդ հայտարարությունը, երբ որ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմն ասաց՝ հայկական զորքերը դուրս գան, իրենց մեկնաբանմամբ, «ադրբեջանական տարածքներից», Նիկոլ Փաշինյանը հայկական տարածքները տվեց թշնամուն: Այսինքն, ստացվում է, որ ինքը դառնում է «տվող Նիկոլ»,-ասաց Գառնիկ Դավթյանը:
Խոսելով Արցախի լիակատար շրջափակումից առաջ եւ հայաթափումից հետո տեղեկատվական դաշտում տիրող իրավիճակի մասին՝ ադրբեջանագետն ասաց, որ եթե այն ժամանակ ադրբեջանական կողմից պայքար էր նկատվում հայկական կողմին գերազանցելու համար, հիմա հանգիստ մթնոլորտ է տիրում, եւ ադրբեջանական թեզերը, սկսած Հանրապետության հրապարակում ադրբեջանցու հայտնվելուց, մինչեւ ադրբեջանցի պաշտոնյաների ամենալուրջ հայտարարությունները, հայտնվում են մեր մեդիա տիրույթում: Սա հստակ ցուցիչ է, որ ներկայիս իշխանությունը Հայաստանը Ադրբեջանի վերածելու նպատակ ունի:
Որեւէ պետություն, որն արտաքին քաղաքականության սեփական տեսլականն ունի, ինչը կախված է ազգային, պետական շահերից, փորձ է անում դիմակայել թշնամի պետության որեւէ թեզի, քաղաքական հայտարարության, քարոզչության ներմուծմանը: Ես չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գրվում եւ սղագրվում են Ադրբեջանում կամ Թուրքիայում»,-ասաց Գառնիկ Դավթյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ